Սուրեն Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1974(1974-07-08) (49 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԿուբանի պետական համալսարան
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունկենդանաբան, chiropterologist, քաղաքական գործիչ և Շրջակա միջավայրի պաշտպան
ԿուսակցությունՅաբլոկո
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ
 Suren Gazaryan Վիքիպահեստում

Սուրեն Վլադիմիրի Ղազարյան (ռուս.՝ Сурен Владимирович Газарян, հուլիսի 8, 1974(1974-07-08), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայ հասարակական գործիչ, Հյուսիսային Կովկասի շրջակա միջավայրի պահպանության խորհրդի նախկին անդամ[2]։ Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ։

Գոլդմանի միջազգային բնապահպանական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ղազարյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին, Կրասնոդարում։ 1993 թվականից սկսել է ակտիվորեն զբաղվել սպելեոլոգիայով։ Ինքնուրույն, Կրասնոդարի սպելեոխմբակի կազմում, Մոսկվայի պետական համալսարանի սպելեոակումբի հետ միասին, ուսումնասիրել է կովկասյան շատ քարանձավներ։ Ուսումնասիրության ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձրել չղջիկների կենսապայմանների ուսումնասիրության և նրանց պաշտպանության հարցերին։ 2001 թվականին ընտրվել է Ռուսաստանի քարանձավաբանների միության քարանձավների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի սպելեոլոգների միության համակարգող է[3]։ 1996 թվականին ավարտել է Կուբանի պետական համալսարանը, 2001 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Սեվերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ Ատենախոսությունը պաշտպանել է «Արևմտյան Կովկասում չղջիկների (Chiroptera) բնակեցման էկոլոգիական և ֆաունիստական վերլուծությունը» թեմայով[4] և ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, կենդանաբանի մասնագիտությամբ։ 2004 թվականից մինչև 2012 թվականի վերջը, մինչև Էստոնիա մեկնելը, աշխատել է ՌԳԱ-ի Կաբարդինո Բալկարիայի գիտական կենտրոնի լեռնային տարածքների էկոլոգիայի ինստիտուտում` որպես ողնաշարավոր կենդանիների բազմազանության լաբորատորիայի ավագ հետազոտող։ Հրապարակել է ավելի քան 60 գիտական աշխատանք։ Եղել է Ռոստովի մարզի, Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի, Ադիգեայի հանրապետության, Կրասնոդարի երկրամասի Կարմիր գրքերի հեղինակային խմբի անդամ։ Ռուսաստանի ներկայացուցիչն է UNEP / Eurobats միջազգային պայմանագրի գիտական կոմիտեում։

2004 թվականին դարձել է «Բնապահպանական հերթափոխ Հյուսիսային Կովկասում» հասարակական կազմակերպության անդամ։ 2005 թվականից այս կազմակերպության խորհրդի անդամ է։ 2015 թվականի ապրիլին լքել է Էկոհերթափոխը «անձնական հիգիենայի նկատառումներից ելնելով»[5]։ Նրա հեռանալու պատճառը համակարգող Անդրեյ Ռուդոմախայի գործողություններն էին, ով «այդպես էլ չհասկացավ, որ մարդիկ և հեղինակությունն ավելի կարևոր են, քան անձնական հավակնությունները»[6]։

Պաշտպանելով բարենպաստ միջավայրի համար քաղաքացիների իրավունքները՝ նա կարողացել է կանխել օլիմպիական օբյեկտների կառուցումը Սոչիի ազգային պարկում, Կովկասյան բնության արգելոցում գտնվող Լուննայա Պոլյանայի նստավայր, ՌԴ Նախագահի աշխատակազմի ֆիզկուլտուրային առողջության կենտրոն և Մեծ Ուտրիշի վայրի բնության հատուկ պահպանվող տարածք տանող ճանապարհների կառուցումը։ Նրա ուժերով չեղյալ համարվեցին բազմաթիվ վտանգավոր արտադրությունների կառուցման վերաբերյալ որոշումները։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականների կեսերից ԶԼՄ-ները Ղազարյանի մասին գրում էին որպես Կուբանի և Կովկասի բնության և մշակույթի հուշարձանների ակտիվ պաշտպան։ 2005-2006 թվականներին նա ղեկավարել է «Համաշխարհային ժառանգության Արևմտյան Կովկասի խոցելի չղջիկների պահպանության գործողությունների ծրագիր» բնապահպանական նախագիծը[7]։ 2005 թվականին մամուլում հանդես գալով՝ նա ներկայացրել է Սոչի քաղաքի Խոստայի շրջանում գտնվող պալեոլիթի հուշարձաններ հանդիսացող երկու քարանձավների ծանր վիճակի մասին։ Բնապահպանի տվյալներով՝ հուշարձանները ոչնչացման սպառնալիքի տակ էին գտնվում վարձակալների գործողությունների պատճառով, որոնք տուրիստներից գումարներ էին գանձում քարանձավներ այցելելու և պալեոլիթի հուշարձանները «բարեկարգելու» համար, հողի հետ միասին փորփրում էին հնագիտական գտածոներով հարուստ մշակութային շերտը[8]։

Ղազարյանը լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածել Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար օբյեկտների կառուցման հետ կապված Կրասնոդարի երկրամասի բնությանը սպառնացող վտանգի մասին։ 2009 թվականին, Անդրեյ Ռուդոմախայի հետ միասին, նա կալանավորվեց այն բանից հետո, երբ ակտիվիստները մի քանի ժամ կանխեցին Ադլեր - Կրասնայա Պոլյանա ճանապարհի շինարարության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված ծառերի ապօրինի հատումները։ Ղազարյանի և Ռուդոմախայի դեմ կազմվել էին արձանագրություններ՝ «ոստիկանության աշխատողի օրինական պահանջներին չենթարկվելու» և «սահմանային ռեժիմը խախտելու» կեղծ մեղադրանքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Ղազարյանը վնասվել էր սղոցից, ապօրինի ծառահատումներին միջամտելու ընթացքում[9][10]։ Բացի այդ, Ղազարյանը դեմ էր Սոչիի ազգային պարկի տարածքում շինարարական կրաքարի ապօրինի արդյունահանմանը[11], ինչպես նաև տարածում էր տեղեկատվություն օլիմպիական Սոչիի աղբավայրի կառուցման վտանգի մասին, որի շինարարությունը թույլատրվել էր Կրասնոդարի երկրամասի իշխանությունների կողմից[12]։

2009 թվականի հունվարին Ղազարյանը Մեծ Ուտրիշի վայրի բնության հատուկ պահպանվող տարածքում ՌԴ նախագահի աշխատակազմի նստավայր տանող ճանապարհի ապօրինի շինարարության, շրջափակման ղեկավարներից էր։ Ճանապարհի շինարարությունը դադարեցվել է և մինչ օրս չի կառուցվել։ 2010 թվականին Ղազարյանը դատական հայց ներկայացրեց, որի արդյունքում չեղարկվեց այս ճանապարհի կառուցման նախագծի պետական բնապահպանական փորձաքննության հաստատման մասին հրամանը, ինչն անհնարին դարձրեց դրա շինարարության օրինական շարունակումը[13]։ 2010 թվականի դեկտեմբերի 12-ին, Ուտրիշի պաշտպանության համար ցույցի ժամանակ, նա ձերբակալվեց Անդրեյ Ռուդոմախայի և Դմիտրի Շևչենկոյի հետ միասին։ Ձերբակալման ժամանակ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական ուժ գործադրեցին, իսկ լեյտենանտ Կուշչևսկին հայտարարել էր, որ Ղազարյանը կծել է իր ձեռքը[14]։ Այնուամենայնիվ, Քննչական կոմիտեի հետաքննությունը Ղազարյանի գործողություններում հանցակազմ չէր գտել, և 2011 թվականին Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանի դատարանի որոշմամբ ոստիկանության աշխատակիցների գործողությունները Ղազարյանին և Շևչենկոյին ձերբակալելու ժամանակ անօրինական էին ճանաչվել[15]։

2012 թվականի գարնանը, Ղազարյանի և Ռուսական Գրինփիսի համատեղ գործողությունների արդյունքում, դատախազությունը դադարեցրեց «Շրջակա միջավայրի հետազոտության համար նյութեր պատրաստելու» մրցույթը` Մեծ Ուտրիշ պետական արգելոցը լուծարելու և Աբրաուսկի արգելոցի սահմաններն ու տարածքը փոխելու վերաբերյալ»[16]։ 2010-2011 թվականներին Ղազարյանը, «Հյուսիսային Կովկասի Էկոլոգիական հերթափոխ» կազմակերպության մյուս մասնակիցների հետ մեկտեղ, աջակցում էր Տուապսեի բնակիչների պահանջներին, ովքեր դեմ էին Եվրոքիմի Տուապսեյի տերմինալի շահագործմանը, որտեղ պետք է կազմակերպվին «չոր հատիկավոր պարարտանյութերի բեռնափոխադրման աշխատանքները»։ Բնապահպանների և տեղի բնակիչների կարծիքով, դա կարող է վատթարացնել Տուապսեի էկոլոգիական իրավիճակը։ Սակայն, Եվրոքիմի ներկայացուցիչները պնդում էին, որ տերմինալը կառուցվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և որևէ սպառնալիք չի ներկայացնում[17]։ 2011 թվականի օգոստոսից այն սկսեց իր աշխատանքը։

2012 թվականի հուլիսի 7-ի գիշերը Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, որի արդյունքում զոհվեց ավելի քան 170 մարդ։ Ամենից շատ կորուստները՝ գրեթե 150 մարդ, զոհվել էին Կրիմսկ քաղաքում[18][19]։ Ղազարյանը ողբերգությունից անմիջապես հետո եկավ Կրիմսկ՝ տեղի բնակիչներին օգնելու համար[20]։ Լրատվամիջոցները հրապարակեցին ենթադրություններ, համաձայն որոնց աղետը տեխնոգեն բնույթ ուներ և կարող էր առաջանալ Նեբերջաևսկի ջրամբարից ջրի բացթողման արդյունքում։ Ղազարյանը հերքեց այս վարկածը՝ պնդելով, որ Կրիմսկը և հարևան Նիժնեբականսկայա գյուղը «դատապարտված են ջրհեղեղի գետի հեղեղատի մեջ գտնվելու պատճառով»։ Նրա կարծիքով, «առասպելական յոթ մետրանոց ալիքը», որը հանկարծակի հարվածեց Կրիմսկին, ձեռնտու էր տեղական իշխանություններին «որպես նրանց անգործության արդարացում»[21][22]։ Նույն թվականին նա հանդես եկավ Ռուսաստանում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրման արգելքի դեմ[23]։

Քրեական գործ «Տկաչովի ամառանոցի» ցանկապատի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն հայտնի դարձան ձերբակալությունների և հետապնդումների փաստեր կապված Գոլուբայա ծովածոցում (Ջուբգա գյուղի մոտակայքում) Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովի ամառանոցի կառուցման նպատակով անտառային ֆոնդի և ափամերձ գոտու հողերի բռնազավթման դեմ Ղազարյանի կողմից կազմակերպված հասարակական արշավներին մասնակցելու համար։ 2011 թվականի փետրվարին Տկաչովի ամառանոցի մոտ կազմակերպված ակցիային մասնակցելու համար Սուրենը, «Հյուսիսային Կովկասի Էկոլոգիական հերթափոխ» կազմակերպության երեք այլ ակտիվիստների հետ միասին, 7 օրով ձերբակալվեցին «ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու» մեղադրանքով[24] ... 2011 թվականին, քաղաքացիական ակտիվիստների խմբի հետ միասին, նա մասնակցել էր Տկաչովի ամառանոցի ցանկապատի վրա «Սանյան գող է», «Անտառը ընդհանուր է» գրառումներ կատարելու ակցիային[25]։

Դրանից հետո նա «Հյուսիսային Կովկասի էկոլոգիական հերթափոխի» ակտիվիստ Եվգենի Վիտիշկոյի հետ միասին դարձավ «Տկաչովի ամառանոցի» ցանկապատի քրեական գործի գլխավոր մեղադրյալներից մեկը[26]։ Այս գործը հարուցվել էր 2011 թվականի դեկտեմբերին, «խուլիգանական դրդապատճառներից ելնելով «ցանկապատին վնաս պատճառելու համար», իսկ մեղադրյալներից մեկը Ղազարյանն էր[27]։ 2012 թվականի մայիսին Ղազարյանի և Վիտիշկոյի վերաբերյալ դատավարություն սկսվեց[28][29], որի արդյունքում՝ նրանք դատապարտվեցին երեք տարի պայմանական ազատազրկման՝ երկու տարի փորձաշրջանով[30]։ Քաղբանտարկյալների հետ համերաշխության միությունը Սուրեն Ղազարյանին և Եվգենի Վիտիշկոյին ճանաչեց որպես «քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձինք»[31]։

Քրեական գործ «Պուտինի պալատի» վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդոկոպաս հրվանդանի վրա ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ պալատն ի սկզբանե կառուցվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի կառավարչության համար։ Բյուջեի հաշվին կառուցվել են դեպի պալատ գնացող ճանապարհը, գազատարը և էլեկտրահաղորդման գիծը, սակայն 2011 թվականին այն սեփականաշնորհվել է «Ինդոկոպաս» ՍՊԸ-ին հողամասի հետ միասին (ըստ օրենքի, արգելվում է Գելենջիկի հանգստավայրի հողերը սեփականաշնորհել)։ Պալատի կառուցման ֆինանսավորման ապօրինությունների սխեման բացահայտել է Սերգեյ Կոլեսնիկովը նախկին նախագահ Մեդվեդևին դեկտեմբեր ամսին ուղղված իր նամակում, որը մնացել է անպատասխան։ Անպատասխան են մնացել նաև «Էկոլոգիական հերթափոխի» և «Գրինփիսի» դիմումները պալատի տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելու վերաբերյալ, որոնց վնասը գերազանցել է 2,7 միլիարդ ռուբլին։ 2011 թվականի փետրվարին Իդոկոպաս հրվանդանի պալատի մոտ Սուրեն Ղազարյանը Դմիտրի Շևչենկոյի և Եկատերինա Սոլովյովայի հետ միասին նախ ձերբակալվել է անվտանգության դաշնային ծառայության կողմից, ապա կողոպտվել  «Ռուբին» մասնավոր պահպանության ընկերության պահակախմբերի կողմից[32]։ Փորձելով պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ՊԴԾ ավագ լեյտենանտ Ալբերտ Նիկիտինին ապօրինի կալանքի համար՝ Սուրեն Ղազարյանը դատական հայց է ներկայացրել։ Դատարանը եկել է շատ հետաքրքիր եզրակացության, որ  ՊԴԾ ավագ լեյտենանտ Նիկիտինը և այս ծառայության համազգեստ հագած այլ անձինք, ըստ էության, «Ռուբին» մասնավոր պահպանության ընկերության աշխատակիցներ են, ովքեր «աշխատանքային ժամից դուրս քողարկվել են տարատեսակ համազգեստներով, որոնք գնվել են զինվորական առևտրի ցանցից»[33]։ Այս դեպքից հետո «պալատը» սեփականատիրոջ՝ «Ինդոկոպաս» ՍՊԸ-ի հետ միասին վերավաճառվել է կիպրական ինչ-որ ընկերության, որի սեփականատերն է համարվել գործարար Ալեքսանդր Պոնոմարենկոն։ Բայց, ըստ Սերգեյ Կոլեսնիկովի, Վլադիմիր Պուտինը մնում է այս օֆշորի իրական սեփականատերը[34]։

Ենթադրաբար, Պուտինը հայտնվել է «Պալատում» դրա վաճառքից հետո, 2011 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանային ծառայության կողմից արգելվել է քաղաքացիական նավարկությունը Կրինիցա և Պրասկովեևկա ավանների միջև։ Պարեկային նավերի ու առափնյա պահպանության նավերի պահպանության ներքո Սոչիից մոտեցել է Պուտինին պատկանող «Olympia» զբոսանավը։ Պալատի և զբոսանավի միջև նավարկել է մոտորանավակ, որով  մարդկանց են տեղափոխել։ Պրասկովեևկայի «Պալատի» մոտ Պուտինի լողանալու պատմությունը լայն հնչեղություն է ստացել։ Ըստ ամենայնի, սա էլ պատճառ է դարձել, որ Մոլոկանովյան կիրճի գետաբերանում նոր հանգրվան կառուցվի, որը քողարկված է կողմնակի անձանց տեսադաշտից։

2012 թվականի օգոստոսի սկզբին Սուրեն Ղազարյանը և քաղաքացիական ակտիվիստները փորձել են ափով անցնել մինչ նավամատույցը, որի մոտակայքում նոր հանգրվան էր կառուցվում։ «Ռուբին» մասնավոր պահպանության ընկերության պահակները փակել են նրանց ճանապարհը։ Պահակներին հրամայվել է պատ կազմել և թույլ չտալ, որ նրանք առաջ գան։ Չցանկանալով ագրեսիա հրահրել ՝ Սուրեն Ղազարյանն ու ակտիվիստները շուտով հեռացել են, իսկ հաջորդ օրը նրանք լողալով մոտեցել են լողացող կռունկին։

Այսպիսով, հնարավոր է եղել պարզել, որ նավամատույցի շինարարությունն իրականացնում է «Ալեքսանդր Չերնոուսով» լողացող կռունկը, որը, պատկանում է «Ռուսաստանի հատուկշին» դաշնային պետական ունիտար ձեռնարկությանը։ «Ներքին ծովային ջրերի մասին» օրենքի համաձայն, Սևծովյան ջրերում ցանկացած աշխատանքների նախագիծ պետք է անցնի պետական էկոլոգիական փորձաքննություն, ինչպես նաև հանրային քննարկումների ընթացակարգ։ Հասկանալի պատճառներով ոչ-ոք հանրային քննարկումներ չի անցկացրել Պուտինի զբոսանավի նավամատույցի նախագծի վերաբերյալ, և շինարարությունն իրականացվել է ապօրինի կերպով։               

2012 թվականի օգոստոսին գործ է հարուցվել 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սպանության սպառնալիքներ կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու» հատկանիշներով։ Դիմումը ստորագրել են «Պուտինի պալատի» պահակները, ովքեր պնդել են, որ Սուրենը «սպառնացել է սպանել» պահակախմբի երեք զինված անդամներին, նրանց վրա քարեր նետելով և սպառնալով ֆիզիկական բռնությամբ։ Այն հայտնաբերվել է տեսչական ստուգումից հետո, որի ընթացքում Ղազարյանը պարզել է, որ իրականացվում է ապօրինի շինարարություն Սև ծովում՝ «Պալատի» հարևանությամբ և կառուցվում է նավամատույց զբոսանավի համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ին Սուրենի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել ՌԴ Քննչական կոմիտեի կողմից[35]։

2012 թվականի դեկտեմբերի 21-ին Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հաղորդել է, որ Սուրեն Ղազարյանը լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Ըստ Ղազարյանի՝ ինքը «անցել էր Ուկրաինայի սահմանը, այնտեղից մեկնել է Վրաստան», որից հետո «հյուրընկալվելու վիզա է խնդրել Էստոնիայից և դիմել միջազգային պաշտպանության համար»[36]։ Դիմումից վեց ամիս անց նա ստացել է քաղաքական ապաստան Էստոնիայում[37], այնուհետև աշխատանքի անցել Բոննում (Գերմանիա) ՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրում, եվրոպական չղջիկների պոպուլյացիայի  պաշտպանության մասին համաձայնագրի քարտուղարությունում (UNEP / EUROBATS)[38]:

Քաղաքական փախստականի կարգավիճակ ստանալուց երկու օր անց Ղազարյանը, պատասխանելով DW- ի լրագրողի այն հարցին, թե իր ընտանիքը մնացել  է Ռուսաստանում, ասաց․ «Երբ ես հեռացա, ճնշումների փորձեր եղան, բայց հետո դրանք դադարեցին։ Այնպես որ, նրանք ապրում են բավականին հանգիստ», իսկ այն հարցին, թե արդյոք նա այդ ժամանակվանից տեսել է իր ընտանիքը, նա պատասխանեց. «Երեխաները եկել էին ինձ այցելության ձմեռային արձակուրդներին»[39]։

Պարգևներ և շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ղազարյանին շնորհվել է հատուկ մրցանակ «Ռուսաստանի բնության պահպանության համար», որը սահմանվել է Ռուսաստանի Դաշնության պետական դումայի Կայուն զարգացման խորհրդի կողմից Ռուսաստանի էկոլոգիական միության և «Ռոսէկոպրես» ասոցիացիայի հետ համատեղ[40]։

2012 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել բնապահպանության աշխատանքային խմբի անդամ Սուրեն Ղազարյանին` Խորհրդի աշխատանքներում ակտիվ ներդրման համար[41]։

2013 թվականի հունիսի 6-ին Ղազարյանը դարձել է Ռուսաստանի ամենամյա ազգային բնապահպանական մրցանակի դափնեկիր՝ արժանանալով «էկոլոգիայի և քաղաքացիական հասարակության» մրցանակի[42]։

2014 թվականին Սուրեն Ղազարյանին շնորհվել է «Գոլդման»-ի (The Goldman Environmental Prize) բնապահպանական մրցանակը[43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.goldmanprize.org/recipient/suren-gazaryan/
  2. Об «Экологической вахте» Արխիվացված 2021-04-19 Wayback Machine // «Экологическая вахта по Северному Кавказу», 2011
  3. Газарян Сурен Владимирович. Suren V. Gazaryan // Рабочая группа по рукокрылым
  4. Газарян, Сурен Владимирович - Эколого-фаунистический анализ населения рукокрылых (Chiroptera) Западного Кавказа : диссертация ... кандидата биологических наук : 03.00.08 - Sea...
  5. «Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  6. ««Экологическая вахта по Северному Кавказу» оказалась на грани раскола». adigeatoday.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  7. С. В. Газарян. План действий по сохранению уязвимых рукокрылых Всемирного Наследия «Западный Кавказ». // Российская рабочая группа по рукокрылым (zmmu.msu.ru). — 2006
  8. На Кубани под угрозой уничтожения находятся две палеолитические пещеры. Արխիվացված 2015-06-24 Wayback Machine// ИА REGNUM, 25.11.2005
  9. Евгений Титов. Сочинская резня бензопилой. Արխիվացված 2015-06-24 Wayback Machine //Новая газета, 24.08.2009. — № 92
  10. на крючке. // Каспаров. Ru, 12.10.2009
  11. Сочинский нацпарк: олимпийское обрезание в карьерных целях. // Блог Сурена Газаряна (gazaryan-suren.livejournal.com), 17.06.2012
  12. Отравит ли губернатор Ткачёв олимпийский Сочи? // Блог Сурена Газаряна (gazaryan-suren.livejournal.com), 20.12.2011
  13. Утриш // Радио Свобода, 07.02.2012
  14. В Краснодаре эколог-«енот» искусал милиционера//Югополис 13.12.2010
  15. Утришский енот выиграл суд у краснодарской милиции//Югополис 13.12.2010
  16. Границы заказника «Большой Утриш» в Краснодарском крае защитила прокуратура. // Кавказский узел, 30.03.2012
  17. Еврохим не интересуется мнением правящего юриста россии. Արխիվացված 2016-03-10 Wayback Machine // Энциклопедия среды обитания (eco-nomos.ru), 29.07.2011
  18. Пучков: система оповещения населения Кубани не сработала.(չաշխատող հղում) //BFM.ru, 09.07.2012
  19. О ходе расследования уголовных дел, возбуждённых по фактам массовой гибели людей вследствие наводнения в Краснодарском крае. Արխիվացված 2012-08-14 Wayback Machine// Следственный комитет Российской Федерации, 10.07.2012
  20. Эколог Сурен Газарян: «В Крымске нет питьевой воды».(չաշխատող հղում) // Телеканал «Дождь», 07.07.2012
  21. Газарян: Сброс с Неберджаевского водохранилища не мог стать причиной паводка. Արխիվացված 2012-07-12 Wayback Machine // ИА «Живая Кубань», 08.07.2012
  22. Крымск: тряпки в русле и семиметровая волна. // Блог Сурена Газаряна (gazaryan-suren.livejournal.com), 25.07.2012
  23. Ряд российских общественных деятелей выступил против запрета фильма "Невинность мусульман" // Интерфакс-Религия, 01.10.2012
  24. В Туапсе четверо экологов приговорены к административному аресту Արխիվացված 2013-12-21 Wayback Machine // «Кавказский Узел», 28.02.2011
  25. Активисты «Яблока» сломали забор на даче Ткачёва Արխիվացված 2022-03-04 Wayback Machine // «Первое Интернет-телевидение», 14.11.2011
  26. Эколог Газарян сообщил, что его объявили в розыск // журнал «ЭкоГрад», 16.12.2012
  27. После общественной инспекции на даче Ткачёва началось уголовное преследование активистов «Экологической вахты» // «Экологическая вахта по Северному Кавказу», 22.12.2011
  28. «Золотой» забор Ткачёва Արխիվացված 2012-12-27 Wayback Machine // «Росбалт», 15.05.2012
  29. Газарян: суд по делу о заборе «дачи Ткачёва» проходил в экстремальных условиях // «Кавказский узел», 22.06.2012
  30. Экологам из Сочи дали 3 года условно за порчу «забора А. Ткачёва» Արխիվացված 2014-02-14 Wayback Machine // «Кавказский Узел», 28.02.2011
  31. Экологи Газарян и Витишко признаны жертвами политики // «Росбалт», 05.05.2012
  32. Активисты «ЯБЛОКА» ограблены ФСО на «даче Путина». // РОДП «ЯБЛОКО» от 12.02.2011
  33. Мой суд с ФСО: дворец Путина охраняют «оборотни» в погонах ФСО. Погоны куплены в сети военторгов. // Блог Сурена Газаряна (gazaryan-suren.livejournal.com), 1.07.2011
  34. Бизнесмен Сергей Колесников — о продаже «Дворца Путина» Արխիվացված 2012-09-03 Wayback Machine // Радио Свобода 29.09.2012
  35. Сурен Газарян был объявлен в федеральный розыск ещё 16 ноября
  36. «Эколог Газарян о "даче Ткачёва" и своей эмиграции - BBC Русская служба» (ռուսերեն). BBC Русская служба. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  37. Эколог Газарян: чем больше людей знают, где я нахожусь, тем мне безопаснее
  38. «Поуехали тут: как обустроились эмигранты из России» (ռուսերեն). The Insider. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  39. Михаил Бушуев (13.06.2013). «Эколог Газарян: Быть политэмигрантом - не привилегия». Deutsche Welle.
  40. Госдума наградила активиста «Яблока» С. Газаряна за охрану природы России. // РОДП «ЯБЛОКО», 28.10.2011
  41. Президентский совет вручил Сурену Газаряну благодарственное письмо Արխիվացված 2015-06-24 Wayback Machine//Инфоротор, 18.05.2012
  42. Сурен Газарян получил Национальную Экологическую премию. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // Гринпис России, 06.06.2013
  43. An internationally recognized bat expert and zoologist, Suren Gazaryan led multiple campaigns exposing government corruption and illegal exploitation of federally protected forestland along Russia’s Black Sea coast.. // The Goldman Environmental Prize, 2014
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Ղազարյան» հոդվածին։