Սոցիալական ծուլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական ծուլություն, մարդկանց ավելի քիչ ջանքեր գործադրելու միտումն այն դեպքում, երբ նրանք միավորում են իրենց ջանքերն ընդհանուր նպատակի համար, քան երբ նրանք անհատական ​​պատասխանատվություն են կրում[1]։ Այս երևույթն ուսումնասիրվում է սոցիալական հոգեբանության մեջ։

Սոցիալական ծուլության ֆենոմենին նվիրված են մի շարք աշխատություններ, որոնց թվում առավել հայտնի են Մաքս Ռինգելմանի, Բիբ Լատանեի, Քիփլինգ Ուիլյամսի և Սթիվեն Հարքինսի ուսումնասիրությունները։

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հետազոտությունները նույնպես հաստատել են սոցիալական ծուլության դրսևորումը։ Այս երևույթի շատ պատճառներ բխում են անհատի այն զգացումից, որ իր ջանքերը խմբի համար նշանակություն չեն ունենա[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանը քաշելու գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինգելմանի գիտափորձը ցույց է տվել, որ որքան շատ մասնակիցներ են ձգում պարանը, այնքան ավելի ցածր է յուրաքանչյուր մարդու գործադրած առավելագույն հնարավոր ջանքը։

Սոցիալական ծուլության երևույթի ուսումնասիրությանը նվիրված առաջին աշխատություններից մեկը Մաքս Ռինգելմանի աշխատությունն էր (1913 թվական), որը հայտնի է որպես Ռինգելմանի էֆեկտ։ Գիտնականը մի շարք գիտափորձեր է անցկացրել անհատների խմբերի վրա, որոնք տեղեկացված չեն եղել ընդհանուր արդյունքի մեջ իրենց ներդրման թաքնված չափման մասին։ Հետազոտության ընթացքում նա պարզել է, որ խմբի կազմում պարանը քաշելիս մասնակիցներն ավելի քիչ ջանքեր են գործադրել, քան անհատական աշխատանքի ժամանակ[4][5]։

1974 թվականին Ալան Ինգամի գլխավորած հետազոտողների խումբը կրկնեց Ռինգելմանի փորձը՝ օգտագործելով երկու տեսակի խմբեր. 1) իրական մասնակիցներով խմբեր (ըստ Ռինգելմանի մեթոդի), 2) կեղծ խմբեր՝ մեկ իրական մասնակցով։ Կեղծ խմբում հետազոտողների օգնականները նմանակում էին պարանը քաշելու աշխատանքը, բայց իրականում միայն մեկ մարդ էր ղեկավարում պարանը։ Արդյունքները ցույց են տվել, որ այն խմբի ձեռքբերումները, որի անդամներն իսկապես ջանք են գործադրել, շատ ավելի ցածր են, քան կեղծ խմբի ձեռքբերումները։ Քանի որ կեղծ խմբերը զուրկ էին թիմի ներսում համաձայնեցվածությունից (որովհետև հետազոտողների օգնականները ֆիզիկապես չէին քաշում պարանը), Ինգամն ապացուցեց, որ մասնակիցների միջև հաղորդակցությունն ինքնին չի արտացոլում արդյունքի հնարավոր անկումը. մոտիվացիայի կորուստը արտադրողականության անկման ավելի հավանական պատճառ է հանդիսանում[6]։

Ծափահարություններով գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբ Լատանեն, Քիփլինգ Ուիլյամսը և Սթիվեն Հարքինսը չեն դադարեցրել այս ֆենոմենն ուսումնասիրելու այլ եղանակների որոնումը։ Գիտափորձերը կատարվել են կիսաշրջանի ձևով նստած վեց հոգանոց խմբի վրա։ Գիտափորձի մասնակիցները նստել են կապված աչքերով և ականջակալներով։ Ականջակալների միջոցով մասնակիցների խմբի համար հեռարձակվել են խլացուցիչ ծափահարություններ և ճիչեր։ Մասնակիցները զրկված են եղել իրենց կամ ուրիշների ճիչերն ու ծափահարությունները լսելու հնարավորությունից։ Գիտափորձի սցենարի համաձայն՝ խմբի անդամները պետք է միայնակ կամ ուրիշների հետ միասին «ամբողջ ուժով» բղավեին կամ ծափահարեին։ Ենթադրվում էր, որ մասնակիցներից յուրաքանչյուրն ավելի բարձր կգոռա, քանի որ իրեն անկաշկանդ կզգա։ Իրականում սոցիալական ծուլությունն իրեն դրսևորել է ամբողջությամբ. գիտափորձի մասնակիցները, բղավելով կամ ծափահարելով, երեք անգամ ավելի քիչ աղմուկ են առաջացրել, քան նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին։ Սակայն, ինչպես նշել են իրենք՝ գիտափորձի մասնակիցները, երկու դեպքում էլ իրենք «նույն ջանքն են գործադրել»[7][8]։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Փ. Էրլին 1989 թվականին իրականացրել է սոցիալական ծուլության ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այս երևույթի վրա մշակութային գործոնի ազդեցությունը։ Գիտափորձին մասնակցել են արևմտյան (ինդիվիդուալիստական) և ասիական (կոլեկտիվիստական) տիպի մշակույթներ ունեցող անհատների խմբեր։ Ինդիվիդուալիստական մշակույթը բնորոշվում է նրանով, որ դրանում նրա անդամների ինդիվիդուալ նպատակները ոչ պակաս (եթե ոչ ավելի) կարևոր են, քան խմբային նպատակները։ Իսկ կոլեկտիվիստական ​​մշակույթում, ընդհակառակը, խմբային նպատակները գերակայում են ինդիվիդուալիստական նպատակներին։ Էրլին ենթադրել է, որ սոցիալական ծուլությունը կարող է ավելի քիչ արտահայտված լինել կոլեկտիվիստական ​​մշակույթներում, որոնք կենտրոնանում են խմբի, ոչ թե առանձին անհատների կողմից ընդհանուր արդյունքի հասնելու վրա։ Հետազոտության ընթացքում նա ցույց է տվել, որ չինացի մենեջերները, երբ կատարում էին մեկժամանոց մի շարք առաջադրանքներ, ավելի ջանասիրաբար են աշխատում խմբում, քան ամերիկացի մենեջերները, որոնք միայնակ աշխատելիս ավելի շատ ջանքեր են գործադրում[9]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարողությունների գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որքան մեծ է խմբի անդամների թիվը, այնքան մասնակիցներից յուրաքանչյուրը հակված է իրեն ապանձնավորված զգալու։ Այս եզրույթը սահմանում է խմբում անհատի անձնական պատասխանատվության նվազումը, ինչը հանգեցնում է խմբերում անհատների կողմից գործադրվող ջանքերի նվազմանը։ Այսպիսով, այս երևույթը կարող է նվազեցնել խմբի ընդհանուր արդյունավետությունը։ Անհատը կարող է իրեն «ամբոխի մեջ մոլորված զգալ»՝ հավատալով, որ իր ջանքերը չեն պարգևատրվի[7]։

Ընդհանուր արդյունքի վրա ազդեցության աննշանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատների մեծ կազմ ունեցող խմբում նրանցից յուրաքանչյուրը հակված է հավատալու, որ իր ներդրումն ընդհանուր արդյունքի մեջ աննշան է և էական ազդեցություն չի ունենում արդյունքի վրա։ Հավատալով, որ իր ջանքերը կարևոր չեն ընդհանուր խմբի համատեքստում, նա նվազագույն ջանքեր է գործադրում։ Այս մոտեցման պատկերավոր օրինակ է Միացյալ Նահանգներում քվեարկությունը, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ ընտրությունների ժամանակ քվեարկությունը կարևոր ընթացակարգ է, սակայն նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցող քաղաքացիների տոկոսը շատ ցածր է (2000 թվականի ընտրությունների ժամանակ այն կազմել է 51%)[10]։ Հավատալով, որ իրենց ձայնն այդքան էլ նշանակալի չէ միլիոնավոր այլ մարդկանց մեջ, մարդիկ նախընտրում են ընդհանրապես չգնալ ընտրություններին։

Սոցիալական ծուլության մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբաններն ու սոցիոլոգներն արդեն երկար ժամանակ զբաղվում են այս երևույթի ուսումնասիրություններով։ Իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք բացահայտել են բոլոր տեսակի օրինաչափությունները՝ անհատների կողմից սոցիալական ծուլության դրսևորման մեջ։

Հետազոտական բազայի հիման վրա ձևավորվել են մի քանի ուղղություններ, որոնք կազմում են սոցիալական ծուլության սեփական մոդելները։

Ռ. Է. Քիդվելի-Ն. Բենեթի մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մոդելի հիմքում Դ. Նոուքի մոտիվացիայի սինթեզող մոդելն է[11]։ Այս երկու մոդելներն էլ ուսումնասիրում են աշխատողների անդամների և, ընդհանուր առմամբ, արտադրական խմբերի վարքագիծը՝ շեշտը դնելով աշխատողների մոտիվացիայի վրա։

Այս մոդելը առանձնացնում է գործոնների մի քանի խմբեր, որոնք ազդում են սոցիալական ծուլության դրսևորման աստիճանի վրա.

  • խմբերի կառուցվածքի ինքնատիպությունն ու առանձնահատկությունները։ Աշխատակազմի փոփոխության հաճախականությունը, աշխատողների թիվը, թիմում գտնվելու տարբեր ժամանակահատվածները։ Այս ամենը կարող է ազդել բարեխիղճ աշխատանքի մոտիվացիայի մակարդակի վրա,
  • արտադրական խմբի անդամների միջև փոխհարաբերություններ և փոխգործակցություններ։ Նման հասարակության ներսում հաստատված արդարության փաստը դրականորեն է ազդում մոտիվացիայի վրա
  • կատարված աշխատանքի բնույթը, դրված առաջադրանքների հստակությունը։ Բացի այդ՝ աշխատանքային խմբում սոցիալական ծուլությունը կնվազի, եթե առաջադրանքներն այնպիսի բնույթ ունենան, որի դեպքում յուրաքանչյուր անհատ կարողանա տեսնել իր աշխատանքի արդյունքը, որը կարելի է գնահատել,
  • պահանջների կատարման համար խրախուսանքների մշակված համակարգ։ Այստեղ Քիդվելը և Բենեթն առաջին հերթին նկատի ունեն ֆինանսական գործոնը, այսինքն՝ պարգևավճարները կամ հավելավճարները։

Խմբի անդամների կողմից դրա չափի գնահատումը, վերջնական նպատակին իրենց ներդրման դերը և առաջադրանքների ըմբռնումը, ինչպես նաև մրցանակ ստանալու հեռանկարը միավորված են որպես ռացիոնալ ընտրության հայեցակարգում ներառված գործոնների ամբողջություն։ Տվյալ մոդելում այս արտահայտությունը նշանակում է անհատի կողմից այն ջանքերի փոխկապակցումը, որը նա ներդնելու է աշխատանքի և վերջնական արդյունքի ու պարգևատրման մեջ։

Հարկ է նշել, որ խմբի չափը հաճախ վերագրվում է այն գործոններին, որոնք ազդում են սոցիալական ծուլության աճի վրա, այնուամենայնիվ, տարբեր ուսումնասիրությունների հիման վրա հնարավոր չէ հստակ եզրակացություն անել այս հարցի վերաբերյալ, քանի որ արդյունքները խիստ հակասում են միմյանց։

Հասկանալով, որ աշխատանքային խմբում գործունեությունը հիմնված է արդարության վրա (ինչը նույնպես նվազեցնում է ծուլությունը), այն չի վերաբերում արդարության` գոյություն ունեցող բոլոր տեսակներին։ Այս պարագայում դեր է խաղում բաշխիչ (դիստրիբյուտիվ) արդարության առկայությունը[12], որի դեպքում կատարված աշխատանքի դիմաց վարձատրությունը կստացվի ըստ գործադրված ջանքերի։

Բացի այդ` կատարված առաջադրանքների նշանակությունը նաև նվազեցնում է սոցիալական ծուլությունը։ Եթե աշխատանքի արդյունքը փոխկապակցված է այլ առաջադրանքների հետ, ապա ծուլությունն ավելանում է, իսկ եթե աշխատանքն ավելի ինքնաբավ է, ապա այն նվազում է[13]։

Հակադարձ հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հակառակ հասկացություն՝ սոցիալական դյուրացում, եզրույթ, որը ներմուծել է ամերիկացի հոգեբան Նորման Թրիփլեթը։ Նա հետազոտության ընթացքում պարզել է, որ հեծանվային մրցարշավների մասնակիցները ցույց են տալիս ամենաբարձր արդյունքներն այն ժամանակ, երբ նրանք «մրցում են ոչ թե վայրկենաչափով», այլ ուրիշ մարզիկների հետ։ Իր ենթադրություններում համոզվելու համար Թրիփլեթն անցկացրել է պատմության մեջ առաջին սոցիալ-հոգեբանական գիտափորձը, որի էությունը կայանում էր հետևյալում. հոգեբանը երեխաներին առաջարկել է մեծ արագությամբ պտտել սպինինգը։ Իրավիճակներից մեկում երեխաներն առանձին-առանձին և դատարկ սենյակում պտտեցրել են սպինինգը, մյուսում՝ հասակակիցների ընկերակցությամբ։ Գիտափորձի արդյունքը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք պտտեցրել են սպինինգն այլ երեխաների ներկայությամբ, դա արել են ավելի արագ, քան նրանք, ովքեր դա արել են միայնակ։

Սոցիալական ծուլության և սոցիալական դյուրացման ֆենոմենների միջև տարբերությունը կայանում է այն ազդեցության մեջ, որը ներկաներն ունենում են գնահատման հավանականության վրա։ Սոցիալական դյուրացման իրավիճակում այլ անհատների ներկայությունը մեծացնում է գնահատման հավանականությունը, քանի որ այս դեպքում մեկ անհատի գործողությունները կարելի է համեմատել մյուսների գործողությունների հետ։ Սոցիալական ծուլության իրավիճակում գործընկերների ներկայությունը նվազեցնում է գնահատման հավանականությունը, քանի որ խմբում յուրաքանչյուր անհատի ներդրումը դժվար է գնահատել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Karau, Steven J.; Williams, Kipling D. (1993). «Social loafing: A meta-analytic review and theoretical integration». Journal of Personality and Social Psychology. 65 (4): 681—706. doi:10.1037/0022-3514.65.4.681. ISSN 0022-3514. the reduction in motivation and effort when individuals work collectively compared with when they work individually or coactively
  2. Piezon, Sherry L., and Ferree, William D. «Perceptions of Social Loafing in Online Learning Groups: A study of Public University and U.S. Naval War College students.» June 2008. The International Review of Research in Open and Distance Learning. 9 (2)
  3. Krumm, Diane J. (December 2000). Psychology at work: an introduction to industrial/organizational psychology. Macmillan. p. 178. ISBN 978-1-57259-659-7. Retrieved 1 May 2011.
  4. Ringelmann, M. (1913) «Recherches sur les moteurs animés: Travail de l’homme» [Research on animate sources of power: The work of man], Annales de l’Institut National Agronomique, 2nd series, vol. 12, pages 1-40.
  5. Kravitz, David A.; Martin, Barbara (1986). «Ringelmann rediscovered: The original article». Journal of Personality and Social Psychology. 50 (5): 936-9441. doi:10.1037/0022-3514.50.5.936. ISSN 1939—1315.
  6. Ingham, Alan G.; Levinger, George; Graves, James; Peckham, Vaughn (1974). «The Ringelmann effect: Studies of group size and group performance». Journal of Experimental Social Psychology. 10 (4): 371—384. doi:10.1016/0022-1031(74)90033-X. ISSN 0022-1031.
  7. 7,0 7,1 Latané, Bibb; Williams, Kipling; Harkins, Stephen (1979). «Many hands make light the work: The causes and consequences of social loafing». Journal of Personality and Social Psychology. 37 (6): 822—832. doi:10.1037/0022-3514.37.6.822. ISSN 0022-3514.
  8. PsyBlog "Social Loafing: when groups are bad for productivity", 29 May 2009 (citing, inter alia, Latane).
  9. Christopher Earley, P. (1989). «Social Loafing and Collectivism: A Comparison of the United States and the People’s Republic of China». Administrative Science Quarterly. 34 (4): 565—581. doi:10.2307/2393567.
  10. Edwards, Wattenberg, Lineberry (2005). Government in America: People, Politics, and Policy, 12/E (Chapter 6 summary).
  11. D. Knoke, C. Wright-Isak Individual motives and organizational incentive systems // Research in the Sociology of Organizations. — 1982.
  12. Кашников Б. Н. Концепция общей справедливости Аристотеля: опыт реконструкции.
  13. Стратилат К. Н. Модели возникновения феномена социальной лености // Национальный психологический журнал. — 2017.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]