Ռիչարդ I Առյուծասիրտ
Ռիչարդ Առյուծասիրտ (անգլերեն՝ Richard the Lion Heart, ֆրանսերեն՝ Richard Cœur de Lion, 1157—1199), Անգլիայի թագավոր Պլանթագենետների հարստությունից (1189-1199), Հենրի II-ի և Էլեոնորա Աքվիթանուհու որդին: Գանհին բարձրանալուց հետո ընդամենը մի քանի ամիս անց` մեկնում է խաչակրաց արշավանքի, որի ընթացքում նվաճում է Կիպրոս կղզին: Ռիչարդի բացակայության ժամանակ իշխանությունը Անգլիայում անցնում է նրա եղբայր Ջոնին: Օգտվելով Ռիչարդի բացակայությունից Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ը սկսում է գրավել Ռիչարդի տիրույթները Ֆրանսիայի Նորմանդիա նահանգում: Իմանալով այդ մասին` Ռիչարդը թաքուն փորձում է վերադառնալ Անգլիա, սակայն ճանապարհին գերի է վերցվում Գերմանիայի կայսր Հենրի VI-ի կողմիցև ազատվում 150.000 մարկ փրկագին վճարելու խոստման դիմաց (այդ գումարից վճարվում է 100,000-ը): Ռիչարդը 1194թ. սկզբին վերադառնում է Անգլիա, որտեղ սկսում է բանակ հավաքել Ֆրանսիայի դեմ պատերազմելու համար: 1194թ. մայիսին Ռիչարդը մեկնում է Ֆրանսիայի իր կալվածքները` այնտեղ պատրաստվելով պատերազմի, հավաքելով ռազմական ուժեր և կառուցելով նոր ամրոցներ: 1199թ. Ռիչարդը Ակվիտանիայում իր ամրոցներից մեկը ստուգելիս, զոհվում է մի նետից: Անգլիայի գահը անցնում է Ջոնին:
