Հենրի II Պլանտագենետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Henry II of England.jpg

Հենրի II Պլանտագենետ (անգլ.՝ Henry II Curtmantle; 1133թ. մարտի 5 — 1189թ. հուլիսի 6), Անգլիայի թագավոր Պլանտեգենետների հարստությունից: Նաև Անժույի կոմս, Ֆրանսիայի ամենախոշոր ավատատերերից մեկը: Հորից նրան բաժին հասան Ֆրանսիայի արևմտյան հողերը` Մենը, Անժուն, Տուրենը և Պուատուն: Բացի այդ, ամուսնանալով դքսուհի Էլեոնորա Ակվիտանուհու հետ, նրան անցավ նաև Ֆրանսիայի հարավ-արևմտյան մասը: Դառնալով Անգլիայի թագավոր` Հենրի Պլանտագենետին բաժին հասավ նաև Նորմանդիան: Պլանտագենետի կալվածքները, այսպիսով, ընդգրկում էին ֆրանսիական հողերը, որոնց համար նա վասսալական երդում էր տվել Ֆրանսիայի թագավորին, և Անգլիան:

Իր թագավորության ընթացքում Հենրի II-ը, հենվելով ասպետների և քաղաքացիների վրա, պայքարել է ուժեղ կենտրոնական իշխանության համար: Նրա անցկացրած բարեփոխումները ունեին մի հիմնական նպատակ` սահմանափակել ֆեոդալների (բարոնների) իշխանությունը և ամրապնդել կենտրոնական (թագավորական) իշխանությունը:

Ձգտել է նաև տարածել իր իշխանությունը եկեղեցու վրա, ինչի պատճառով ընդհարվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկետի հետ, որը մինչև արքեպիսկոպոս դառնալը զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը: Հենրի II-ի և Թոմաս Բեկետի միջև պայքարը ավարտվում է 1170թ. դեկտեմբերի 29-ին Քենթերբերիի տաճարում վերջինիս սպանությամբ:

1176թ. ընդլայնել է թագավորական դատարանների իրավունքները, մտցրել է ամբողջ երկրի համար միասնական քրեական օրենսգիրք: 1181թ. ընդունվում է օրենք, որով երկրի ամբողջ ազատ բնակչությունը պարտավորեցվում էր ունենալ զենք` համապատսխան իր ֆինանսական միջոցների:

Հենրի II-ն ունեցել է 4 որդի` Հենրի, Ռիչարդ, ժոֆրուա և Ջոն անուններով: 1173թ. ավագ տղան` Հենրին, խռովություն բարձրացրեց հոր դեմ, իսկ երբ խռվությունը անհաջողության մատնվեց, նա փախուստի դիմեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ի մոտ: Քիչ անց նրան միանում են նաև Ռիչարդը և Ժոֆրուան: Խռովակիրներին աջակցում եր նրանց մայրը` Էլեոնորա Ակվիտանուհին, որին հաջողվում է ապստամբություն բարձրացնել Հենրի II-ի դեմ Ֆրանսիական կալվածքներում: Հենրի II-ը հրամայում է բանտարկել իր կնոջը: Էլեոնորան մնում է բանտում մինչև Հենրի II-ի մահը:

Սակայն Անգլիայում քաղաքական վիճակը կայուն էր, ինչը թույլ տվեց Հենրի II-ին ճնշել խռովությունը ֆրանսիական կալվածքներում: Դրությունը նորից է վատանում, երբ Ֆրանսիայի թագավոր է դառնում Ֆիլիպ II Օգոստոսը, որը ձգտում էր բռնագրավել Հենրի II-ին պատկանող ֆրանսիական կալվածքները: 1189թ. Հենրի II-ը մահանում է: Անգլիայի գահը անցնում է Ռիչարդին: