Ջումհուրիյեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջումհուրիյեթ
Изображение логотипа
Տեսակօրաթերթ
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է1924
ՀիմնադիրՅունուս Նադի Աբալիոգլու
ԳրասենյակՍտամբուլ, Թուրքիա
Պարգևներ
Կայքcumhuriyet.com
 Cumhuriyet Վիքիպահեստում

«Ջումհուրիյեթ» (թուրքերեն՝ Cumhuriyet - հանրապետություն) Թուրքիայում հրատարակվող ձախ ուղղվածությամբ ընդդիմադիր օրաթերթ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականի մայիսի 7-ին[2]։ Թերթի հիմնադիր-խմբագիրն է եղել Յունուս Նադին։ Թերթը սկսել է հրատարակվել Ստամբուլում և համարվում էր թուրքական նորաստեղծ ռեժիմը լավագույնս ներկայացնող թերթ։ 2015 թվականին 51936 տպաքանակի վաճառքով գրավել է 19-րդ տեղը[3], իսկ 2018 թվականի սեպտեմբերի տվյալներով` 23-րդ տեղը` 35344 տպաքանակով[4]։ Կենտրոնական ձախ կողմնորոշման թերթ է, պաշտոնական կայքը` cumhuriyet.com.tr:

Ինչպես նկարագրվում է մամուլի մասին թուրքական գրքերում և հոդվածներում, 1923 թվականին՝ հանրապետության հռչակումից հետո, Թուրքիայում մնացած վերջին օսմանցիները շարունակում էին թերթեր հրատարակել և գրել հոդվածներ, որոնք վատաբանում էին երկրի նոր կարգավիճակը, ինչպես նաև քննադատում հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալին։ Հենց այդ ժամանակ է, որ որոշվում է հրատարակել մի թերթ, որը հնարավորինս մատչելի կներկայացնի քեմալականության առավելությունները և կպաշտպանի հանրապետության գաղափարախոսությունները։ Թերթի անունը կնքել է հենց ինքը՝ Մութաֆա Քեմալը։ Քեմալական շարժմանն աջակցող «Յենի գյուն» (Yeni gün, թարգ.` Նոր օր) թերթի խմբագիր Յունուս Նադին Համիդ Նաբիզադեի և Սերթել Զեքերիայի հետ «Միություն և առաջադիմություն կուսակցության» Ջալալօղլու պողոտայի վրա գտնվող «Վարդագույն ապարանք» (Pembe köşk) կոչվող հին գլխավոր շտաբի շենքում, որտեղ տեղակայված էր նաև Ակոբ Մաթասյանի հայտնի «Մաթասյան տպարան»-ը, հիմնադրում է «Ջումհուրիյեթ» օրաթերթը[5]։ Թերթը, հրատարակման առաջին օրվանից չկորցնելով իր արդիականությունը, պաշտպանել է Մուսթաֆա Քեմալի գաղափարախոսությունները, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ սատարել Հանրապետական Ժողովրդական կուսակցությանը (թուրք․՝ Cumhuriyet Halk Partisi ): Այն բանից հետո, երբ իշխանության եկավ Ժողովրդավարական կուսակցունթյունը, թերթը սկսեց աջակցել նրանց։ Բազմակուսակցական համակարգի շրջանում գլխավոր խմբագիր Նադիր Նադին Ժողովրդավարական կուսակցության կազմում 1950 թվականին անկախ պատգամավոր ընտրվեց[6]։

1924-1945 թվականներին թերթի գլխավոր խմբագիրը Յունուս Նադին էր, երբեմն Զեքերիա Սերթելը, Յակուբ Քադրին, Շյուքրու Քայան ևս նշվում էին որպես գլխավոր խմբագիրներ։ Յունուս Նադիի մահվանից հետո մինչև 1991 թվականը գլխավոր խմբագիրը Նադիի որդին` Նադիր Նադին է եղել։ 1971 թվականին Թուրքիայի Հանրապետությունում արմատական կադրային փոփոխություններ տեղի ունեցան և թերթի համար դժվար էր ընտրել, թե որ գաղափարի կրողը դառնար, ինչի հետևանքով էլ թերթի վաճառքը նկատելիորեն անկում ապրեց (մոտ 30 տոկոսով)։ 1991 թվականի օգոստոսի 20-ին Նադիր Նադին մահացել է, որից հետո մի կողմից առաջ եկան տնտեսական խնդիրներ, մյուս կողմից էլ թերթի խմբագիրների մեջ տարաձայնություններ առաջացան։ 1991 թվականի նոյեմբերի 5-ին ղեկավար Հասան Ջեմալի (լրագրող, քաղաքական գործիչ) քաղաքականությունը հավանության չարժանացնող 80 հոգի թերթից հեռացան։ Սրա պատճառով թերթի օրական վաճառքը 1991 թվականի դեկտեմբերին 120.000-ից նվազեց` հասնելով 50.000-ի։ Ստեղծված իրավիճակում Հասան Ջեմալը և Օկայ Գյոնենսինը հեռացան Ջումհուրիյեթից։ 1992 թվականի ապրիլի 8-ին Իլհան Սելչուկը և իր աջակիցները վերադարձան խմբագրություն։ Վերջինս ստանձնեց գլխավոր խմբագրի պաշտոնը։ 2008 թվականի մարտի 21-ին Էրգենեքոնի գործի շրջանակներում Սելչուկը ձերբակալվեց և 2 օր տևած հարցաքննությունից հետո մինչև դատական նիստերի սկսվելը ազատ արձակվեց[7]։

Թերթի խմբագրությունը մինչև 2005 թվականի հոկտեմբերի 17-ը գտնվել է հայտնի Ջաղալօղլու պողոտայում, որը ժամանակին համարվում էր թուրքական մամուլի պողոտա։ Այստեղ են գտնվել ամենահայտնի թուրքական թերթերի խմբագրությունները և տպագրատները։ Այժմ թերը խմբագրատներ ունի ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում և Իզմիրում։

1998 թվականի մայիսի 7-ից «Ջումհուրիյեթ»-ն ունի նաև օնլայն ինտերնետային տարբերակ։

Թերթի առաջին համարներում տպագրվել են Զիյա Գյոքալփի, Ահմեդ Ռեֆիկի, Ֆուադ Քյոփրյուլյուի հոդվածները[8]։ Առաջին համարում ներկայացվել է Յունուս Նադին Մուսթաֆա Քեմալի հետ նրա անցկացրած հարցազրույցը։ 1940-ական թվականներին 8 էջանոց թերթը դարձել է 4 էջանոց։ Մինչև 1984 թվականը թերթը տպագրվում էր միայն սև ու սպիտակ, ապա այն դարձավ մասամբ գունավոր, իսկ 1990 թվականից թերթը հիմնականում տպագրվում է գունավոր։

Առաջին անգամ փակվել է 1934 թվականի հոկտեմբերի 29-ին 10 օրով։ 1940 թվականին երկրի տպագրական քաղաքականությանը չհամապատասխանելու մեղադրանքով փակվել է 90 օրով[6]։

1925 թվականից լույս է տեսել թերթի ֆրանսերեն տարբերակը` Լա Ռեփուբլիք (ֆրանսերեն` La Rèpublique – հանրապետություն) անունով[9]։

2015 թվականի ապրիլի 24-ին Ջումհուրյեթ թերթի պաշտոնական կայքը տեղադրել է հայերենով «Այլևս երբեք» (Bir daha asla) նկարը և գրել. «Մենք սգում ենք 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ ցավը։ Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած արհավիրքի ցավը դեռ թարմ է։ Ժամանակն է առերեսվել մարդկային գիտակցությանը, խղճին, արդարության զգացումին և ազնվությանը։ Այլևս երբեք»[10]։

Մի շարք սյունակագիրներ, լրագրողներ, պարբերականի գլխավոր խմբագիրն ու տնօրենը մեղադրվել են 2016թ-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» և ՔԲԿ խմբավորման հետ կապեր ունենալու, խմբավորումների օգտին քարոզչություն իրականացնելու և ապազգային գործողությունների իրականցման համար պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Դատական առաջին նիստը եղել է 2017 թվականի հուլիսի 24-ին, իսկ երկրորդը` 2017 թվականի սեպտեմբերի 11-ին։ Մեղադրյալները դատապարտվեցին 2-7 տարվա ազատազրկման[11]։

2018 թվականից Ջումհուրիյեթ ֆոնդը գլխավորեց Ալեվ Ջոշկուն, իսկ հրատարակչության նոր գլխավոր ղեկավար ընտրվեց Այքութ Քյուչյուկքայան[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hangi gazete kime ait?». www.yeniakit.com.tr. Վերցված է 28.12.18-ին. {{cite web}}: Unknown parameter |լեզու= ignored (օգնություն)
  2. E. Tokmakçıoğlu Türk basın tarihi", Ankara 2011
  3. «Cumhuriyet Gazetesi Haberleri». HÜRRİYET - ARAMA (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. medyatava@medyatava.com. «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». www.medyatava.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. Millî Eğitim Bakanliği, “Türk Basininin Doğuşu Ve Gelişimi”, Ankara, 2011
  6. 6,0 6,1 bcomert (2016 թ․ հոկտեմբերի 31). «Cumhuriyet Gazetesi kimin? Cumhuriyet Gazetesi hakkında merak edilenler». Sözcü Gazetesi (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Cumhuriyet (gazete) - Vikipedi». tr.m.wikipedia.org (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Cumhuriyet Gazetesi kimin? Cumhuriyet Gazetesi hakkında merak edilenler». Վերցված է 28․12․18-ին.(չաշխատող հղում)
  9. «Türkçe Bilgi: Cumhuriyet Gazetesi». Türkçe Bilgi (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. ««Այլևս երբէք»․ Թուրքական «Ջումհուրիյեթ» կայք». Analitik.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակազմի անդամներին սպառնում է մինչև 43 տարվա ազատազրկում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «Cumhuriyet gazetesinde yönetim değişti, yeni yayın yönetmeni geldi». Վերցված է 28.12.18-ին.