Օսմանյան կայսրության արաբական նահանգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
دَوْلَتِ عَلِيّهٔ عُثمَانِیّه
Osmanlı İmparatorluğu
Օսմանյան կայսրություն
 Բյուզանդական կայսրություն
 Մամլուքյան սուլթանություն
1299 - 1923 Թուրքիա 
Քարտեզ


(Օսմանյան կայսրությունը իր հզորության գագաթնակետին 15-րդ դար)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սողութ (1299–1335)
Բուրսա (1335–1413)
Ադրիանապոլիս (1413–1453)
Կոստանդնուպոլիս(1453–1922)
Մակերես 5.200.000 կմ2(1683 թ.)
Բնակչություն 35.350.000 (1856 թ.)
Մակերես 1.800.000 կմ2(1914 թ.)
Բնակչություն 24.000.000(1912 թ.)
Լեզու օսմաներեն
Կրոն Իսլամ, Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Օսմանլուներ
Պետության գլուխ սուլթան
Պատմություն

Օսմանյան կայսրության արաբական նահանգներ, թուրքական տիրապետության տակ անցած արաբական պետություններ Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ 16-րդ դարում հաստատված Օսմանյան գերիշխանությունը տևել է 3-4 դար, ինչից հետո 19-րդ դարում արաբական երկրները օկուպացվում են եվրոպական երկրների կողմից։ Վերջնական անկախության արաբական երկրները հասել են միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Արաբական երկրների վարչատարածքային բաժանումը միտված էր Օսմանյան կայսրության տիրապետության պահպանմանն ու ուժեղացմանը։ Դա սկզբունքային հարց էր, որից կախված էր կայսրության կենսունակությունը, տարածքային ամբողջականությունը։ Վարչատարածքային բաժանման հիմքում դրվեց յուրաքանչյուր երկրի քաղաքական, տնտեսական կարևորությունը։ Կայսրության կազմի մեջ մտնող արևելյան տարածքները բաժանվեցին փաշալիք-էլայաթների, վիլայեթների, սանջակների և կազաների։ Օսմանյան կայսրությունը 16–րդ դարում բաժանված էր 16 էլայաթների։

Եգիպտոսի էյալեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսը առանձին փաշայությունների կամ վիլայեթների չտրոհվեց, այլ պահպանվեց որպես տարածքային մեկ ամբողջություն։ Եգիպտոսի փոխարքա նշանակվեց թուրք փաշա Խաիր բեյը։ Սուլթան Սուլեյման I 1525 թվականին հաստատեց «Եգիպտոսի օրենսգիրքը» (արաբ․՝ قانون المصر‎‎՝ «Կանուն ալ-Մըսրի» ), որը կարգավորում էր նրա ներքին կառավարման հարցերը։ Վարչատարածքայի առումով ամենաէական բարեփոխումը նրա սահմաններում տասներկու սանջակների կազմավորումն էր։ Բոլոր սանջակների կառավարիչներ նշանակվեցին մամլուքներից, որոնք կառավարման որոշակի փորձ ու հեղինակություն ունեին։ Մամլուքներին վերապահվեց նաև հարկեր հավաքելու իրավունքը։ Նրանք կարողացան երկար ժամանակ պահպանել իրենց դիրքերը Եգիպտոսում։ Հեզտհետե սուլթանների իշխանությունը մամլուքների վրա թուլանում էր և Ստամբուլից սկսում են թուրք փաշաներ ուղարկել որպես փոխարքա, սակայն վերջիններս չէին կարողանում վերահսկել իրավիճակը, և ընդլայնվում էր մամլուքների ազատ գործողությունների դաշտը։ Եգիպտոսում թուրքական 280 տարի տիրապետության ընթացքում փոխվել է մոտ 100 փաշա։

Սֆինքս և եգիպտական բուրգեր

Մերձավոր Արևելքի երկրներում առաջնակարգ դեր է խաղացել և խաղում բանակը։ Նույնն էր նաև Եգիպտոսում։ Փաշաների հաճախակի փոփոխությունը հանգեցրեց նրան, որ եգիպտական բանակը դուրս եկավ նրանց վերահսկողությունից և դարձավ անկառավարելի։ Սրա արդյունքում գլուխ բարձրացրին մամլուքները և երկրում ստեղծվեց անկայուն վիճակ։ Բացի այդ էլ 17-րդ դարում Օսմանյան կայսրությունը սկսել էր թուլանալ։ Եգիպտոսում մամլուքները ավելի էին ամրապնդվում և վաղ թե ուշ հայտնվելու էր մի մամլուք, ով մարտահրավեր էր նետելու Բարձր դռանը։ Այդպիսին եղավ Ալի բեյը։ Նա իշխանության համար մղվող պայքարում հաղթեց իր մրցակից մյուս մամլուք բեյերին, մտավ Կահիրե և իրեն հռչակեց քաղաքի կառավարիչ։ Նա 1769 թվականին Կահիրեից արտաքսեց թուրքական փաշային և Եգիպտոսը անկախ հռչակեց։

Ալի բեյը Եգիպտոսով չսահմանափակվեց։ Աջակից ունենալով իր փեսային՝ Մուհամմադ ալ-Զահաբիին, նա որոշեց նվաճել Արաբիան և Սիրիան։ 1770 թվականին նրա զորքերը մտան Մեքքա, նոր նշանակված շերիֆը հաստատեց նրա իշխանությունը Եգիպտոսում։ Արաբիան իրեն ենթարկելուց հետո Ալի բեյը 1771 թվականին շարժվեց դեպի Սիրիա։ Բանակը գլխավորում էր ալ-Զահաբին։ Նա գրավեց Դամասկոսը և այլ քաղաքներ։ Բայց այստեղ Սիրիայի համար պայքարի թեժ պահին Ալիին դավաճանեց ալ-Զահաբին։ Ալի բեյը փախավ իր դաշնակից Զահիր ալ-Ումարի մոտ։ Ստանալով նրա օգնությունը Ալի բեյը պայքարի նետվեց։ Սակայն վիրավորվեց և մահացավ։ Դրանից հետո ալ-Զահաբին դարձավ Եգիպտոսի կառավարիչ։ Նա կառավարեց մինչև իր մահը՝ 1775 թվականը։

Մուհամմադ ալ-Զահաբիից մահից հետո վերսկսվեց պայքարը մամլուքների միջև իշխանության համար։

Սիրիայի էյալեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալմիրա-Թադմոր

Սիրիայի վարչատարածքային բաժանման հիմքում դրվեց վիլայեթների սկզբունքը։ Այն բաժանվեց 3 վիլայեթի՝ Դամասկոսի, Հալեպի և Տրիպոլիի։ 1660 թվականին ստեղծվեց 4-րդ՝ Սայդայի վիլայեթը։ Վիլայեթների գլուխ կանգնած էին վալիները, որոնք օժտված էին ամենալայն իրավունքներով։ Օսմանյան կայսրությունում չգրված օրենքների և բարքերի համաձայն վալիի պաշտոնը որպես կանոն գնում էին։ Օսմանյան պետական ապարատը կոռումպացված էր։ Վալիներն էլ, պաշտոնները գնելով, սկսում էին կողոպտել բնակչությանը այդ փողը վերադարձնելու համար։ Երբեմն վալիները փորձում էին ինքնակամ փոփոխություններ մտցնել վիլայեթների սահմանների մեջ։ Այդպես վարվեց Դամասկոսի վալի Ջան-Բիրդի ալ-Ղազալին։ Նա օգտվելով 1520 թվականին Սելիմ I մահից, Դամասկոսի վիլայեթին միացրեց Երուսաղեմը, Սաֆադը և Ղազան։ Նա 1520 թվականին իրեն հռչակեց անկախ՝ ընդունելով «Մալիք ալ-աշրաֆ» (արաբ․՝ ملك الأشرف‎‎ -«Ամենաազնիվ թագավոր») տիտղոսը։ Նա հասկանում էր, որ Բարձր դուռը հենց այնպես չի համաձայնվի այդ փոփոխությունների հետ։ Ուստի նա դիմեց Եգիպտոսի փոխարքա Խաիր բեյին` կոչ անելով նրան իրեն ևս անկախ հռչակել։ Վերջինս մերժեց, իսկ նոր սուլթան Սուլեյմանը որոշեց պատժել ալ-Ղազալիին։ 1521 թվականին նա արդեն Սիրիայում էր։ Ճակատամարտում ալ-Ղազալին պարտվեց և սուլթանի հրամանով վերականգնվեց Սիրիայի վարչակարգը`3 վիլայեթներով։

Հալեպի բերդը

Սիրիան բաժանվեց սանջակների։ Դամասկոսի վիլայեթը 10 սանջակի, Հալեպի վիլայեթը` 9, Տրիպոլին՝ 5: Հետագայում որոշ փոփոխություններ եղան։ Այստեղ նույնպես վալիները շատ արագ էին փոխարինում միմյանց։ Օսմանյան կայսրության թուլացումը իր բացասական հետանքներն ունեցավ նաև Սիրիայի համար։ Սուլթանները կորցրեցին իրենց վերահսկողությունը վալիների և վիլայեթների վրա։

Դրան զուգահեռ աստիճանաբար ուժեղանում էին ավագանու, երևելի արաբական ընտանիքների դերը Սիրիայում։ Դրանցից էր Ազըմների ընտանիքը Դամասկոսում։ Նրանց ազդեցությունը այնքան էր ուժեղացել, որ սուլթանները հարկադրվախ էին նրանց նշանակել վալիներ և նրանք այդ պաշտոնը զբաղեցրեցին 1724-1783 թվականների ընթացքում։ Առաջին վալի նշանակվեց Իսմաիլ ալ-Ազըմը։ Այդուհանդերձ թուրքական սուլթանները ուշադիր հետևում էին Ազըմներին՝ հարմար առիթի սպասելով նրանց պատժելու համար և որոշ քայլեր էին ձեռնարկում դրա համար։ Այդ քայլերով նրանք թեև թուլացրեցին Ազըմներին, բայց դա ժամանակավոր էր։ Նրանց այդպես էլ չհաջողվեց արմատախիլ անել հակաօսմանյան ելույթները Սիրիայում։

Լիբանանի էմիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքաայի հովիտը, Անջար

Լիբանանը արաբական աշխարհում իր աշխարհագրական դիրքի, մշակութային բարձր ներուժի շնորհիվ միշտ կարևոր դիրք է զբաղեցրել։ Այստեղ աստիճանաբար իրենց դիրքերն են ամրապնդում դրուզներն ու քրիստոնյա մարոնի արաբները։ Դրուզական ընտանիքներից Մաան ընտանիքը 16-րդ դարում հաջողության հասավ։ Նրանց գլխավոր Ֆախր ադ-Դինը հպատակություն հայտնեց օսմանյան սուլթանին և նրա կողմից նշանակվեց Լիբանանի էմիր։ Լիբանանը դարձավ ինքնավար էմիրություն, Մաաները՝ կառավարող դինաստիա։ Նրանք կառավարեցին 1516-1697 թվականներին։ Սկզբնական շրջանում Ֆախր ադ-Դինը հավատարիմ էր էր օսմանյան սուլթաններին, չէր թերանում իր պարտականությունները կատարելու և հարկերը վճարելու հարցում։ Լիաբանան չէր կարող անմիջական կապ հաստատել Բարձր Դռան հետ, դա արվում էր Դամասկոսի վալիի միջոցով։ Դա նպատակ ուներ Լիբանանի վրա վերահսկողություն սահմանել։ Ունենալով որոշակի ինքնուրույնություն ներքին հարցերում Ֆախր ադ-Դինը ձեռնամուխ եղավ Լիբանանի տնտեսական զարգացմանը, կառուցապատմանը և ինքնավարության հետագա ամրապնդմանը։

Ֆախր ալ-Դին և Սելիմ Ահեղ

Սուլթան Սուլեյման Iը ուշադիր հետևում էր նրա քաղաքականությանը և փորձեց Լիբանանը դնել իր ուղղակի կառավարման ներքո, սակայն նրան դեմ դուրս եկան լիբանանցիները Ֆախր ադ-Դինի գլխավորությամբ։ Սուլթանը դիմեց հին մեթոդին՝ դավադությանը և Ֆախր ադ-Դին I-ը դավադրաբար սպանվեց։ Պայքարը շրունակեց նրա որդի Քուրքումազը, բայց սպանվեց, և էմիրությունը անցավ նրա որդուն՝ Ֆախր ադ-Դին II-ին։ Նա խելացի, եռանդուն, հաշվենկատ պետական գործիչ էր։ Նա իր առջև նպատակ դրեց ստեղծել հզոր Լիբանան, ընդարձակել նրա սահմանները՝ ստեղծել «Մեծ Լիբանան»։ Նա վերականգնեց քանդված երկիրը, զարգացրեց տնտեսությունը, ստեղծեց հզոր ու մարտունակ բանակ։ Սուլթանը հարկադրված էր տարածքային զիջումներ կատարել. Բեյրութի, Սիդոնի սանջակները, Տրիպոլին, Բաալբաքն ու Բիքաան, Սաֆադը, Տիբերիան և Նազարեթը անցան նրա իշխանության տակ։ Սուլթանը դա արեց հաշվի առնելով Լիբանանի հզորությունը, բացի այդ այդ ժամանակ կայրությունում ծանր վիճակ էր և նրանց պայքարի նոր ճակատ պետք չէր։ Ֆախր ադ-Դինը սկսեց անկախ արտաքին քաղաքականություն վարել, նա ռազմական համագործակցության պայմանագիր կնքեց Տոսկանայի դուքս Ֆերդինանտ Սեդիչիի հետ։

Բաքոսի տաճարը Բաալբեքում

Սրանից հետո նա ձեռնամուխ եղավ Բարձր դռան հետ հարաբերությունների խզմանը։ Ապստամբությունը տեղի ունեցավ 1613 թվականին, որը որևէ լավ բան չբերեց Ֆախր ադ-Դինին։ Նրանք չկարողացան դիմակայել թուրքական զորքերին և պարտություն կրեցին։ Էմիրը ընտանիքով փախավ Տոսկանա, ուր մնաց 5 տարի՝ 1613-1618 թվականներին։ Այս ընթացքում նա կարողացավ ներում հայցել սուլթանից, վերադառնալ Լիբանան և վերականգնել իր իրավունքները։ Սակայն նա չէր հրաժարվել իր քաղաքական ծրագրերից և սկսեց նախապատրաստվել Օսմանյան լուծը տապալելուն։ Նրա դրությունը ավելի ամրապնդվեց, երբ սուլթան Մուրադ 4-րդը 1624 թվականին նրան նշանակեց Արաբստանի ղեկավար:

Լիբանանի տնտեսական զարգացման համար նա Իտալիայից Լիբանան հրավիրեց տարբեր մասնագետների, որն ունեցավ իր դրական արդյունքները։ Նա գնալով ավելի էր ամրապնդում հարաբերությունները Եվրոպայի հետ, սակայն նա արդեն կրակի հետ էր խաղում և թերագնահատում էր օսմանյան տիրակալներին։ Օսմանյան սուլթան Մուրադ IV 1633 թվականին պատերազմ է սկսում Ֆախր ադ-Դինի դեմ։ Սակայն այս անգամ լիբանանցիները կարողանում են դիմադրություն ցույց տալ թուրքերին։ Պատերազմը տևում է մինչև 1635 թվականը։ Ֆախր ադ-Դինը պարտություն է կրում և փախնում է լեռներ, սակայն նրան գտնում և գլխատում են։ Նրանից հետո իշխանությունը Լիբանանում անցնում է Շիհաբներին։

Իրաք. Բաղդադի և Բասրայի վիլայեթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղդադ

Առաջին վիլայեթը, որ կազմավորվեց Իրաքի տարածքում, Բաղդադի վիլայեթն էր։ Նա ամենակարևոր և կենտրոնական վիլայեթն էր և հանդիսանում էր Բարձր Դռան հենարանը, որի օգնությամբ Ստամբուլը ձգտում էր իր տիրապետությունը հաստատել այս երկրամասում։ Մյուս վիլայեթը Մոսուլի վիլայեթն էր, որը ընդգրկում էր Իրաքի ամբողջ հյուսիսային շրջանները։ Մնում էր հարավային շրջանների հարցը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Բասրա քաղաքին։ Այստեղ կառավարիչ էր շեյխ Ռաշիդը, ով ազդեցիկ անձնավորություն էր, դրա համար թուրքերը չէին ցանկանում բախման մեջ մտնել նրա հետ։ Այս ժամանակ, սակայն, շեյխը ինքն էր շահագրգռված բանակցություններ վարելու, որովհետև պորտուգալացիները արդեն իրենց ազդեցությունը տարածել էին Պարսից ծոցի վրա և հերթը հասել էին Բասրային։ Շեյխ Ռաշիդը նախընտրեց օսմանյան, ոչ թե պորտուգալական տիրապետությունը։

Պարսից ծոց

Նա որոշեց օսմանցիներին իր հպատակությունը հայտնել հետաքրքիր ձևով։ Նա 1538 թվականին այդ նպատակով իր որդուն ուղարկեց Ստամբուլ, որն իր հոր անունից սուլթան Սուլեյման I հանձնեց Բասրայի բանալիները և ամբողջ Իրաքը անցավ օսմանյան տիրապետության տակ։ Դրանից հետո ձևավորվեց երրորդ՝ Բասրայի վիլայեթը Իրաքում։ Բարձր Դուռը բարձր գնահատեց շեյխի քայլը և նրան նշանակեց Բասրայի կառավարիչ։ Սակայն նա համարվում էր Ստամբուլի վասալը։ Սակայն հետզհետե Բարձր դուռը փորձում էր ավելի ուժեղացնել իր վերահսկողությունը Բասրայում, իսկ շեյխ Ռաշիդը՝ պահպանել իր ինքնուրույնությունը։ Այս հողի վրա 1546 թվականին տեղի ունեցան բախումներ։ Տեղի ունեցած բախումների ժամանակ Ռաշիդի դեմ է ուղարկվում Էլաս փաշան, ով կատարում է իրեն տրված հանձնարարությունը և Ռաշիդը պարտվում է ու արտաքսվում։ Այսպիսով Իրաքում հաստատվեց, իսկ շեյխ Ռաշիդին ասպարեզից հանելուց հետո ամրապնդվեց վիլայեթային վարչատարածքային համակարգը։ Սա մեծ նվաճում էր Օսմանյան կայսրության համար։

Մաղրիբի էյալեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայրավան

Մաղրիբում Օսմանյան տիրապետոթյան տակ էին գտնվեւմ Ալժիրը, Թունիսը, Տրիպոլիտանիան ու Կիրենաիկան, կամ կրճատ՝ Տրիպոլին։ Այստեղից ոչ մեկում վիլայեթային սկզբունքը չկիրառվեց։ Նրանք տարածքային առումով պահպանվեցին որպես տարածքային մեկ միավոր։ Նրանց համար ավելի բնորոշ էր փաշայության սահմանումը։ Նրանզ բնորոշ էր թույլ կախված լինելը Ստամբուլից։ Դրանք կապված չէին միմյանց հետ և յուրաքանչյուրը գործում էին որպես մեկ անկախ միավոր։ Այստեղ հաստատված էր կառավարման դինաստիական սկզբունթը, ի տարբերություն Մաշրիկի։ 1711 թվականին Տրիպոլիում կառավարումն անցավ Կարամանլի ընտանիքին մինչև 1835 թվականը։ Նրանք այնքան հզոր էին, որ կառավարում էին Ստամբուլից լրիվ անկախ և Բարձր դուռը արդեն հաշտվել էր այդ կարգավիճակի հետ։ Դրանում իր դերը խաղաց, նաև Թունիսի և Ալժիրի համար, այն հանգամանքը, որ 17-րդ դարից թուրքական նավատորմը թուլացավ և սահմանափակվեց այդ երկրների վրա ազդելու Թուրքիայի հնարավարությունները։

Թունիսում 1705 թվականին հաստատվեցին Հուսեյնիները որպես կառավարող դինաստիա հիմնադրի՝ Հուսեյն բեն Ալիի անունով։ Այստեղ տեղի ունեցավ փոփոխություն։ Երկրի ղեկավարը, որը կրում էր «բեյ» տիտղոսը, սկսեց կոչվել «դեյ»։ Նրանց միջև սկզբունքայի տարբերություններ չկային։ Ալժիրում մի փոքր այլ էր։ Այստեղ կառավարումն իրենց ձեռքը վերցրեց ենիչերական ռազմական ավագանու խորհուրդը, որն իր շարքերից մեկին նշանակում էր դեյ։ Պաշտոնը ցմահ էր, բայց ժառանգական չէր։

Հիջազ և Եմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական թերակղզի

Արաբիայում Օսմանյան տիրապետությունը զգալի էր Հիջազում, Մեքքայում և Մադինայում։ Վարչատարածքային առումով այն չբաժանվեց Հիջազը չբաժանվեց առանձին միավորների։ Պահպանվեց որպես ամբողջական տարածքային միավոր, որի ղեկավարն էր Հիջազի շերիֆը, ով կարող էր լինել միայն արաբ Հաշիմյան տոհմից։ Շերիֆները օգտվում էին ինքնուրույնության բավականին բարձր աստիճանից։ Այս հարցում իր դերը խաղաց այն, որ սուլթանները ՀԻջազի կողմից ճանաչվեցին որպես օրինական տիրակալներ, որը նրանց առջև դուռ բացեց խալիֆայի տիտղոսը յուրացնելու համար։

Արաբիայի հարավային մասը զբաղեցնող Եմենը նույնպես ինքնամփոփ երկիր էր, որտեղ արաբ բնակչությունը հարում էր շիիզմի զեյդական ճյուղին։ Օսմանյան տիրապետությունը այստեղ երբեք ամուր չի եղել և ձևական բնույթ է ունեցել։ 1565 թվականին ապստամբ եմենցիները դուրս քշեցին թուրքերին Եմենից, սակայն 1570 թվականին նրանք կրկին մտան Եմեն, բայց չկարողացան կառավարման որևէ համակարգ մտցնել։ 1633 թվականին զեյդական առաջնորդ Կասիմը հերթական ապստամբությունը բարձրացրեց օսմանյան տիրապետության դեմ։ Պատերազմական գործողությունները ընդմիջումներով շարունակվեցին մինչև 1642 թվականը։ Եմենցիների հարվածների և ճմշման տակ օսմանյան կայազորները ստիպված էին հեռանալ Եմենից։ Կասիմը հիմնեց իմամություն, որը կառավարման նոր ձև էր Եմենի համար, սակայն որը համապատասխանում էր շիական դոգմատիկային և մուսուլմանական պետություն կառուցելու նրանց նպատակներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]