Պորտալ:Սյունիք/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից Արցախին, իսկ հյուսիսից Վայոց ձորին։

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում։ (մանրամասն...)