Պորտալ:Բելգիա/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մ․ թ․ ա․ մոտ 300-ին Բելգիայում բնակություն են հաստատել բելգերի կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը)։ Մ․ թ․ ա․ 57-ին Բելգիան գրավվեց Հուլիոս Կեսարի կողմից։ Մ․ թ․ 3—5 դդ․ Բելգիայի տարածքը բնակեցրին գերմանական ցեղերը (ֆրանկներ, ֆրիզներ, սաքսեր)։ V—IX դդ․ Բելգիան մտնում էր Ֆրանկական պետության կազմի մեջ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում Բելգիայի տարածքում առաջացան Ֆլանդրիա, Նամյուր, Գեննեգաու (Էնո) կոմսությունները, Լիեժ եպիսկոպոսությունը, Բրաբանտ դքսությունը։

XII— XIII դդ․ բելգիական տարածքները, հատկապես Ֆլանդրիան, վերածվեցին Եվրոպայի «արհեստանոցի» և միջազգային առևտրի կարևոր հանգույցի։ Բարգավաճեցին քաղաքները, որոնցից շատերը ձեռք բերեցին ինքնավար իրավունք։ Երկար ժամանակ Բելգիան Ֆրանսիայի, Անգլիայի և այսպես կոչված «Սրբազան Հռոմեական կայսրության» մրցակցության ասպարեզ էր։ 1384 թ.-ին Ֆլանդրիան, 1430 թ.-ին Բրաբանտը մտան Բուրգունդական պետության կազմի մեջ։ Բրաբանտը դարձավ այդ պետության միջուկը, Բրյուսելը՝ բուրգունդական դքսերի նստավայրը։

1477 թ.-ին (վերջնականապես 1482 թ.-ին) Բելգիայում հաստատվեց Հաբսբուրգների դինաստիան։ «Սրբազան Հռոմեական կայսրության» բաժանումից հետո (1555 թ.) Բելգիան անցավ Իսպանիային։ Բելգիայում կապիտալիստական հարաբերությունները ծնունդ առան շատ վաղ։ (մանրամասն...)