Պլատերեսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալամանկայի համալսարանի ճակատային հատվածը

Պլատերեսկո, ճարտարապետական ոճ, որ տարածված է եղել 16-րդ դարի իսպանական մշակույթում։ Անվան ծագումը երբեմն կապում են հարթ բառի հետ, սակայն ավելի ճիշտ կլինի այն բացատրել իսպ.՝ platero` ոսկերչական բառի հետ, որ առաջացել է իսպ.՝ plata` արծաթ բառից։ Այն մատնանշում է շենքի` ոսկերչական աշխատանքի նման նուրբ աշխատանքը։ Ոճն ունեցել է զարգացման երկու փուլ։ Այն Վերածննդի ճարտարապետության իսպանական տարբերակն է։

Վաղ շրջանն ընդգրկում է 15-րդ դարի վերջը։ Այն կոչվում է իսաբելինո` ի պատիվ Ֆերդինանդ II արքայի կնոջ` Իզաբել I-ի։ Այս ոճը չպետք է շփոթել 19-րդ դարի համանուն ոճի հետ, որն առաջացել է Իզաբել II-ի անունից։ Այս շրջանում ուժեղ են գոթական ավանդույթները, առկա է մավրիտանականը, բայց ընդհանուր առմամբ այն ձևավորվել է տարբեր ոճերի միախառնումով։ Այդ ժամանակ Պիրենեյան թերակղզում ավելի վառ էր դրսևորվում երկու ժողովուրդների ու նրանց մշակույթների փոխազդեցության քաղաքական ու կրոնական անտագոնիզմները։ Հետագայում Իսպանիայի վրա ազդեցություն է գործել իտալական դասական արվեստը։ 15-16-րդ դարերում Իսպանիայում հիմնականում կառուցվում էին ոչ մեծ եկեղեցիներ, թագավորական դամբարաններ, գոթական փառահեղ հին տաճարներին ավելացվում էին կապելլաներ։ Նոր ոճի առաջին դրսևորումները նկատվում են Տոլեդոյի Սան Խուան դե լոս Ռեյես (1476) եկեղեցու ինտերիերում։ Ճարտարապետ Խուան դե Գուասը ինտերիերի մեջ մտցնում է մավրիտանական մոտիվը` ութաթև աստղը, չնայած արտաքուստ եեղեցին խիստ է և համապատասխան գոթական ճարտարապետությանը։

Սևիլյայի քաղաքապետարանի ճակատային հատվածը

Սան Պաբլո եկեղեցին և Սան Գրեգորիո կապելլան Վալյադոլիդում (15-րդ դարի վերջ) ունեն հարթ պատեր, զարդարված են մանր ժանեկանման փորվածքներով, պորտալն ունի գոթական ձև, բակի ներսում կա մավրիտանական ոճի զարդաքանդակներով կամարաշար։ Մեկ այլ օրինակ է հերցոգ Իֆանտադոյի պալատը (1480-1493) Գվադալախարայում, որի հեղինակը Խուան դե Գուասն է։

Պլատերեսկոյի ուշ շրջանը 16-րդ դարն է։ Նրա բնորոշ գծերն են ճակատային կոմպոզիցիայի փոփոխությունները։ Ճակատային հատվածները հագեցած են դասական ճարտարապետական ձևերով ու քանդակներով, բարձրաքանդակներով, կիսանդրիներով, անտիկ աստվածների արձաններով։ Այս ոճը ներկայացնող նշանավոր կառույցներից են Սալամանկայի համալսարանը (1515-1533), Խեցիներով տունը (1493-1517), Ալկալա դե Էնարեսի համալսարանը (1540-1559), Սևիլյայի քաղաքապետարանի շենքը (1527)։ Ճարտարապետներն են Ռոդրիգո Խիլ դե Օնտանյոնը, Դիեգո դե Ռիոլյոն։ Ի տարբերություն վաղ պլատերեսկոյի շրջանի գեղանկարչական դեկորներին` այս օրինակներում ընդգծված են կոմպոզիցիայի հորիզոնական և ուղղահայաց հատվածների հստակ համակարգերը, որի ամեն հարկում առանձնացված է կենտրոնը։ Հավասարակշռությունն ու զուսպ ձևերը համադրվում են ճոխ ու բազմազան ձևերին։ Գավառներում այս ոճը կրել է տեղական ավանդույթների դրոշմը, սակայն ընդհանուր առմամբ այն իսպանական մշակույթի ամենավառ դրսևորումներից է։ Պլատերեսկոյի ավանդույթներն արտահայտվել են նաև քանդակագործության մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի ընդհանուր պատմություն։ Խմբագիրներ — Յու. Պ. Կոլպինսկի, Ե. Ի. Ռոտենբերգ, Մ.: «Искусство», 1962.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլատերեսկո» հոդվածին։