Պապիրոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պապիրոլոգիա, պապիրուսի վրա գրված հին տեքստերն ուսումնասիրող գիտություն: Պապիրոլոգիայի կողմից ուսումնասիրվող պապիրոսները ծագում են հիմնականում Եգիպտոսի տարածքից, քանի որ այդ երկրի չոր կլիման նպաստավոր միջավայր հանդիսացավ դրանց պահպանման համար: Բացի հին եգիպտերենով գրված տեքստերից մեծ հետաքրքրություն են ներկայացնում հունարեն և լատիներեն լեզուներով գրված տեքստերը, որոնք պահպանվել են պապիրուսի վրա:

Պապիրոլոգիան՝ որպես սիստեմատիկ գիտություն, առաջացել է 1890-ական թթ., երբ Կրոկոդիլոպոլիս և Օքսիրինքոս հելլենիստական դարաշրջանի քաղաքներում պեղումներ կատարելու ժամանակ անգլիացի հնագետներ Գրենֆելն ու Հանթը հայտնաբերել են պապիրուսների պատառիկների վրա գրված հունարեն տեքստերի մեծ կույտեր:

Ներկայումս պապիրոլոգիայի առաջատար գիտական կենտրոններ են Օքսֆորդի համալսարանը, Հեյդելբերգի համալսարանը, Կոլամբիայի համալսարանը, և այլն:

Պապիրուսի վրա գրված հունարեն պատառիկների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հայտնաբերել և մշակութային ու գիտական շրջանառության մեջ դնել անտիկ գեղարվեստական և պատմական բնույթի մի շարք տեքստեր, որոնք մինչ այդ կորսված են համարվել: Այսպես, ներկա դրությամբ բացահայտվել է Մենանդրոսի մեկ ամբողջական կատակերգություն և մեծ հատվածներ նրա մի շարք այլ կատակերգություններից, Արիստոտելի «Աթենական պոլիս» երկը, աթենացի հռետոր Հիպերիդեսի ճառերը, Սաֆոյի և Կալիմաքոսի անհայտ բանաստեղծություններ և այլն: