Ուսանողների և ուսուցանողների իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուսանողների և ուսուցանողների իրավունքներ, իրավունքների խումբ են, որոնք ապահովում են կրթական գործընթացի երկու դերակատարների պաշտպանությունը կրթական գործընթացի ընթացքում։

Ուսանողների իրավունքները բարձրագույն ուսումնական հաստատություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողների իրավունքները բաժանվում են երկու խմբի՝ բովանդակային(այն իրավունքները, որոնցից ուսանողները կարող են օգտվել) և ընթացակարգային(մեթոդներ, որոնցով ուսանողները կարող են ստանալ իրենց բովանդակային իրավունքները)[1]։

Բովանդակային իրավունքներից առաջինը կրթության իրավունքն է։ Կրթության իրավունքը սահմանվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26րդ հոդվածում։ Այս իրավունքը ապահովում է հանդուրժողականության, մարդու իրավունքների և համամարդկային այլ արժեքների ամրապնդումը։ Օգտվելով իրենց կրթության իրավունքից՝ ուսանողները կարող են ստանալ անհրաժեշտ մասնագիտական կրթություն իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Բուհում ուսանողները իրավունք ունեն, ըստ իրենց ցանկության, ընտրելու մասնագիտացում և նաև փոխելու իրենց ընտրած մասնագիտացումը։ Ուսանողը իրավունք ունի ձևավորելու իր կրթության բովանդակությունը՝ հետևելով որոշ պայմանների, որոնք սահմանվում են մեծ մասամբ բուհի կանոնադրությամբ կամ երկրի օրենսդրությամբ։

Բոլոր ուսանողները իրավունք ունեն ստանալու հավասար հնարավորություններ՝ իրենց ընդունակություններին համապատասխան։ Ուսանողների կրթական գործընթացը պետք է պաշտպանված լինի ցանկացած հիմքով խտրականությունից(ռասիզմ, սեքսիզմ, էյջիզմ և այլն)[2]։

Բովանդակային իրավունքներից նաև պետք է նշել, որ ուսանողը իրավունք ունի մասնակցելու սեմինարների, կոնֆերանսների, այլ միջոցառումների, որոնք կազմակերպվում են բուհի կողմից։ Ուսանողը իրավունք ունի օգտվելու բուհի բոլոր հանրային ռեսուրսներից՝ գրադարաններ, լաբորատորիաներ, արխիվներ[3]։

Ընթացակարգային իրավունքի օրինակ է խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքը։ Պատմության ընթացքում տարբեր երկրներում ուսանողները օգտվել են վերոնշյալ իրավունքից՝ իրենց իրավունքների ոտնահարման դեպքերը բարձրաձայնելու և արդարության հասնելու համար։

Ուսանողների իրավունքների կանոնակարգումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործող բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի գլուխ 3 հոդված 17 կետ 3-ը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատուտություններում սովորողների իրավունքները, որոնցից մի քանիսն են.

  • Համալսարանի տրամադրած մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաներից ընտրություն կատարելու, իրենց կրթական գործընթացի բովանդակության պլանավորմանը մասնակցելու(ապահովելով պետական կրթական չափորոշիչների պահանջները), օգտվելու նույն կամ այլ բուհում դասավանդվող որևէ դասընթացի մասնակցության իրավունքից՝ համաձայն համալսարանների կանոնադրության,
  • Մասնակցելու համալսարանական կառավարման մարմիննների աշխատանքներին։ Այդ մարմիններն են հանդիսանում Ուսանողական խորհուրդը, Ուսանողական գիտական ընկերությունը, Գիտխորհուրդը և այլն։ Ուսանողները իրավունք ունեն ծանոթանալու բուհի կանոնադրության և այլ նորմատիվային փաստաթղթերի, կնքելու պայմանագիր բուհի հետ։
  • Անվճար օգտվելու բուհի ռեսուրսներից՝ գրադարան, լաբորատորիաներ, տեղեկատվական պահոցներ, մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և այլ գիտական միջոցառումներին։
  • Բողոքարկելու բուհի ղեկավար մարմնի հրամաններն ու կարգադրությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • Ստանալու վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • Ստանալու բարոյական և/կամ նյութական խրախուսանք՝ բարձր առաջադիմության և գիտական աշխատանքի իրականացման համար[3]։

Վերոնշյալ իրավունքները նաև արտացոլվում են պետական բուհերի կանոնադրություններում։ Օրինակ, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրություններում սահմանվում են ուսանողների իրավունքներ, որոնք գրեթե համընկնում են օրենքում առկա կետերի հետ[4][5]։

Դիտարկենք նաև մեկ ոչ պետական բուհ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի կանոնադրությունում առկա են ուսանողի իրավունքներ, որոնցից մի քանիսն են.

  • կրթությունում հավասար հնարավորությունների իրավունք,
  • ակադեմիական ազատություն,
  • կրթական գործընթացին մասնակցության իրավունք,
  • գաղտնիության իրավունք,
  • ուսանողական կառույցներ հիմնելու և դրանց անդամակցելու իրավունք,
  • ցանկացած բռնությունից զերծ լինելու իրավունք,
  • համալսարանում որոշումների կայացման գործընթացում որոշակի դեր(կարծիք հայտնել, նկատառումներ կատարել) ունենալու իրավունք,
  • ժամանակին ծանուցում ստանալու իրավունք,
  • բողոքարկելու իրավունք[6]։

Ուսանողական շարժումներ՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողները՝ որպես հասարակության մաս, մշտապես եղել են կանգնած քաղաքացիական, քաղաքական և սոցիալական շարժումների հիմքում։ Ուսանողական շարժումների սկիզբը կարելի է համարել 1229 թվականին Փարիզի համալսարանում տեղի ունեցած ուսանողական դասադուլը։ Դասադուլի պատճառը համալսարանի ուսանողների խախտված իրավունքներն էին։ Շարժումը տևել է 2 տարի, որի արդյունքում համալսարանը դադարեցրել է իր գործունեությունը[7]։

2010-2011 թվականներին Պուերտո Ռիկոյում տեղի ունեցած ուսանողական դասադուլի պատճառը վարձրավճարի բարձրացումն էր։ Ուսանողները փակվել էին Պուերտո Ռիկոյի համալսարանի 11 մասնաշենքերում` այդպես ցուցաբերելով իրենց անհնազանդությունը։ Դասադուլը տևել է 80 օր[8]։

Հայաստանում տեղի ունեցած ուսանողական շարժումներից կարելի է առանձնացնել կրթական հիմքով տարկետում ստանալու հետ կապված շարժումները։ Այդ շարժումներից վերջինը տեղի է ունեցել 2017 թվականի վերջին ամիսներին։ Այդպիսի շարժումներ եղել են նաև 1997 և 2004 թվականներին[9]։

2017 թվականի վերջին ամիսներին Ազգային ժողովում քննարկման դրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Դրանով սահմանափակվում էր կրթական հիմքով տարկետում ստանալու իրավունքը` այդպիսով, արական սեռի քաղաքացիները՝ 18 տարին լրանալուն պես, պարտադիր պետք է զորակոչվեին բանակ։ Այդ պատճառով ԵՊՀ-ի խումբ ուսանողներ սկսեցին դասադուլ, որին միացան նաև մյուս համալսարանների ուսանողները։ Հավաքները ընթանում էին փողոցներ փակելով, բանավեճերով և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներով։ 2017 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովը հաստատեց օրենքի նախագիծը։ Այսպիսով, մարեց շարժման ընթացքը[10]։

Սովորողների իրավունքները հանրակրթական դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրակրթական դպրոցնում սովորողների մեծ մասի անչափահաս լինելու հանգամանքով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում սովորողների իրավունքները երեխայի իրավունքների մասն են կազմում։ Երեխայի իրավունքների կոնվենցիայում ասվում է, որ մասնակից պետությունը պետք է ապահովի կոնվենցիայում սահմանված իրավունքների պաշտպանությունը իր ազդեցության տակ գտնվող հաստատություններում, որոնց թվին են դասվում հանրակրթական դպրոցները։ Կոնվենցիայի 28րդ հոդվածը սահմանում է.

«Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես.

    1. մտցնում են պարտադիր և անվճար տարրական կրթություն,
    2. խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր ձևերի, ներառյալ՝ ընդհանուր և մասնագիտական կրթության զարգացումը, ապահովում են դրանց մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն տրամադրելը և կարիքի դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,
    3. բոլոր համապատասխան միջոցներով ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,
    4. ապահովում են կրթական և մասնագիտական տեղեկատվության և ուղեցույցների մատչելիությունը բոլոր երեխաների համար,
    5. միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը։
  1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երաշխավորելու համար, որ դպրոցական կարգապահությունն իրականացվում է երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և սույն Կոնվենցիային համապատասխան։
  2. Մասնակից պետությունները խթանում և խրախուսում են միջազգային համագործակցությունը կրթությանը վերաբերող հարցերով, մասնավորապես, ամբողջ աշխարհում տգիտության և անգրագիտության վերացմանը և գիտատեխնիկական գիտելիքների և ուսուցման ժամանակակից մեթոդների մատչելիության հեշտացմանը նպաստելու նպատակով։ Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվում զարգացող երկրների կարիքներին։»[11]

Կոնվենցիայում սահմանվող վեց հիմնական իրավունքներն են.

  • խտրականությունից զերծ մնալու իրավունք (հոդված 2)
  • երեխայի լավագույն շահ (հոդված 3.1)
  • իրավունքների իմպլեմենտացիա (հոդված 4)
  • ընտանիքների և համայնքների կողմից խորհրդատվություն ստանալու իրավունք, երեխայի կարողությունների զարգացմանը համընթաց, որը միտված է օգնելու երեխային պահպանել իր իրավունքները(Հոդված 5)
  • կյանքի, գոյատևման և զարգացման իրավունք (հոդված 6)
  • մասնակցության իրավունք (հոդված 12)։

Սովորողների իրավունքների կանոնակարգումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ հանրակրթության մասին օրենքի հոդված 20-ը սահմանում է սովորողի՝ որպես կրթական գործընթացի մասնկացի իրավունքներն ու պարտականությունները։ Օրենքում նշված իրավունքներն են.

«

  1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ։ Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ։
  2. Սովորողն իրավունք ունի`
    1. ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
    2. ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
    3. անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
    4. մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
    5. պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
    6. ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
    7. ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
    8. ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
    9. օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից։
  3. Սովորողը պարտավոր է`
    1. կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
    2. ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
    3. հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
    4. կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ։»[12]

Ուսուցանողների իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցանողների կամ ուսուցիչների իրավունքները պաշտպանվում են պետության կողմից` պաշտպանելով նրանց հակասահմանադրական վնասներից և ապահովելով անխափան աշխատանքային միջավայր՝ ուսանողներին և սովորողներին կրթելու համար։ Ուսուցիչների իրավունքները ներառում են.

  • Ազատություն խտրականությունից - ուսուցիչը իրավունք ունի պաշտպանված լինել ցանկացած հիմքով խտրականությունից,
  • Ակադեմիական ազատություն,
  • Անդամակցելու ազատություն - ուսուցիչը իրավունք ունի անդամակցելու տարբեր կազմակերպությունների, ակումբների և այլն,
  • Կրոնի ազատություն,
  • Գաղտնիության իրավունք - ուսուցիչը իրավունք ունի անձական կյանքը գաղտնի պահել,
  • Հղիության իրավունք - ուսումնական հաստատությունը չի կարող աշխատանքից ազատել ուսուցչին՝ հղիության պատճառով[13][14]։

Ուսուցանողների իրավունքները ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցանողների կամ պրոֆեսորադասախոսական կազմի իրավունքները սահմանվում են ՀՀ բարձրագույն կրթության մասին օրենքի հոդված 19, կետ 5-ում, որը հետևյալն է.

«Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողն իրավունք ունի՝

    1. բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
    2. մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
    3. օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից՝ բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.
    4. ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
    5. բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
    6. ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեության համար։»[3]

Ուսուցանողների իրավունքները հանրակրթական դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցանողների կամ ուսուցիչների իրավունքները հանրակարթական դպրոցներում սահմանվում են ՀՀ հանրակրթության մասին օրենքի հոդված 27, կետ 1ում, որը հետևյալն է.

«Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

    1. մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
    2. ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
    3. մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
    4. բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
    5. առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
    6. oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
    7. ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
    8. պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
    9. ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
    10. իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
    11. հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
    12. մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
    13. դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
    14. օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից։»[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Student Rights». www.thecanadianencyclopedia.ca. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին. {{cite web}}: Text "The Canadian Encyclopedia" ignored (օգնություն)
  2. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր». 10.12.1948. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 «ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». www.arlis.am. 18.01.2005. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրություն» (PDF). 6.10.2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  5. ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրություն» (PDF).
  6. «Student Code of Ethics». policies.aua.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  7. «University of Paris strike of 1229». Academic Dictionaries and Encyclopedias (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Global Voices · Puerto Rico Student Protests 2010/11». Global Voices (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  9. «Yerevan State University students haven't attended the lectures since last Tuesday, when they came up with a statement protesting Armenian government's bill on military service». www.photolure.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Տարկետում․ կրթության ու բանակի արանքում».
  11. «Կոնվենցիա Երեխայի իրավունքների մասին». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  12. 12,0 12,1 «ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Teachers' Rights Basics». Findlaw (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Teacher Rights». www.educationrights.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Child Rights Education Toolkit

What are children’s rights?

Student Rights: From In Loco Parentis to Sine Parentibus and Back Again? Understanding the Family Educational Rights and Privacy Act in Higher Education