Շվեյցարիայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեյցարիայի հայկական տպագրություն (Ժնևի հայկական տպագրություն), սկզբնավորվել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին Ժնևում տպագրված «Հ. Յ. Դաշնակցութիւն։ Նվազագոյն պահանջներ (քաղւած ծրագրից)»

19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Ժնևում գործել է ՀՅԴ-ի տպարանը, որը տպագրել է շուրջ 20 անուն գիրք` Վեռներ Զոմբարտի «Սօցիալիզմը եւ սօցիալական շարժումը 19-րդ դարում» (թարգմանություն գերմաներենից, 1898), Ավետիս Ահարոնյանի «Պատկերներ հայ յեղափոխական կեանքից» (1901), «Ազատութեան ճանապարհին» (1902), Էդվարդ Ակնունու «Կովկասեան վէրքեր» (1913) երկերը, Պյոտր Կրոպոտկինի «Երիտասարդներին» (թարգմանություն ֆրանսերենից, 1898) աշխատությունը, «Մեծ մարդասպանի դէմ» (Պաշտօնական արձանագրութիւն եղեռնական ատեանի դատավարութեան կատարւած Կ. Պօլսում, 1906) գիրքը, Սիամանթոյի «Հայորդիները» (1906), Վտարանդիի «Վիտօշի բազէն» (1906) բանաստեղծությունների ժողովածուները և այլն[1][2]։

20-րդ դարի առաջին տասնամյակում Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության տպարանում հրատարակվել է Եսալեմի «Թող ֆակտերը խոսեն» (1904), Պոլ Լաֆարգի «Սօցիալիստական պարզ ճշմարտութիւններ» (թարգմանություն ֆրանսերենից, 1904), «Դրոշակի» տպարանում՝ Էդվարդ Ակնունու «Դէպի կռիւ» (1904), Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության տպարանում՝ Կարլ Մարքսի «Վարձու աշխատանք եւ կապիտալ» (թարգմանություն գերմաներենից, 1904), Գեորգ Բրանդեսի «Հայաստանը եւ Եւրոպան» (1907) և այլ երկեր։ Շուրջ 35 գիրք էլ Ժնևում տպագրվել է առանց տպարանի հիշատակության։ Լոզանում՝ Մարտիրոս Նալբանդյանի տպարանում տպագրվել է «Համառօտ տեղեկագիր եւ ընդարձակման ծրագիր Լօզանի հայ կրթարանին» (1907) գիրքը[2]։

19-րդ դարի վերջից մինչ այսօր Շվեյցարիայում հրատարակվել են շուրջ 10 անուն հայերեն պարբերականներ։ Բացի ՍԴՀԿ «Հնչակ» և ՀՅԴ «Դրօշակ» թերթերից` Շվեյցարիայում 20-րդ դարի սկզբին հրատարակվել են հայ սոցիալ-դեմոկրատների «Հանդէս» (Ժնև, 1900) և «Բանւոր» (Ժնև, 1904) պաշտոնական պարբերականները, որոնք, սակայն, Շվեյցարիայի հայերի կյանքին գրեթե չեն անդրադարձել։ 1904–1905 թվականներին Լոզանում տպագրվել է «Գիտություն» գիտահանրամատչելի ամսաթերթը, 1979–1984 թվականներին Ժնևում՝ «Ցոլք» պարբերաթերթը։ Ներկայում լույս են տեսնում «Շնորհալի», «Մենք» և «Արձագանք» պարբերականները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՅԴ-ի տպարանի հրատարակած գրքերի ցանկը» (PDF).
  2. 2,0 2,1 2,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 846. ISBN 978-5-89700-042-5.