Պյոտր Կրոպոտկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kropotkin Nadar.jpg

Պյոտր Ալեքսեևի Կրոպոտկին (ռուս.՝ Пётр Алексе́евич Кропо́ткин; դեկտեմբերի 9, 1842, Մոսկվա - փետրվարի 8, 1921, Դմիտրով, Սովետական Ռուսաստան), ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան։

Անդամակցել է չայկովականների նարոդնիկական կազմակերպությանը, 1874 թվականին բանտարկվել է, երկու տարի անց փախել արտասահման։ Մասնակցել է անարխիստական կազմակերպությունների գործունեությանը։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան։ Ընդունելով անարխիզմի հիմնադիրների հիմնական սկզբունքները, Կրոպոտկինը, ի տարբերություն Պ. Ժ. Պրուդոնի, կողմնակից էր սոցիալական հեղափոխությանը, որն ըմբռնել էր ոչ որպես տարերային խռովություն, ինչպես Մ. Ա. Բակունինը, այլ ժողովրդի գիտակցական գործունեություն։ Հանդես գալով ընդդեմ հասարակության կենտրոնացված կազմակերպության և ժխտելով պետության անհրաժեշտությունը, ապագա «կոմունիստական» հասարակությունը Կրոպոտկին պատկերացրել է բազմաքանակ ինքնուրույն համայնքների ` կոմունաների միություն: Նրա անարխիստական իդեալը արտահայտել է մանր արտադրողների շահերը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ունեցել է պաշտպանողական, շովինիստական կողմնորոշում, որի համար քննադատել է Վլադիմիր Իլյիչ Լենինը: Կրոպոտկինն ընդունել է Հոկտեմբերյան հեղափոխության պատմական նշանակությունը, բարձր գնահատել սովետների դերը: 1920 թվականին միջազգային պրոլետարիատին կոչ է արել խոչընդոտել Սովետական Ռուսաստանի դեմ ինտերվենցիան:

Ուսումնասիրել է Հյուսիսային Մանջուրիայի և Սիբիրի առանձին շրջաններ, Ֆինլանդիայի և Շվեդիայի սառցադաշտային նստվածքները: Մշակել է Արևելյան Սիբիրի լեռնագրական սխեման, զբաղվել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի յուրացման հարցերով և տեսականորեն հիմնավորել Ֆրանց Իոսիֆի երկրի գոյությունը: 1903-04 թթ. Կրոպոտկինն առաջ է քաշել «Եվրասիա մայր ցամաքի չորացման» մասին հիպոթեզը։ Կրոպոտկինի անունով են կոչվում՝ լեռնաշղթա Պատոմի բարձրավանդակում, լեռնաշղթա և հրաբուխ Արևելյան Սայաններում, քաղաք Կրասնոդարի երկրամասում և Իրկուտսկի մարզում և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png