Հնչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հնչակ», հասարակական-քաղաքական ամսաթերթ, կիսամսյա, տասնօրյա թերթ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան։ Լույս է տեսել 1887-1915-ին և 1935-40-ին՝ Ժնևում (1887-92), Աթենքում (1892-94), Լոնդոնում (1894-1904), Փարիզում (1904-15), Փրովիդենսում (ԱՄՆ, 1935-40)։ Խմբագիրներ՝ Ա. Նազարբեկ, Ռ. Խանազատ, Գ. Կաֆյան, Ս. Հովյան, Ս. Սապահ-Գյուլյան և ուրիշներ։

Թերթի հիմնադրման նպատակն էր հայ ժողովրդի ազգ-ազատագրման պայքարի, Արմ. Հայաստանի ազատագրման, հնչակյան կուսակցության գաղափարների տարածումը։ Ծավալուն տեղ է հատկացրել արևմտահայության տնտեսական և քաղաքական կացության լուսաբանմանը, անդրադարձել Թուրքիայի հայաջինջ քաղաքականությանը։ «Հնչակ»-ի շնորհիվ միջազգային հասարակայնությունը տեղեկացել է Կարինի ու Կոստանդնուպոլիսի հակակառավարական ցույցերի (1890), Սասունի (1894), Զեյթունի (1895) ու Վանի (1896) ինքնապաշտպանության և, ընդհանրապես, հայդուկային շարժման մասին։ Գործունեության երկրորդ շրջանում (1935-40) թերթի հիմնական հարցը կրկին եղել է հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին համախմբվել Հայաստանի շուրջը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png