Շանդոր Պետեֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Orlai-petofi1.jpg

Շանդոր Պետեֆի (հունգ. Sándor Petőfi, 1 հունվարի 1823 Կիշկյորյոշ - 31 հուլիսի 1849 Ֆեհերեդհազա), հունգարացի բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ: 1842-ին լույս է տեսել Պետեֆիի «Հարբեցողը» առաջին բանաստեղծությունը, 1844-ին` Վյորյոշմարտիի հանձնարարականով, «Բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ դրսևորվում է Պետեֆիի ժողովրդական աշխարհընկալումն ու ռեալիզմը: Բանաստեղծություններից շատերը («Ես խոհանոց մտա մի օր...» 1843, «Առևտուր» 1845, և այլն) դարձել են ժողովրդական երգեր: Պետեֆիի պոեզիայում խռովարարական բողոքը շուտով ստանում է դեմոկրատական երանգ («Ընդդեմ արքաների» 1844, «Վայրի ծաղիկ» 1844): «Գյուղական մուրճ» (1844) և «Դյուցազն Յանոշը» (1844) ստեղծագործություններով Պետեֆին հեռացավ ժամանակի իշխող պահպանողական, կեղծ ռոմանտիկական կանոններից և ընդունեց բուն ժողովրդական ձև ու բովանդակություն: Սիրային հիասթափությունները, «կոպտության» և «անճաշակության» համար քննադատական հարձակումները, տագնապը իր երկրի նկատմամբ Պետեֆիին հասցրին հոգեկան ճգնաժամի: «Ամպեր» (1845-46) շարքը տոգորված է կենցաղի աններդաշնակության զգացումով: «Պիշտա Սիլայ» (1846), «Շալգո» (1846) պոեմները բովանդակում են ողբերգական մոտիվներ: Պետեֆիի պոեզիան հետզհետե դառնում է հասարակական պայքարի «օրացույց» («Ինձ մի բան է անհանգստացնում» 1846, «Պալատն ու խրճիթը», «XIX դարի պոետներին», «Ժողովրդի անունից», «Հերոսները քրջերի մեջ» 1847):

1847-ին Պետեֆին գլխավորել է «Երիտասարդ Հունգարիա» կազմակերպությունը, մասնակցել բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ծրագրի մշակմանը («12 կետ»), Վաշվարի հետ ղեկավարել Պեշտի և Բուդի 1848-ի մարտի 15-ի հեղափոխական ապստամբությանը: Պետեֆին հանդես է եկել ֆեոդալիզմը ամբողջովին վերացնելու օգտին, կոչ արել խորացնելու հեղափոխությունը, ստեղծելու Հունգարիայի անկախ դեմոկրատական հանրապետություն: Բանաստեղծ-հռետորը պահանջում էր ժողովրդական իրավունքների լրիվ իրականացում («Ազգային երգ» 1848, «Թագավորներին դեպի կախաղան» 1848, և այլն): Ազնավականների կողմից ձախողվեով Ազգային ժողովի ընտրություններում` Պետեֆին 1848-ի սեպտեմբերին ընդունվել է հեզափոխական բանակ, գրել զինվորներին փառաբանող մարտական երգեր: Նրա քնարերգությունը, ինչպես նախկինում, միաձուլված էր հեղափոխական գաղափարների հետ, բայց նրանում կային նաև ողբերգական նոտաներ («Սարսափելի ժամանակներ», «Կյանք կամ մահ», «Առաքյալ», 1848, լրիվ հրատարակված 1874): Պետեֆին զոհվել է ցարական կազակների հետ ընդհարման ժամանակ:

Պետեֆիի գործերը թարգմանվել են հայերեն Գրիգոր Արեյանի կողմից:

Աղբյուրներ [խմբագրել]

(1983) "Հատոր 9", Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, էջ 253։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png