Նանե (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը պարախմբի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Նանե (այլ կիրառումներ)։

«Նանե» շոու-բալետը երիտասարդ պրոֆեսիոնալ կոլեկտիվ է, որն ունի իր ուրույն տեղը հայկական ժամանակակից պարարվեստում: Այն ստեղծվել է 1997թ., սկզբում որպես եռյակ, որի պարացանկում ընդգրկված էին հիմնականում աշխարհի ժողովուրդների պարեր: Այսօր արդեն, երկար, համառ աշխատանքի արդյունքում ստեղծվել է ինքնուրույն ոճ ու որակ ունեցող անսամբլ, որը սիրված ու ճանաչված է հանդիսատեսի կողմից: «Նանե»- ի կազմը շատ երիտասարդ է: Նրա գեղարվեստական ղեկավարը 30 տարեկան է, իսկ պարուհիների տարիքը չի գերազանցում 23–ը: Անսամբլի պարացանկը բազմազան է: Հայկական ժողովրդական նազելի պարերին հետևում են կովկասյան կրակոտ ռիթմերը, Տաթևիկ Հովհաննիսյանի դյութիչ ձայնի ներքո հայկական ժողովրդական պարը սինթեզվում է ջազային էլեմենտներով ու ծնվում է նոր մտածելակերպ:

«Նանե»- ի պարացանկը ընդգրկում է Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական պարեր, դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Նանե»- ի ստեղծված կերպարները նման չեն մեկը մյուսին, սակայն նրանց բոլորի համար ընդհանուր է անկեղծությունն ու երկրի հազարամյա պատմությանը հավատարիմ լինելը:

Արդեն 6 տարի «Նանե» խմբին կից գործում է «Փոքրիկ Նանեներ» պարային ստուդիան, որտեղ սովորում են 3.5 – 15 տարեկան 50 երեխա: Նրանցից լավագույնները ըդգրկված են «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլում, որն իր ստեղծման առաջին իսկ օրից զարմացնում է հանդիսատեսին իր վարպետությամբ:

«Նանե»-ն և «Փոքրիկ Նանեներ»-ը հանդես են գալիս Հայաստանի պրոֆեսիոնալ բեմերում և նրանց համերգային գրաֆիկը այսօր բավականին ծանրաբեռնված է, իսկ ետևում տարբեր աստիճանների հարյուրավոր համերգներ են՝ կառավարական, բարեգործական, համերգներ զորամասերում, նկարահանումներ, ռադիո – հեռուստաեթերներ, անդրադարձ մամուլում, մասնակցություն փառատոնների: Սա է «Նանե»-ի այսօրվա կյանքը:

«Նանե»-ի ձեռքբերումներից է «Էրվում եմ, Էրվում» համերգային ծրագիրը Շուշան Պետրոսյանի հետ համատեղ Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական թատրոնում / 2002թ./, «Դլե յաման» ծրագիրը ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մասնակցությամբ՝ Գյումրիում և Վանաձորում /2002թ./, ինչպես նաև «Շուշանիկ» պարային ներկայացումը և «Երբ սիրտն է խոսում» համերգային ծրագիրը, որոնք տեղի ունեցան Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական թատրոնում հունիսի 21- ին /2006թ./։

«Նանե» պարային անսամբլը հանդես է եկել ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, Դետրոյթում , Լոս-Անջելեսում, Ռուսաստանի դաշնությունում, Հոնգկոնգում, Բեյրութում։

2006թ. ապրիլին «Նանե»-ն մասնակցեց «Երկինքը պարում է» հեռակա վիդեոմրցույթին /Մոսկվա/ և արժանացավ հետևյալ մրցանակների՝ «Գրան Պրի» «ժամանակակից պարեր» ժանրում , որտեղ ներկայացված էին «Ադանա» և «Շինդլերի ցուցակը» բեմադրությունները, իսկ «Դասական պար» և «Օրիգինալ ժանր» անվանակարգերում «Նանե»-ն ճանաչվեց լավագույնը և արժանացավ 4 առաջին մրցանակների։

«Նանե» ստուդիայի սան Գայանե Տերտերյանը դարձավ ոսկե մեդալակիր «Վիեննայի համաստեղություն» միջազգային մրցույթում, Ավստրիա, 2006 թ.։