Նահապետ Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահապետ Ազատի Տոնոյան
18․10․1960թ․ - 19․09․1992թ
ԾննդավայրԱպարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Հրամանատարն էրԱպարանի վաշտի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Նահապետ Ազատի Տոնոյան (հայտնի է եղել նաև Ֆեդյա անունով, հոկտեմբերի 18, 1960, Ապարան - սեպտեմբերի 19, 1992, Ղոչազ լեռ, Բերձորի հատված), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հրամանատար[1][2]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1975 թվականներին հաճախել է Ապարան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1979 թվականին ավարտել է թիվ 40 պրոֆտեխուսումնարանը։ 1980-1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում[1]։

Մասնակցությունը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի հունիսին ստեղծվում է Ապարանի կամավորական ջոկատը։ Հետագայում ջոկատի հիմքի վրա կազմավորվել է «Հատուկ գնդի» Ապարանի վաշտը, որի հրամանատար է նշանակվել Նահապետ Տոնոյանը։ Վաշտի հրամանատարի գլխավորությամբ Ապարանի վաշտը առաջին մարտական մկրտությունը ստանում է 1989 թվականին Ղափանի Եղվարդ և Ուժանիստ գյուղերի ինքնապաշտպանական մարտերում։ Այնուհետև վաշտը մասնակցել է սահմանամերձ մի քանի շրջանների պաշտպանությանը։ 1990 թվականի նոյեմբերին Նահապետ Տոնոյանի գլխավորությամբ վաշտը մեկնել է Վարդենիս մարտական հանձնարարություն կատարելու։ Ձմռան ընթացքում մի շարք մարտական գործողությունների մասնակցելուց հետո, ապրիլի 3-ից մայիսի 7-ը այլ ջոկատների հետ Ապարանի վաշտը իրականացնում է Իջևանի շրջանի Կիրանց, Ոսկեպար, Աջառկուտ գյուղերի պաշտպանությունը։ Հունիսի սկզբից վաշտը մարտական գործողությունների է մասնակցում Սիսիանում։ 1991 թվականի օգոստոսի 18-ին Ապարանի վաշտը մեկնում է Շահումյանի շրջան, մասնակցում Բոզլուխ, Վերին շեն, Մանաշիդ գյուղերի համար ծավալված մարտական գործողություններին։ 1991 սեպտեմբերի 26-ին վաշտի մի մասը մնում է Խարխափուտում, մյուս մասը մեկնում է Ղարաչինար։ 1992-ի մարտի 16-ին վաշտը կրկին մեկնում է Շահումյանի շրջան (բուն Շահումյան), որտեղ ապարանցիները տալիս են իրենց առաջին զոհը՝ Ռաֆոն։ 1992 թվականի մայիսի 5-ին վաշտը մեկնում է Երասխ, Մայիսի 14-ից հունիսի 5-ը Նահապետ Տոնոյանի գլխավորությամբ վաշտը իրականացնում է Բերձորի հատվածի հարավային կողմի պաշտպանությունը, որը շարունակվում է մինչև հունիսի 25-ը՝ այս անգամ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հունիսի 18-ին Տոնոյանը վաշտի 15 մարտիկների և «Հատուկ գնդի» այլ վաշտերի մարտիկների հետ մեկնում է Մարտակերտ, մասնակցում տեղի մարտական գործողություններին։ Օգոստոսի 5-ին վաշտի մի մասը Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ մեկնում է Բերձոր՝ Ղոչազի բարձունքը պահելու։ Այստեղ օգոստոսի 20-ից Ռազմիկին փոխարինում է Վահագն Մովսիսյանը, իսկ սեպտեմբերի 5-ին՝ Ֆեդյան։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան ծանր վիրավորվում է Ապարանի վաշտի մեկ այլ մարտիկ՝ Գեդեոն Ղարիբյանը։ Ֆեդյան որոշում է նրան բուժկետ հասցնել։ Այդ ընթացքում հակառակորդի ուժերը շրջափակել էին Ղոչազի բարձունքը։ Վիրավոր Գեդեոնի հետ Ֆեդյայի ՈՒԱԶ մակնիշի մեքենան մտնում է անտառ և այդպես էլ այնտեղից դուրս չի գալիս։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 2։ 30-ին շրջափակումը վերացվում է։ Գտնվում են Ֆեդյայի և Գեդեոնի դիերը։ Հավանաբար Ֆեդյան իրենց պայթեցրել էր հենց մեքենայի մեջ, որից հետո միայն ազերիները նրանց մարմինները դուրս էին քաշել և անմարդկային դաժանությամբ խոշտանգել[1][2]։

Նահապետ Տոնոյանը ամուսնացած էր, ունի երեք զավակ։ Թաղված է Ապարանի եղբայրական գերեզմանատանը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առաջին աստիճանի մեդալներով, «Հատուկ գունդ», «Վազգեն Սարգսյան», «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով և «Առաջին գունդ», «Մայրական երախտագիտություն» մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, Երևան 2004 թվական։
  2. 2,0 2,1 «Անքննելի է…» հոդված hayzinvor.am կայքում, (արխիվացված 05․07․2022թ․)։