1858 թվականին ավարտել է Փարիզի Մուրադյան վարժարանը, որտեղ նրան դասավանդել են Գ․ Այվազովսկին, Ղ. Ալիշանը և այլք։ Կրետեում ու Թուրքիայում վարել է զանազան պետական պաշտոններ (թարգմանիչ, մաքսատան վերատեսուչ, ելևմտից խորհրդական, սուլթանի անձնական գանձի նախարար և այլն)։ Հրատարակության է պատրաստել Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» երկի գրաբար բնագիրը, որին ուղեկցում են հեղինակի ու դստեր՝ Աշխեն Փորթուգալի, առաջաբանը, Փ․ Մ․ Փաշաի ծանոթագրությունները՝ նվիրված Եղիշեին և նրա երկի տպագրություններին ու թարգմանություններին, Հայաստանի վիճակին, պարսկերենին, պարսից կրոնին, Կովկասի պատմական աշխարհագրությանը։ Հեղինակն իր «Եղիշեի վարդապետի վասն Վարդանայ և Հայոց պատերազմի և քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ» (1903) քննական ուսումնասիրությունում հատուկ ուշադրություն է դարձրել Վասակ Սյունու պատմական դերի գնահատմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։