Միացյալ հայկական ֆոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միացյալ հայկական ֆոնդ
Տեսակհիմնադրամ
Երկիր ԱՄՆ
ՀապավումՄՀՖ / MHF
Հիմնադրվածնոյեմբերի 7, 1989
Նպատակներհամակարգել սփյուռքի օգնությունը 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին, հաղթահարել շրջափակման արգելքները՝ օդանավային կանոնավոր առաքումներ կազմակերպելու միջոցով
Գլխադասային գրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
վարիչ-տնօրենՀարութ Սասանյան
ՀիմնադիրՀարութ Սասունյան

Միացյալ հայկական ֆոնդը (ՄՀՖ, անգլերեն՝ United Armenian Fund) բարեգործական կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1989 թ. նոյեմբերի 7-ին, Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հասարակական գործիչ Հարութ Սասանյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարանների, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության և Քըրք Քըրքորյանի «Լինսի հիմնարկի» միացյալ ջանքերով։ Նպատակն էր համակարգել և ավելի արդյունավետ դարձնել սփյուռքի օգնությունը 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին, հաղթահարել շրջափակման արգելքները՝ օդանավային կանոնավոր առաքումներ կազմակերպելու միջոցով։

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի երկրաշարժից հետո

Ֆոնդի առաջին բեռնատար օդանավը Հայաստան է ուղարկվել 1989 թ.՝ աղետի գոտու բնակչությանը հասցնելով շուրջ 30 տ մարդասիրական օգնություն։ Գործունեության առաջին տարվա ընթացքում ֆոնդը Հայաստան է առաքել 15 օդանավ՝ 12 միլիոն դոլար արժոդությամբ 500 տ բեռ (ձմեռային հագուստ, սնունդ, սարքավորումներ են)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1993 թթ. ձմռանը ֆոնդը, ՀՀ կառավարության առաջարկությամբ, 400 հազար դոլար գումարով 12 հազար նավթավառ, մեծ քանակությամբ կաթի փոշի է առաքել Հայաստան, оդանավերով Եվրոպայից և ԱՄՆ-ից Հայաստան է հասցրել ամիսը միջին հաշվով 40 տ օգնություն։ 1989 թվականից ի վեր ֆոնդը ավելի քան 120 օդային և մոտ 600 ծովային առաքումներով Հայաստան և Արցախ է հասցրել շուրջ 350 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

Սկզբում կազմակերպությունն առանձնակի կարեորություն է տվել դեղորայքի և բժշկական սարքերի մատակարարմանը։ Սակայն ժամանակի ընթացքում, ելնելով Հայաստանի և Արցախի տնտեսական կացության թելադրանքից, ընդլայնել է գործունեության ասպարեզը։

1993 թ., երբ Հայաստանը հայտնվել էր էներգետիկ ճգնաժամի մեջ, ֆոնդը, ՀՀ կառավարության «Ձմեռ 94» ծրագրի շրջանակներում, կազմակերպել է հանգանակություն, որի արդյունքում Հայաստանին հատկացվել է 21 միլիոն դոլարի վառելանյութ (7 միլիոն հավաքել էին սփյուռքահայ տարբեր համայնքներ, 14 միլիոն նվիրաբերել էր Ք.Քըրքորյանի «Լինսի հիմնարկը»)։

Ներկայումս (2003 թ.) ֆոնդի օգնությունը ներառում է գլխավորապես դեղորայք և բժշկական սարքավորումներ, ինչպես նաև համակարգիչներ, կապի միջոցներ, գյուղատնտեսական և կրթական պիտույքներ հայաստանյան և արցախյան հաստատությունների համար։ Ֆոնդը ֆինանսավորել է մի շարք առաողջապահական ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանի մանկական սրտաբանական կենտրոնը։ Ֆոնդն ունի առողջապահական, շինարարական և տնտեսական բնագավառների մասնագետներից բաղկացած հանձնախմբեր։ Վարչական կարիքների համար հիմնադրամը ծախսում է իր եկամտի 1%-ից էլ քիչ։

Ֆոնդի տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման օրվանից Միացյալ հայկական ֆոնդի վարիչ-տնօրենն է Հարութ Սասանյանը («California Courier» շաբաթաթերթի հրատարակիչ ու խմբագիր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։