Մեքենաշինական տեխնոլոգիաները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեքենաշինական տեխնոլոգիաները Հայաստանում, Հայաստանում նյութերի մշակման և կտրման բնագավառի առաջին հետազոտությունները կատարվել են տարբեր քարատեսակների (գրանիտ, մարմար, բազալտ և այլն) համար։ Բացահայտվել է կտրման պարամետրերի ու կտրող գործիքի մաշման շարժընթացի կապը, ստացվել են կտրման դինամիկական ցուցանիշները և տարբեր քարերի համար կտրման լավագույն արագությունները։ Այդ հետազոտությունների արդյունքները հիմք են ծառայել կտրման տեսության հիմունքների ձևավորման (Մ. Կասյան, Տեր-Ազարև) և բազային քարաֆրեզիչ հաստոցի ստեղծման համար։

Հետազոտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարանի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնում, այնուհետև Մետաղահատ հաստոցների փորձարարական Գիտահետազոտական ինստիտուտի անդրկովկասյան մասնաճյուղում և «Հայմեքշինգիտ» ինստիտուտում ծավալվել են նոր տեսակի մետաղահատ հաստոցների, կտրող գործիքների նոր կոնստրուկցիաների մշակման, կտրման լավագույն ռեժիմների ընտրության համալիր հետազոտություններ։ Երևանի պետական համալսարանում, մետաղահատ հաստոցների փորձարարական Գիտահետազոտական ինստիտուտում, «Հայմեքշինգիտ»-ում, Երևանի պետական համալսարանի Վանաձորի և Գյումրիի մասնաճյուղերում կատարված հետազոտությունները հանգեցրել են մրրկապատճենահանման, էլեկտրաքիմիական մշակման, սինթետիկ կորունդը որպես կտրող գործիք օգտագործելու հետ կապված նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։ ԵՊՀ-ի մեխանիկական ու մեքենաշինության ֆակուլտետներում ժամանակին գործող գերձայնային տեխնոլոգիաների և կտրման հոսքաբանության հետազոտական լաբորատորիաներում ուսումնասիրվել են տարբեր կառուցվածքային նյութերի մեխանիկական մշակման ժամանակ առաջացող երևույթների (Մ. Կապան, Գ. Մինասյան), տեխնոլոգիական տարբեր միջավայրերում (Հ. Մարգարյան) ու գերձայնային դաշտում (Մ. Վարդանյան) կտրման առանձնահատկությունները, ալմաստային հղկման դեպքում կտրող հատիկների բացման և այլ երևույթներ, որոնք հիմք են դարձել պտտման մարմինների շրջատաշման ու ներտաշման գործողությունների կատարելագործման և նոր կտրող գործիքների ստեղծման համար։ Մշակվել է արտամշակման մեթոդով էլեկտրաշարժիչների իրանների ստացման նոր տեխնոլոգիա (Ռ. Հարությունյան)։ Ներկայումս նյութերի մշակման ասպարեզում ՀՀ-ի առաջատար հետազոտական կենտրոնը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական տեխնոլոգիաների հետազոտության լաբորատորիան է, որի հիմնական գիտական ուղղությունը ժամանակակից տեխնոլոգիական շարժընթացների կատարելագործման հոսքաբանական հիմունքների զարգացումն է։ Ծավալվել են հետազոտություններ՝ նյութերի կտրման նոր տեսության մշակման ուղղությամբ՝ կտրման շարժընթացում առաջացող թերմոդինամիկական երևույթների հաշվառումով, որը թույլ է տվել մշակել գերձայնային ներգործմամբ կտրման նոր տեխնոլոգիա (Ս. Խրիստաֆորյան)։ Հետազոտությունների մյուս հեռանկարային ուղղությունը բազմասայր կտրող գործիքներով կտրման շարժընթացի ուսումնասիրությունն է՝ գերձայնային դաշտի վերադրմամբ, և գերձայնային տեխնոլոգիաների ու սարքավորման նոր տարատեսակների մշակումը (Բ. Բալասանյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։