Մերի Հարրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Հարրիս
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մայիսի 1, 1830 և ոչ ուշ քան օգոստոսի 1, 1837
ԾննդավայրԿորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 30, 1930(1930-11-30)[1][2] (100 տարեկան)
Մահվան վայրՍիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
ԳերեզմանUnion Miners Cemetery
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունուսուցչուհի, արհմիութենական գործիչ, իրավապաշտպան, գրող, union organizer և community organizer
ԿուսակցությունԱմերիկայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Mother Jones Վիքիպահեստում

Մերի Հարրիս Ջոնս (անգլ.՝ Mary Harris Jones, ավելի հայտնի է որպես «Մայր Ջոնս», անգլ.՝ Mother Jones, ոչ վաղ քան մայիսի 1, 1830 և ոչ ուշ քան օգոստոսի 1, 1837, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 30, 1930(1930-11-30)[1][2], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկյան արհմիութենական և հասարակական գործիչ, «Աշխարհի իդուստրիալ աշխատավորներ» ձախ արմատական սինդիկալիստական միավորման ակտիվիստ։

Այն բանից հետո, երբ 1867 թվականին Ջոնսի ամուսինը և չորս երեխաները մահացան դեղին տենդից, և նրա հագուստի խանութը ավերվեց 1871 թվականի Չիկագոյի Մեծ հրդեհի ժամանակ, Մերի Հարրիսը դարձավ «Աշխատանքի ասպետներ» և «Միացյալ հանքի աշխատողներ» արհմիության կազմակերպիչը։ 1902 թվականին նրան անվանել են «Ամերիկայի ամենավտանգավոր կինը»՝ հանքի աշխատողներին և նրանց ընտանիքներին հանքի տերերի դեմ կազմակերպելու գործում ունեցած հաջողությունների համար։ 1903 թվականին, ի նշան բողոքի Փենսիլվանիայի հանքերում և մետաքսի գործարաններում երեխաների աշխատանքի օրենքների թույլ կիրառման դեմ, նա կազմակերպել է երեխաների երթ Ֆիլադելֆիայից մինչև Նյու Յորքում գտնվող նախագահ Թեոդոր Ռուզվելտի տուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Հարրիսը ծնվել է Կորկ քաղաքի մերձակայքում (Իռլանդիա)։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա մկրտվել է 1837 թվականի օգոստոսի 1-ին (կաթոլիկ հավատքը հետագայում նրա համար ոգեշնչման կարևոր աղբյուր է դարձել աշխատավորական պայքարում, թեև նա թերահավատորեն է վերաբերել պաշտոնական եկեղեցուն)։ Նրա պապը կախաղան է բարձրացվել բրիտանական գաղութատիրության դեմ ապստամբելու համար։ Դեռևս փոքր հասակում, նա տեսել է, թե ինչպես են անգլիացի զինվորները սվիններով սպանում վիրավորներին և իռլանդացի ապստամբ գերիներին։ Շուտով այն բանից հետո, երբ նրա հայրը ձերբակալվել է բրիտանական իշխանությունների կողմից՝ իռլանդական հանրապետական շարժմանը մասնակցելու համար և կղզու բնակչությունը զանգվածաբար մահացել է «կարտոֆիլի սովից», Մերին և իր ընտանիքը լքել են Իռլանդիան։ Նրանք տեղափոխվել են Նոր աշխարհ գաղթած ընտանիքի հոր մոտ, ով աշխատել է երկաթուղու շինարարության վրա և հաստատվել են Տորոնտոյում (Կանադա)[4], որտեղ էլ նա անցկացրել է իր երիտասարդությունը։ Դպրոցն ավարտելուց հետո նա 23 տարեկանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է որպես դպրոցի ուսուցչուհի (կամ դաստիարակ կանանց մենաստանում) Մոնրոյում (Միչիգան նահանգ) և Չիկագոյում, ապա որպես դերձակուհի Մեմֆիսում (Թենեսի նահանգ

1861 թվականին նա ամուսնացել է բանվոր մետալուրգ և երկաթուղային աշխատող Մեմֆիսի ձուլագործ բանվորների Ազգային արհմիութենական կազմակերպիչ Ջորջ Ջոնսի հետ[5][6], ով էլ նրան ծանոթացրել է արհմիութենական աշխատանքին։

Արհմիութենական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրիսի կարիերայում կարելի է առանձնացնել երկու շրջադարձային կետ։ Առաջինը ամուսնու և բոլոր չորս երեխաների մահն է եղել 1867 թվականին Թենեսիում դեղնախտի համաճարակի ժամանակ (նա հիշում է այդ համաճարակի տենդի մասին․ «Նրա զոհերն առաջին հերթին աղքատներն ու աշխատավորներն էին։ Հարուստները կարող էին իրենց թույլ տալ հեռանալ քաղաքից։ Դպրոցներն ու եկեղեցիները փակ էին։ Հիվանդների տներ չէր կարելի մտնել առանց հատուկ թույլտվության։ Աղքատները բժշկական օգնություն չէին ստանում։ Մահը շրջապատել է մեզ բոլոր կողմերից։ Դիակները թաղում էին գիշերն առանց որևէ արարողության։ Անընդհատ լսում էի խելագար բղավոցներ և լաց»)։ Երկրորդը 1871 թվականին Չիկագոյում բռնկված մեծ հրդեհի ժամանակ իր ողջ ունեցվածքի կորուստն է եղել, որտեղ նա տեղափոխվել էր իր ընտանիքի մահից հետո՝ աշխատելու որպես դերձակ։ Հրդեհից հետո իրեն օգնելու և քաղաքի վերակառուցմանը մասնակցելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հարրիսը միացել է բանվորական շարժմանը և ընդունվել «Աշխատանքի ասպետներ» միավորում, որը հանդիսացել է «Աշխարհի արդյունաբերական աշխատողներ»-ի (Industrial Workers of the World, ԱԻԱ) նախորդը, որի ստեղծման գործում 1905 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Մայր Ջոնսը (հիմնադիրների թվում, ի թիվս այլ սոցիալիստ և անարխիստ գործիչների, եղել է ևս մեկ կին՝ Լյուսի Փարսոնսը)։ Իրեն դրսևորելով որպես ողջ երկրում գործադուլների կազմակերպիչ և տեսաբան նա մասամբ ներգրավված է եղել նաև «Ամերիկայի լեռնահանքային արդյունաբերության միավորված աշխատավորներ» («Ամերիկայի միավորված հանքագործներ» United Mine Workers, UMWA) արհմիության և Ամերիկայի սոցիալիստական կուսակցության գործունեության մեջ։

Մայր Ջոնսը գիրք ընթերցելիս, 1910-ական թվականներ

Որպես արհմիության ղեկավար՝ նա սկսել է գործադուլավորների կանանց և երեխաների հետ ցույցեր՝ ի աջակցություն նրանց։ 1877 թվականին նա օգնել է կազմակերպել երկաթուղային գործադուլ Փիթսբուրգում և Բալթիմորում։ 1880 թվականից շրջել է երկրով մեկ՝ աշխատողների համար ուսուցողական դասախոսություններ անցկացնելով «Նստեք և կարդացեք։ Պատրաստվեք ապագա մարտերին» կարգախոսով։ 8-ժամյա աշխատանքային օր սահմանելու հետ կապված Չիկագոյի հայտնի գործադուլը (1886 թվականի մայիսի 1) և հետագա իրադարձությունները, որոնք պատմության մեջ մտել են «Հեյմարկետի խռովություն» անունով, նա իր իսկական ծննդյան օրն է համարել, կարեկցելով ոստիկանության և անարխիստների կողմից գնդակահարված գործադուլավորներին։ Հետագայում Մերի Ջոնսը մասնակցել է 1894 թվականի երկաթուղային գործադուլին Բիրմինգհեմում (Ալաբամա), 1902 թվականի հանքագործների գործադուլին՝ Փենսիլվանիայում և 1919 թվականի մետալուրգների համազգային գործադուլին։ Ջոնսը ակտիվորեն պայքարել է արտադրության մեջ երեխաների աշխատանքի օգտագործման դեմ (1900 թվականին ԱՄՆ-ի մարդահամարը ցույց է տվել, որ դրանում ներգրավված է եղել մինչև 16 տարեկան երեխաների առնվազն 1/6-ը)։ 1901 թվականին Փենսիլվանիայում նա աջակցել է մի քանի աշխատանքային վեճերի տեքստիլ գործարաններում, որտեղ աշխատել են բազմաթիվ անչափահաս աղջիկներ։ 1903 թվականին հանքերում և գործարաններում աշխատող երեխաների համար կազմակերպել է «Մանկական խաչակրաց արշավանք» երթ Քենսինգթոնից, Փենսիլվանիա, մինչև Օյստեր Բեյ, քաղաք, որտեղ ապրել է նախագահ Թեոդոր Ռուզվելտը՝ «Մեզ ժամանակ է պետք խաղալու համար» և «Մենք ուզում ենք դպրոց գնալ» կարգախոսների ներքո։ Նախագահը հրաժարվել է հանդիպել երթի մասնակիցների հետ, որն էլ պատճառ է դարձել, որ առաջին պլան մղվի երեխաների աշխատանքի շահագործման խնդիրը։ 1912 թվականի հունիսին Մերի Ջոնսը ժամանել է Արևմտյան Վիրջինիա՝ աջակցելու տեղացի աշխատողներին գործադուլ անող հանքագործների և սեփականատիրոջ մասնավոր բանակի միջև զինված առճակատման ժամանակ։ Չնայած մահապատիժներին և երկու անգամ հայտարարված ռազմական դրությանը՝ նա ավելի քան վեց ամիս շարունակել է արհմիություններ կազմակերպել և ելույթներ ունենալ աշխատավորների ժողովներում։ Դրա արդյունքում 1913 թվականի փետրվարի 13-ին նա կանգնել է զինվորական դատարանի առաջ՝ հրաժարվելով ճանաչել դրա օրինականությունը։ Տրիբունալը, մեղադրելով նրան «սպանություն նախապատրաստելու դավադրության մեջ», դատապարտել է քսան տարվա ազատազրկման, ընդ որում 85 օրվա ազատազրկման ընթացքում նա հիվանդացել է թոքաբորբով։ Հետագայում Մերի Ջոնսը ևս մի քանի անգամ պահվել է մասնավոր ընկերության բանտերում և երկու անգամ պաշտոնապես բանտարկվել է։

ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջը, Մայր Ջոնսը, առաջին տիկինը և Թեոդոր Ռուզվելտ կրտսերը

Սակայն այս աղմկահարույց դեպքը գրավել է հանրության ուշադրությունը՝ ստիպելով իշխանություններին ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջադեմ թևի ներկայացուցիչ Ջոն Ու. Քերնի նախաձեռնությամբ հետաքննություն սկսել ածխահանքերում աշխատանքային պայմանների վերաբերյալ, իսկ Արևմտյան Վիրջինիայի նորընտիր նահանգապետը հրամայել է ազատ արձակել Մերի Հարիսին։ Նա անմիջապես վերադարձել է պայքարի և գնացել Կոլորադոյի նահանգում պայքարող հանքափորների մոտ։ Այստեղ էլ նրան ձերբակալել են և որոշ ժամանակ կալանքի տակ անցկացնելուց հետո վտարել նահանգից՝ 1913 թվականին Լադլոուում դաժանորեն ճնշված հանքագործների գործադուլից մի քանի ամիս առաջ։ Ջարդերից հետո նա անձամբ հանդիպել է հանքի տիրոջը՝ Ռոկֆելլերների դինաստիայի ներկայացուցչին, ստիպելով նրան այցելել Կոլորադոյի հանքափորներին և զիջումներ անել նրանց։ Նա կազմակերպել է նաև Արևմտյան Վիրջինիայի աշխատողների արհմիությունը «Մետուոնի ճակատամարտից» անմիջապես առաջ։

Նրա քաղաքական պայքարի աշխարհագրությունը միայն ԱՄՆ-ով չի սահմանափակվել։ Մտահոգված լինելով մեքսիկացի բանվորների վիճակով, նա օգնել է նրանց արհմիություններ ստեղծելու, գործադուլների կազմակերպման հարցում և նվիրատվություններ հավաքել մեքսիկացի հեղափոխականների համար, ովքեր պատրաստվել են տապալել բռնապետ Պորֆիրիո Դիասին։ Մեքսիկական հեղափոխության ժամանակ նա այցելել է Մեքսիկա՝ նոր նախագահ Ֆրանցիսկո Մադերոյի հրավերով։

ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաստառը, որտեղ պատկերված է Մայր Ջոնսը և նրա հայտնի ասացվածքը՝ «Աղոթեք մահացածների համար և պայքարեք ողջերի համար, ինչպես սատանաները», 2010

Ծերության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Մերի Ջոնսը դատարան է կանչվել զրպարտության, վիրավորանքի և խռովության մեղադրանքով։ Հաջորդ տարի «Չիկագո թայմս»-ի հրատարակիչը շահել է նրա դեմ 350,000 դոլար հայցի դատավարությունը։ Նույն տարում նրա վրա հարձակվել են երկու գանգստերներ, որոնց վարձել է տեղացի գործարարը. նրանց դեմ պայքարում 87-ամյա կինը ստիպել է նրանցից մեկին փախչել, իսկ մյուսին ծեծի է ենթարկել՝ սև կաշվե կոշիկներով հարվածից նա ի վերջո մահացել է։ 1925 թվականին նա հրատարակել է աշխատանքային շարժման իր հուշերը՝ «Մայր Ջոնսի ինքնակենսագրությունը»։ Վերջին անգամ նա հանրության առաջ ելույթ է ունեցել 1926 թվականին։ Այնուհետև թոշակի է անցել և բնակվել է Մերիլենդ նահանգի Ադելֆի քաղաքում գտնվող իր ընկերների ֆերմայում։ Մերի Ջոնսը հանրության առաջ չի հայտնվել մինչև 1930 թվականի մայիսի 1-ը, երբ նշվում էր իր ինքնահռչակ «հարյուրամյակը» (այդ ժամանակ նա իրականում եղել է 92 տարեկան)։

Մերի Ջոնսը մահացել է 1930 թվականի նոյեմբերի 30-ին։ Թաղված է UMWA-ի (Ամերիկայի Միացյալ հանքագործներ) հանքագործների գերեզմանոցում յոթ հանքագործների կողքին, ովքեր մահացել էին Իլինոյս նահանգի Վիրդեն քաղաքում Ազգային գվարդիայի հետ բախումների ժամանակ։ Նրա տապանաքարի վրա հուշարձան է կանգնեցվել՝ «Որ ոչ մի դավաճան չկանգնի իմ գերեզմանի մոտ» մակագրությամբ։

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մայր (Մայրիկ) Ջոնս» Մերի Հարրիսին կոչել են 1897 թվականից (պնդում են, որ նրան այդպես է կոչել ընդհարումների ժամանակ վիրավորված բանվորը, որի գլուխը նա վիրակապել է)։ Ենթադրվում է, որ նա միտումնավոր պահպանել է տարեց կնոջ իր կերպարը և այդ նպատակով իր ինքնակենսագրության մեջ նույնիսկ փոխել է ծննդյան տարեթիվը 1837-1830 թվական։ Նրան անվանել են նաև «հանքագործների պահապան հրեշտակ», իսկ Սենատի լսումների ժամանակ նրան հանդիմանել են որպես «բոլոր ագիտատորների տատիկ»։ «Մանկական խաչակրաց արշավանքից» հետո նա հայտնի է դարձել որպես «Ամերիկայի ամենավտանգավոր կինը»․ այդպես էր նրան անվանել Արևմտյան Վիրջինիայի օկրուգային դատախազ Ռիզ Բլիզարդը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Հարրիսի պատվին նրա անունով է կոչվում ամերիկյան ձախակողմյան «Mother Jones» ամսագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gorn E. J. Jones, Mother (01 August 1837–30 November 1930), labor organizer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500372
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. https://www.womenofthehall.org/inductee/mary-mother-harris-jones/
  4. Arnesen, Eric. «A Tarnished Icon», Reviews in American History 30, no. 1 (2002): 89
  5. Religion and Radical Politics: An Alternative Christian Tradition in the United States, Robert H. Craig, Temple University Press, Philadelphia, 1992
  6. Russell E. Smith, «March of the Mill Children», The Social Service Review 41, no. 3 (1967): 299
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Հարրիս» հոդվածին։