Մասնակից:Rob/Խովանշչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rob/Խովանշչինա


«Խովանշչինա» (ռուս.՝ Хованщина), ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու օպերան («ժողովրդական երաժշտական դրամա» (ռուս.՝ «народная музыкальная драма»)) հինգ գործողությամբ և վեց պատկերով։ Ռուսերեն լիբրետտոն գրել է ինքը` հեղինակը։

Օպերայի առաջնախողը տեղի է ունեցել 1886 թվականի փետրվարի 21–ին Պետերբուրգում։ Մուսորգսկին չի հասցրել ավարտել «Խովանշչինա» օպերան. նրա մահից հետո այդ գործը ստանձնել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, որը նաև կատարել է ամբողջ օպերայի գործիքավորումը։ Օպերան համարվում է Մուսորգսկու լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս հաճախ բեմադրվում է ռուսական և արտասահմանյան օպերային թատրոնների կողմից։

«Խովանշչինայի» երաժշտությունից առավել հայտնի դրվագներն են նախերգանքը («Արշալույսը Մոսկվա գետի վրա»), Մարֆայի գուշակության տեսարանը 2-րդ գործողությունից («Թաքնված ուժեր, մեծ ուժեր»), Մարֆայի երգը և Շակլովիտու մեներգը 3-րդ գործողությունից, 4-րդ գործողության անտրակտը («Գոլիցինի ուղևորությունը»), «Պարսկուհիների պարերը» 4-րդ գործողությունից:

Օպերայի սյուժեի հիմքում ընկած են 1682 թ. Ռուսաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, մասնավորապես ռուս ցար Պետրոս I կողմից հրացանակիրների (стрельцы) գնդի ընդվզման ճնշումը և ընդվզման կազմակերպիչներին մահապատժի ենթարկելը:

Ստեղծման պատմությունը և գործիքավորման տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Մուսորգսկի

«Խովանշչինան» Մուսորգսկու կողմից մտահաղացվել է 1872 թվականին: Կոմպոզիտորն աշխատում էր օպերայի վրա ընդմիջումներով մինչև իր կյանքի վերջ, սակայն այդպես էլ ավարտին չհասցրեց այն: Մասնավորապես անավարտ են մնացել երկրորդ և հինգերորդ գործողությունների երաժշտությունը: Ինքնագիրների մի մասը կորսվեց: Մուսորգսկին չհասցրեց նաև գործիքավորել երաժշտության մեծ մասը:

Ամբողջ օպերան ավարտին հասցրեց և գործիքավորեց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը: Հետևելով սեփական մասնագիտական նախապատվություններին և ժամանակի պահանջներին նա որոշ չափով կրճատեց օպերան, ավելացրեց անհրաժեշտ սյուժետային կապերը և այլն: Ռիմսկի-Կորսակովի տարբերակը հրատարակվեց 1883 թվականին:

1931 թվականին օպերան նոր գործիքավորման ենթարկվեց Բորիս Ասաֆևի կողմից:

Երրորդ անգամ օպերան գործիքավորել է 1958 թվականին Դմիտրի Շոստակովիչը, ով դրա համար օգտագործել է 1932 թ. Պ. Լամմի կողմից հրատարակված հեղինակային կլավիրը: