Մաշկաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Erythema nodosum - Kolkata 2012-01-03 7753.JPG
Otitis externa.jpg

Մաշկաբորբ, դերմատիտ, մաշկի ախտահարումը արտաքին միջավայրի գործոնների անմիջական ազդեցության հետևանքով։ Ագդակները կարող են լինել`

  • մեխանիկական (շփում, ճնշում),
  • ֆիզիկական՝ բարձր ու ցածր ջերմաստիճաններ, ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթներ, լույս, էլեկտրական հոսանք, քիմիական (թթուներ, հիմքեր, աղեր, պոլիմերներ և այլն),
  • կենսաբանական (բույսեր, միջատներ)։

Որոշ գրգռիչներ (հանքային թթուներ, ուժեղ հիմքեր, աղեր, մարտական թունավոր նյութեր, հրթիռային վառելանյութի բաղադրիչ մասեր) ոչ պայմանական բնույթի են, այսինքն՝ կարող են մաշկաբորբ առաջացնել յուրաքանչյուր մարդու մոտ։ Մյուսները պայմանական են՝ մաշկաբորբ են առաջացնում միայն մաշկի գերզգայնաթյան առկայությամբ։ Հատուկ խումբ են կազմում թունամաշկաբորբերը (տոքսիկոդերմիաներ), որոնք առաջանում են դեղանյութերի (անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային, յոդի, բրոմի պատրաստուկներ, ամինազին և այլն), քիմիական նյութերի, սննդանյութերի նկատմամբ օրգանիզմի զգայնության բարձրացումից։ Մաշկաբորբի կլինիկական պատկերը պայմանավորված է դրանց տեսակով (հասարակ կամ շփումային, ալերգիական կամ էկզեմային և այլն) ու ընթացքով (սուր և քրոնիկական)։ Սուր հասարակ մաշկաբորբի դեպքում հիվանդաբեր գործոնի ազդեցության հատվածում առաջանում են մաշկի վառ կարմրություն, այտուց, երբեմն նաև բշտեր, որոնք ուղեկցվում են այրոցի, ցավի ու քորի զգացումով։ Պատճառը վերացնելուց հետո բորբոքային երևույթները մեղմանում են՝ առաջացնելով թեփոտում։ Սուր ալերգիական մաշկաբորբի և թունամաշկաբորբերի դեպքում մաշկի ախտահարումը կրում է տարածուն բնույթ և ուղեկցվում ընդհանուր երևույթներով (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, քնի խանգարում, դյուրագրգռություն)։ Գործոնի տևական ազդեցությունից սուր մաշկաբորբերը դառնում են քրոնիկական, որոնց դեպքում բորբոքային երևույթները երկարատև են, կայուն, պարբերաբար կրկնություններ տալու և էկզեմայի վերածվելու հակումով։

Բուժում[խմբագրել]

Հակաբորբոքային, օրգանիզմի գերզգայնությունը նվազեցնող կամ վերացնող դեղանյութեր և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ։

Կանխարգելում[խմբագրել]

Անհատական ու զանգվածային մի շարք միջոցառումներ՝ պայմանավորված ազդող գործոնի բնույթով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png