Մամոնտի քարանձավի ազգային այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբոսաշրջիկները իջնում են քարանձավ

Մամոնտի քարանձավը աշխարհում հայտնի քարանձավային համակարգերից ամենաերկարն է: Այն գտնվում է ԱՄՆԿենտուկի նահանգում: Այն համանուն այգու հիմնական տեսարժան վայրն է:

Քարանձավի անվանումը ոչ մի կապ չունի մամոնտների հետ: Անգլերեն mammoth բառը երկու նշանակություն ունի՝ մամոնտ և հսկա: Այս դեպքում այն արտահայտում է քարանձավի հսկա չափսերը, ավելի ճիշտ, նրա մուտքի մոտ գտնվող մի քանի դահլիճների ու անցումների չափսերը:

Քարանձավի ուսումնասիրված մասը ձգվում է մոտ 587 կմ: Լրիվ երկարությունը հայտնի չէ, ամեն տարի մի քանի կմ երկարությամբ նոր անցումներ են հայտնաբերվում: Մամոնտի քարանձավը ստեղծված է բացառիկ ամուր ապարից:

Շատ քարանձավներից Մամոնտի քարանձավը տարբերվում է արտասովոր չորությամբ: Այստեղ շթաքարերը (ստալակտիտները) շատ չեն հանդիպում: Այնուամենայնիվ, այստեղ կան այնպիսի վայրեր, օրինակ «Սառած Նիագարա» կոչվող դահլիճը, ուր վնասված են քարե կամարները, ինչի հետևանքով ջուր է ներթափանցել քարանձավի ներս և առաջացել են գեղեցկագույն կարծրացած ջրվեժներ:

Ներսում ջերմաստիճանը 3 աստիճան է, մշտապես սառը քամիներ են զգացվում: Քարանձավով անցնում են լայն գետեր: Նրանցից մեկը` Ստիքսը թափվում է ստորգետնյա լիճ՝ Լետա: Մի ուրիշ գետ, Էխո (Echo River), դուրս է գալիս գետնի երես և արդեն այնտեղ շարունակում ճանապարհը Կանաչ գետ անվանումով: Մինչև 1990 թ. այդ գետով էքսկուրսիաներ էին կատարվում նավակներով, որոնք դադարեցվել են ֆինանսական և էկոլոգիական նկատառումներից ելնելով:

Քարանձավային գետերում ապրում է եզական մանր ծովախեցգետին, անաչք ալբինոս: Այդ տեսակը էնդեմիկ է, այսինքն ոչ մի ուրիշ տեղ չի բնակվում, բացի Մամոնտի քարանձավից: Բացի այդ կենդանուց այստեղ բնակվում են կույր ձկներ և խեցգետիններ:

Քարանձավն առաջացել է մոտ 10 մլն. տարի առաջ: Մարդիկ ծանոթ են քարանձավի գոյությանը 6000 տարուց ավելի: Քարանձավում հայտնաբերված են հնդկացիների մումիաներ, թաղված հնդկացիներ: Ամերիկացիների կողմից հայտնաբերված է 1797 թ. Սկսած 1798 թ. քարանձավի մուտքը գնել են այնտեղ սելիտրայի արտադրություն կազմակերպելու նպատակով:

Բայց հետագայում սելիտրայի գներն ընկան և քանի որ արդեն այնտեղ հայտնաբերվել էր հնդկացու մումիա այն վերածվեց տուրիստական տեսարժան վայրի: 1838թ. ին քարանձավը գնեց մի ստրկատեր, որն իր ստրուկ Ստիվեն Բիշոփին նշանակեց հաճախորդների ուղեկցող: Այսպիսով Բիշոփը դարձավ քարանձավի առաջին հետազոտողը և շատ հետաքրքիր վայրերի անվանումները հնարեց: Նա առաջինը անցավ այսպես կոչված Անհատակ փոսը և այդպիսով բացահայտեց, որ քարանձավը շատ ավելի երկար է, քան կարծում էին մինչ այդ: 40 տարուց ավելի օգտվում էին Բիշոփի քարտեզով, որտեղ նշված էին 16 կմ ձգվող դահլիճներ և անցումներ:

1839 թ-ին բժիշկ Ջոն Կրոգանը գնեց քարանձավը և ստրուկներին անհաջող փորձ կատարելով այն թոքախտավորների բուժարան դարձնել: 1941 թ. իշխանություններին և հետաքրքրված մարդկանց հաջողվեց գնել քարանձավի մւտքի շրջակա հողերը և ստեղծել ազգային այգի «Մամոնտի քարանձավ»: 1954,1955,1960 և1961թթ-ի գիտարշավները հայտնաբերեցին, որ քարանձավը միանում է մոտակա փոքր քարանձավների հետ` Բյուրեղայինի, Անհայտի և Աղիի:Իսկ 1972թ.-ի գիտարշավը բացահայտեց, որ Մամոնտի քարանձավից անցում կա դեպի Ֆլինտ-Ռիջ քարանձավային համակարգ, այսպիսով պարզելով, որ Կենտուկիի երկու հիմնական քարանձավային համակարգերը կազմում են մի ամբողջություն:

Այսօր քարանձավի յուրօրինակ գեղեցկությունը հրապուրում է հազարավոր մարդկանց աշխարհի բոլոր երկրներից:[փա՞ստ]

Հղումներ [խմբագրել]