Ղևոնդ Ավագի Հակոբյան (ծնված 26. 11. 1908, գյուղ Ղշլաղ (այժմ՝ Վանաձոր քաղաքի շրջագծում)), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1958)։ Ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժիներական ակադեմիան (1937)։ 1939-40-ին (որպես ավիագնդի հատուկ սարքավորումների ինժեներ) մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը և Ֆինլանդիայի դեմ պատերազմին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ՝ Հարավային ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբում հատուկ ծառայության ինժեներ-հրահանգիչ, 1943-ից՝ 4-րդ օդային բանակի գլխավոր ինժեների տեղակալ, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Թամանի, Կուբանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի ազատագրմանը, Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում մղված մարտերին։ 1945-47-ին ծառայել է Գերմանիայի խորհրդային զորախմբում, 1947-50-ին՝ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբում, 1951-63-ին եղել է Կիևի ինժեներաավիացիոն բարձրագույն ռազմական ուսումնարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետի պետ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |