Հովհաննես Քյուրքչյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Քյուրքչյանց
Դիմանկար
Ծնվել է1855
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա
Մահացել է1903
Մահվան վայրՃավա, Ինդոնեզիա
Մասնագիտությունլուսանկարիչ

Հովհաննես Քյուրքչյանց (1855, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1903, Ճավա, Ինդոնեզիա), հայ լուսանկարիչ։ Հայ իրականության մեջ պատմական հուշարձանների լուսագրման գործի հիմնադիրն ու սկզբնավորողը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Քյուրքչյանցը ծնվել է 1855 թվականին Կյուրինում։ Ունեցել է լուսանկարչի մասնագիտություն։ 1870 թվականին տեղափոխվել է Կովկաս։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծառայել է ռուսական բանակում որպես լուսանկարիչ։ Ռուսական բանակի հետ մտել է Անի, լուսանկարել Անիի ավերակ կոթողները։ Պատերազմի ավարտից հետո 1879 թվականին կրկին այցելել է Անի։ Չորս հոգուց բաղկացած խմբով հանգամանորեն վերարտադրել է Անիի համայնապատկերը։ Շուրջ հինգ ամիս աշխատելուց հետո ստեղծել է «Ավերք Հայաստանի. Անի» խորագիրը կրող 40 ստերեո լուսանկարներ։ Երևանում ունեցել է իր լուսանկարչական տաղավարը։ 1881 թվականին մասնակցել է ազգային ազատագրական շարժումներին, որի պատճառով հալածվել է ցարական կառավարության կողմից, ուստի հաստատվել է Վիեննայում։ 1884 թվականին տեղափոխվել է Ինդոնեզիա, բնակվել Սուրաբայայում[1]։ 1891 թվականին Քյուրքչյանցի անմիջական մասնակցությամբ Ճավա կղզում ստեղծվել է «Հայոց խրախուսական միությունը», որի նպատակն է եղել աջակցել արևմտահայության ազատագրական պայքարին։ Քյուրքչյանցը գրել է այդ կազմակերպության ծրագիրը, որը հրատարակվել է Մարսելում։ Միությունը գոյատևել է մինչև Քյուրքչյանցի մահը[1]։

Քյուրքչյանցը նկարել է Հոլանդիայի թագուհուն և նրան է նվիրել իր լուսանկարած Ճավա կղզու մի շարք տեսարաններ։ Եվ դիմանկարները, և Ճավա կղզու լուսանկարներն արժանացել են թագուհու հավանությանը, և նա Քյուրքչյանցին շնորհել է պալատական լուսանկարչի կոչում[1]։

2016 թվականին լուսանկարիչ Վահան Քոչարի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացված «Հայտնիները` հայ լուսանկարիչների աչքերով» լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նաև Հովհաննես Քյուրքչյանցի «Անիի ավերակների» շարքը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. «Լուսանկարիչ Վահան Քոչարի հոր արխիվը պատկանում է ժողովրդին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.