Հովհաննես Նուրտինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես վարդապետ Նուրտինյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս վարդապետ Նուրտինեան
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ 1747
Տիգրանակերտ
Մահ 1803
Լիվոռնո

Հովհաննես վարդապետ Նուրտինյան (արմտ. հայ.՝ Յովհաննէս վարդապետ Նուրտինեան, 1747, Դիարբեքիր, Դիարբեքիրի գավառ, Դիարբեքիրի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1803, Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), հայ եկեղեցական գործիչ, պատմիչ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1747 թվականին Տիգրանակերտում[1]։ Նրա ծնողներն են՝ Բաղեշից քրդերի պատճառով գաղթած Սահակ Քյոսյանցը և Մարթա Նուրտինյանը[3][4]։

Արղնիի Բարձրահայց վանքում աշակերտել է իր քեռուն՝ Աբրահամ եպիսկոպոս Նուրտինյանին։ Նվիրակությամբ Դիարբեքիրում եղած Հովակիմ եպիսկոպոս Քանաքեռցին (հետագայում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք) տեսնելով որբ Հովհաննեսին, կարեկցում է նրան և հետը Դամասկոս տանում, որտեղ էլ նրան ձեռնադրում է սարկավագ (1763)[3] և իր հետ տանում Երուսաղեմ, իբրև Սուրբ Հակոբյանց վանքի միաբան։ 1765 թվականին Հովակիմ եպիսկոպոսի հետ գնում է Կոստանդնուպոլիս։ 6 ամիս նրա մոտ մնալուց հետո Հովհաննեսը աշակերտում է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում հաստատված Սարգիս արքեպիսկոպոս Սարաֆյանին, նրա կողմից 1769 թվականին ձեռնադրվում վարդապետ և որի հետ էլ 1772 (1773) թվականին գնում է Իտալիայի Լիվոռնո քաղաք[1]։ 1773 թվականից մշտապես բնակվել է Լիվոռնո քաղաքում[3][4]։

Մահացել է Լիվոռնոյում, 1803 թվականին[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք մանր երկասիրությունների, որոնցից նշանավոր է 1779 թվականին գրված իր ուսուցչի՝ Սարգիս արքեպիսկոպոս Սարաֆյանի մասին ոտանավոր կենսագրությունը, որը 1908 թվականին հրատարակվել է Գրիգորիս Գալեմքյարյանի կողմից Վիեննայում՝ Մխիթարյան միաբանության տպարանում[1][2]։ Այս երկասիրությունը հայտնի է երկու օրինակով։ Առաջինը՝ Օրթագյուղի Անտոնյան միաբանության թիվ 653 ձեռագիրն է, իսկ երկրորդը՝ Վիեննայի Մխիթարյան մատենադարանի թիվ 773 ձեռագիրը, ընդ որում, առաջինը՝ ինքնագիր է[3]։

Երկը հանգավոր գրվածք է, բաժանված 10 գլուխների կամ, ինչպես հեղինակն է անվանում, երգերի։ Վերջին՝ 11-րդ երգը նվիրված է հեղինակի կենսագրությանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 702-703.
  2. 2,0 2,1 «Ազգային մատենադարան, ԾԵ.», Գրիգորիս Գալեմքյարյան, Վիեննա. Մխիթարեան տպարան, 1908.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Էջմիածին» ամսագիր, 2001, հունվար, էջ 93․
  4. 4,0 4,1 «Միաբանք եւ այցելուք Հայ Երուսաղէմի», Մկրտիչ Աղավնունի, Երուսաղեմ, 1929.