Կուրծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովի կուրծը

Կուրծ, գյուղատնտեսական կենդանիների կաթնագեղձը։ Որոճողների և զամբիկների կուրծը գտնվում է ազդրերի միջև, աճուկային հատվածում, իսկ մերուններինը՝ որովայնի «սպիտակ» գծի երկարությամբ (սիմետրիկ) աջ և ձախ մասերում։ Արուների մոտ կուրծը կճատ է։ Կովերի, ուղտերի և հյուսիսային եղջերուների կուրծը բաղկացած է իրարից բաժանված երկուական առջևի (որովայնային) և ետևի (ազդրային) մասերից։ Կաթը սինթեզվում է ալվեոլներում (մանրագույն խոռոչների արտազատող էպիթելներում)։ Դրանք կաթնածորանների շուրջը տեղադրված են ճառագայթաձև։ Կաթնածորանները միանալով խոշորանում են և բացվում կաթնամբարի մեջ։ Կաթը կուրծում պահվում է մազականության, ինչպես նաև պտուկներում սֆինկտերների առկայության շնորհիվ։ Կուրծը մատակարարվում է մեծ քանակության արյունով, քանի որ 1 կգ կաթի առաջացման համար կուրծով պետք է անցնի մոտ 500 լ արյուն։ Երինջների մոտ կուրծի գեղձային հյուսվածքն սկսում է աճել սեռական հասունացման սկզբնաշրջանում և ավելի ինտենսիվ՝ ծնից մեկ ամիս առաջ, իսկ հղի կովերի մոտ՝ ցամաքի շրջանի երկրորդ կեսին (ծնից մեկ ամիս առաջ)։ Մաքիների, այծերի, զամբիկների կուրծը կազմված է գեղձերի երկու համալիրից և երկու պտուկներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png