Կոպուլատիվ օրգաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոպուլատիվ օրգաններ, զուգավորման օրգաններ, կենդանիների հատուկ օրգաններ, որոնց օգնությամբ արուների սերմնահեղուկը անցնում է էգերի օրգանիզմ, որտեղ որոշ ժամանակ այն պահպանվում է կենսունակ վիճակում։ Կոպուլատիվ օրգանները հատուկ են միայն ներքին բեղմնավորություն ունեցող կենդանիներին։ Սերմնահեղուկի փոխանցումը էգին իրականանում է ինչպես իսկական կոպուլատիվ օրգաններով, այնպես էլ այլ օրգաններով, որոնք անամիապես կապված չեն սեռական համակարգի հետ։ Իսկական կոպուլատիվ օրգանները ունեն թարթիչավոր և ժապավենաձև որդերը, հոդվածոտանիների բարձր խմբերի ներկայացուցիչները, ողնաշարավորներից՝ սողունները, թռչունները և կաթնասունները։ Արուների կոպուլատիվ օրգանների ֆունկցիան կարող են կատարել վերջավորությունները (խեցգետնակերպեր, սարդեր), լողակների ելուստները (ձկներ), բերանային օրգանները (տզեր, անթև միջատներ), շոշափուկները (որոշ գլխոտանի փափկամորթներ)։ Կոպուլատիվ օրգանների մորֆոլոգիական առանձնահատկություններն ունեն կարգաբանական նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png