Կենտրոնակազմ կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնակազմ կառույցներ, սիմետրիայի ուղղաձիգ առանցք ունեցող կառույցներ։ Ընդհանուր առմամբ բազմազան են՝ սկսած քոչվոր ցեղերի վիգվամ, յուրտ տիպի բնակարաններից, ավարտած՝ պաշտամունքային, մեմորիալ, հանդիսատեսային, արդյունաբերական և այլ շենքերով։

Կենտրոնակազմ կառույցների հատակագծային սխեման քառակուսուն մոտ ուղղանկյունի (բազմանկյունի) կամ բոլորաձև է։ Սովորաբար կենտրոնակազմ կառույցներ տերմինով բնութագրում են սիմետրիայի ուղղաձիգ առանցք ունեցող այն ճարտարապետական շենքերը, որոնք մարդու էմոցիոնալ ընկալումը կենտրոնացնում են կառույցի գլխավոր գեղարվեստա-գաղափարական կերպարին (գլխավորապես՝ պաշտամունքային, մեմորիալ, հանդիսատեսային)։ Կենտրոնակազմ կառույցների ընդհանրացմանն են պատկանում կենտրոնագմբեթ (ճիշտը՝ կենտրոնակազմ գմբեթավոր) կառույցները, որոնց կոմպոզիցիոն գերիշխող տարրը և կառուցվածքային կորիզը գմբեթն է։ Այս տիպի կառույցներում գմբեթի կառուցվածքային աշխատանքից առաջացած հրման ուժերը սովորաբար հավասարաչափ և սիմետրիկ ուղղություններով են բաշխվում հակազդող հենարաններին և «մարվում»։

Կենտրոնագմբեթ պաշտամունքային կառույցների, չորս կամարակապ գմբեթավոր մույթերով և արտահայտված խաչաձև տանիքով տիպը անվանում են նաև խաչաձև-գմբեթավոր։ Հայաստանում այս տիպը 8-րդ դարում արդեն կազմավորված և ավարտուն էր։

Կենտրոնագմբեթ և բազիլիկ կառույցների կոմպոզիցիոն և կառուցվածքային բնորոշ առանձնահատկությունների միահյուսումից ստեղծվել է, այսպես կոչված, «գմբեթավոր բազիլիկ» տիպը։ Տվյալ կառույցի բնութագրումը նշված տերմիններից որևէ մեկով՝ որոշ չափով պայմանական է. օրինակ, Զվարթնոցը, Զորավարը, Հռիփսիմեի տաճարը, Մաստարան, Բագարանը և այլ կառույցներ կենտրոնագմբեթ են, որոնցից Հռիփսիմեի տաճարը, Բագարանը նաև խաչաձև-գմբեթավոր են։ Մրենի տաճարը, Օձունը, Բագավանը, Թալինի Կաթողիկե եկեղեցին, Անիի Մայր տաճարը են, լինելով «գմբեթավոր բազիլիկ», նաև խաչաձև-գմբեթավոր կառույցներ են (տվյալ դեպքում «խաչաձև» ասելով բնութագրվում է տանիքը և ոչ հատակագիծն իր նշմարվող կամ իրական խաչաձեությամբ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 377