Կատեգորիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեգորիաներ (հունարեն՝ χατηγορία— ասել, պնդել), փիլիսոփայության մեջ՝ առավել ընդհանուր հիմնական հասկացությունները, որոնց օգնությամբ փիլիսոփայական ուսմունքները տալիս են աշխարհի և նրա ճանաչողության համակարգված նկարագրությունը։ Կատեգորիաների մասին ամբողջական տեսություն է մշակել Արիստոտելը, ըստ որի կատեգորիաներ (էություն, քանակ, որակ, հարաբերություն, տեղ, ժամանակ, դիրք, վիճակ, ներգործություն և կրումն) կեցության հիմնական բնութագրություններն են, իսկ տրամաբանական առումով՝ կեցության մասին դատողություններում նրան վերագրվող (ստորոգվող) հատկանիշների ընդհանրական (սեռային) ձևերը։ Այստեղից էլ՝ միջնադարյան սխոլաստների «պրեդիկամենտներ» և հայ իմաստասերների «ստորոգություններ» տերմինները։ Արիստոտելի «Կատեգորիաներ» աշխատությունը Պորփյուրի «Ներածության» հետ միասին եղել է միջնադարյան մեկնաբանական գրականության գլխավոր նյութերից, իսկ հայ իրականության մեջ դրանց ավելացել են «Անանուն մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի», Դավիթ Անհաղթի «Մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի» և «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի» երկերը։ Հայ մեկնիչները հարազատ են մնացել արիստոտելյան ավանդույթին՝ քննելով կատեգորիաներ թե’ գոյաբանական և թե’ տրամաբանական առումներով։ Կանտը կատեգորիաներին տվել է միայն տրամաբանական մեկնաբանություն, դրանք համարել բանախոհության սոսկական ձևեր, որոնք կաղապարում են զգայական հայեցողության նյութը և այդպիսով հնարավոր դարձնում դատողությունների ձևակերպումը. հատկանշական է, որ Կանտի 12 կատեգորիաների աղյուսակը համապատասխանում է դատողությունների դասակարգմանը ըստ քանակի, որակի, հարաբերության, մոդալության։ Հեգելը կատեգորիաների ձևական-տրամաբանական աղյուսակը փոխարինել է դրանց դիալեկտիկորեն ծավալվող համակարգով, որը ներկայացնում է աշխարհի ներքին տրամաբանությունը, նրա օրինաչափ կարգը՝ այն իդեալական հենքը, որն առարկայանում է բնության մեջ և ապա ճանաչվում մարդկային գիտակցության մեջ՝ վերստին գտնելով իր իդեալական տեսքը։ Մինչդեռ Մարքսի «Կապիտալ»-ում կատեգորիաների համակարգի ծավալումը ներկայանում է որպես իրական պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերումը։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, կատեգորիաները բնության «երևույթների ցանցի» մեջ առանձնացված հանգուցակետերն են, որոնց վրա հանգչում է ճանաչողության համակարգը, հատկապես՝ աշխարհի գիտական պատկերը։ Մատերիալիզմի տեսությունը շարադրվում է մատերիա և գիտակցություն, սուբստանց և ատրիբուտ, օբյեկտ և սուբյեկտ և այլ կատեգորիաների օգնությամբ, մատերիալիստական դիալեկտիկայի կատեգորիաներն են՝ էություն և երևույթ, եզակի և ընդհանուր, պատճառ և հետևանք, անհրաժեշտություն և պատահականություն, հնարավորություն և իրականություն, բովանդակություն և ձև։ Կատեգորիաների համակարգը չի հավակնում ներկայացնելու աշխարհի մտահայեցողական ինքնուրույն պատկերը՝ անկախ բնական և հասարակական գիտություններից. կատեգորիաների միջոց են քննարկելու գիտություններում ծագող աշխարհայացքային, իմացաբանական, մեթոդաբանական հարցերը, փիլիսոփայությունից. կատեգորիաների լեզվի են թարգմանվում գիտությունների տեսական ընդհանրացումները։ Այսպես, արդի ֆիզիկական իմացության առանձնահատկությունները քննարկելիս ներգրավվում են օբյեկտ և սուբյեկտ, ռեալություն, պատճառականություն, անհրաժեշտություն և պատահականություն, հնարավորություն և իրականություն և այլ կատեգորիաներ։ Հնարավոր են փիլիսոփայության կատեգորիաների մասնավոր համակարգեր կոնկրետ նպատակներով։ Կատեգորիաների իրենց ուրույն համակարգերն ունեն փիլիսոփայության առանձին գիտություններ՝ սոցիոլոգիան, բարոյագիտությունը, գեղագիտությունը, տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, մշակութաբանությունը և այլն։ Լայն իմաստով կատեգորիաներ են կոչվում նաև ամեն մի գիտության հիմնակազմ (ֆունդամենտալ) հասկացությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png