Կաչաղակաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Вид на крепость Качахакаберд4.JPG

Կաչաղակաբերդ, բերդ Արցախի Հանրապետության Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև։ Լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, կարելի է ճանաչել տասնյակ կիլոմետրերից։ Հատկապես այն աչքի է ընկնում Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհով անցնելիս։

Լեռնագագաթը արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից շրջապատված է ուղղաձիգ հարթ ժայռերով՝ 50-60 մ բարձրությամբ։ Համեմատաբար թույլ կողմը հարավայինն է, որտեղ և գտնվում է մուտքը։ Սակայն չափազանց դժվար է մտնել ամրոց, քանի որ մուտք որպես այդպիսին չկա. առանց մագլցման անհնար է հասնել պարսպին։ Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքը փոքր է թվում, բայց իրականում այն բավականաչափ մեծ է։ Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ՝ քար նետելու համար։ Ուշադրություն էր հատկացված նաև ջրամատակարարմանը։ Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվում էին անձրևաջրով։ Կառույցը պատկանում է VIII դ.։ Արաբական արշավանքների ժամանակ, ժայռեղեն կղզին կառուցապատվեց և վերածվեց ամրոցի։ Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով։

Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին։ Համաձայն Մովսես Կալանկատուացու, IX դ.-ում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դստերը, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի ամրոցում»։ Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի։ Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։ Պատմությունը փոխանցել է նաև բերդի անվանման մեկ այլ ծագում։

Մի զավթիչ պաշարում է Կաչաղակաբերդը։ Երբ նա տեսնում է ամրոցի անառիկությունը, անշուշտ հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից։ Որոշում է սպասել մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն։ Անցնում է մի քանի ամիս։ Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս։ Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, զավթիչին զարմացնում է մի տարօրինակ երևույթ... Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս։ Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների չափազանց մեծ բազմություն։ Տեսնելով դա, զավթիչը ամրոց ուղարկեց մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ մտան բերդ։ Նրանց ներկայությունից կաչաղակները թռացրիվ եղան, իսկ թռչունների տակ պարկած մնացին մեռյալներ։ Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում։

Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս չմնաց կենդանի պաշտպան, և զավթիչը առանց դիմադրության վերցնում է գրեթե ազատագրված ամրոցը։ Երկար տարիներ մարդիկ նայելով գագաթին հիշում էին այն կենդանիներին, որոնք մի ժամանակ հանձնեցին բերդը։ Կաչաղակների անունով էլ ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ։