Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 16, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Քուին (անգլ.՝ Queen), բրիտանական ռոք խումբ, որը ստեղծվել է 1970 թվականին Լոնդոնում Ֆրեդի Մերկուրիի, Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի կողմից։ Այնուհետև նրանց խմբին միացել է Ջոն Դիքոնը (բաս կիթառ)։ Նրանց առաջին ստեղծագործությունները ստեղծվել են պրոգրեսիվ ռոքի, հարդ ռոքի և հևի մետալի ազդեցությամբ, սակայն շուտով խումբը սկսել է ձայնագրել նաև ավելի ավանդական երգեր։

Մինչև Queen խումբը ստեղծելը, Մեյը և Թեյլորը Smile խմբի կազմում էին։ Մերկուրին նրանց երկրպագուն էր։ Նա խմբին միացել է 1970 թվականին և առաջարկել «Queen» անվանումը։ Դիքոնը միացել է խմբին 1971 թվականի մարտին, մինչև խմբի նույնանուն ալբոմը թողարկելը։ Մեծ Բրիտանիայում Queen-ը առաջին անգամ հայտնել է իր մասին 1974 թվականին՝ Queen II ալբոմի հետ։ 1975 թվականին «Sheer Heart Attack» և «A Night at the Opera» ալբոմները նրանց միջազգային հռչակ են բերել։

1977 թվականին թողարկվել է «News of the World» ալբոմը, որը իր մեջ ներառվել են «We Will Rock You» և «We Are The Champions» երգերը։ Այս երգերը դարձել են տարբեր սպորտային առաջնությունների և իրադարձությունների օրհներգեր։ 1980 թվականների սկզբին Queen խումբը դարձել է աշխարհում ամենավաճառվող արենա ռոք խմբերից մեկը։ «Another One Bites the Dust»-ը դարձել է նրանց ամենավաճառվող սինգլը, իսկ նրանց 1981 թվականի Greatest Hits ալբոմը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող ալբոմը և ութ անգամ պլատինե հավսատագրում է ստացել ԱՄՆ-ում։ Նրանց ելույթը 1985 թվականի Live Aid համերգի ժամանակ տարբեր հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես լավագույն ելույթ ռոք երաժշտության ամբողջ պատմության մեջ։ 1986 թվականի օգոստոսին Մերկուրին վերջին անգամ է հանդես եկել խմբի հետ։ 1991 թվականին նա մահացել է թոքաբորբից, ինչը ՁԻԱՎի հետևանքներից մեկն էր։ Դիքոնը լքել է խումբը 1997 թվականին։ 2004 թվականից Մեյը և Թեյլորը հյուրախաղերով հանգես են գալիս Queen անվան տակ, վոկալիստներ Ադամ Լամբերտի և Փոլ Ռոջերսի հետ միասին։

Խմբի «Bohemian Rhapsody», «We Will Rock You», «We Are the Champions», «Another One Bites the Dust», «Radio Ga Ga», «The Show Must Go On» երգերը դասական ռոքի օրինակներ են: Queen-ի վաճառքների քանակը տատանվում է 170 միլիոնից մինչև 300 միլիոն ձայնագրումներ, դարձնելով նրանց ամբողջ աշխարհում ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը։ Միայն 2009 թվականին Queen-ը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, որից 42.8 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում։ 2007 թվականին Մեծ Բրիտանիայում BBC Two-ի կողմից անցկացված «Բոլոր ժամանակների լավագույն խումբը» հարցման արդյունքում Քուինը առաջ անցնելով Բիթլզին և Ռոլինգ Սթոունզին գրավել է առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991 թվականին՝ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո, Քուինը կարողացել է պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։ 2001 թվականին խումբը մտել է «Ռոքնռոլի փառքի սրահ»․․․ Ավելին