Կաթոլիկությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորպուս Քրիստիի եկեղեցին Քեյփ Թաունում

Կաթոլիկությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ՀԱՀ կաթոլիկ եկեղեցին համարվում է համաշխարհային կաթոլիկ եկեղեցու մի մասը։ ՀԱՀ-ում կաթոլիկների թիվը կազմում է շուրջ 3344000 մարդ (բնակչության ընդհանուր թվի 6,2 %-ը), ըստ Կաթոլիկական հանրագիտարանի տվյալների[1], 3101000 մարդ (6,4 %) ըստ Catholic Hierarchy կայքի տվյալների[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալացի ծովագնաց Բարդուղիմեոս Դիաշն առաջին եվրոպացին էր, որ 1488 թվականին շրջանցեց Աֆրիկայի հարավային վերջավորությունը և ծովափին տեղադրեց քարե խաչ։ 1501 թվականին պորտուգալացիներն այստեղ բացեցին առաջին կաթոլիկական մատուռը, իսկ 1635 թվականին առաջին կաթոլիկական եկեղեցին։ Սակայն 17-րդ դարի կեսերին ՀԱՀ-ի տարածքը գաղութացվեց հոլանդացիների կողմից, որոնք հավատարիմ մնալով կալվինիզմին, Աֆրիկայի հարավից արտաքսեցին բոլոր կաթոլիկ հոգևորականներին[1]։

Կաթոլիկների երկրորդ հայտնությունը Աֆրիկայի հարավում տեղի ունեցավ միայն 19-րդ դարում։ 1804 թվականին Բատավյան հանրապետությունը հայտարարեց կրոնական ազատության մասին և նույն տարում Կապի գաղութ ժամանեցին երեք կաթոլիկ հոգևորական։ Նապոլեոնյան պատերազմներից հետո Կապի տարածաշրջանն անցավ Մեծ Բրիտանիայի իշխանության ներքո և 1818 թվականին ստեղծվեց Բարեհուսո հրվանդանի առաքելական առաջնորդարանը, սակայն առաջնորդարանի նստավայրը գտնվում էր Մավրիկյան կղզում։ 1822 թվականին Կապստադում (Քեյփթաունում) կառուցվեց առաջին կաթոլիկ եկեղեցին[1]։

1837 թվականին Բարեհուսո հրվանդանի առաքելական առաջնորդարանից առանձնացավ Մավրիկիայի առաջնորդարանը, Դոմինիկյան միաբանության հոգևորական Պատրիկ Գրիֆտը դարձավ առաջին առաջնորդական տեղապահը, որի նստավայրը գտնվում էր Քեյփթաունում։ 1847 թվականին Բարեհուսո հրվանդանի առաջնորդարանը բաժանվեց երկու մասի, արևմտյան (Քեյփթաուն քաղաքի ժամանակակից արքեպիսկոպոսություն) և արևելյան (Պորտ Ելիզաբեթ քաղաքի ժամանակակից եպիսկոպոսություն), 1850 թվականին հիմնադրվեց Նատալիայի առաքելական առաջնորդարանը (Դուբրանի ժամանակակից արքեպիսկոպոսություն), որը ղեկավարվում էր օբլատների միաբանության (OMI) հոգևորականի կողմից և սկսեց իրականացնել միսիոներական գործունեություն, զուլուսների և այլ տեղական ցեղերի մեջ։ 1879 թվականից Հարավային Աֆրիկայում առաքելություն էին իրականացնում նաև ճիզվիտները[1]։

1886 թվականին Հարավային Աֆրիկայում ոսկե տենդի սկսվելուց հետո, այստեղ սկսվեց եվրոպացի վերաբնակիչների հոսք, որն էլ հանգեցրեց կաթոլիկների թվաքանակի ավելացման։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին տարածաշրջանի տարբեր մասերում ստեղծվեցին մի շարք կաթոլիկական կառույցներ, ինչպես անգլիական, այնպես էլ բուրական։ 1910 թվականին ստեղծվեց Հարավաֆրիկյան Միությունը, որը ստացավ Բրիտանական կայսրության դոմինիոնի կարգավիճակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հարավաֆրիկյան Միությունում հաստատվեց ապարտհեյդի ռեժիմ և կտրուկ սահմանափակվեցին սևամորթ բնակչության իրավունքները։ 1951 թվականին երկրում կաթոլիկ եկեղեցու կառուցվածքը լիովին բարեփոխվեց, ստեղծվեցին Բլումֆոնտեյնի, Դուրբանի, Քեյփթաունի և Պրետորիայի թեմերը և նրանց ենթակա 13 եպիսկոպոսությունները։ 2007 թվականին արքեպիսկոպոսության կարգավիճակ ստացավ նաև Յոհաննեսբուրգի եպիսկոպոսությունը[3]։

1958 թվականին կազմավորվեց Կաթոլիկական եպիսկոպոսների համաժողովը[4]։

1961 թվականին երկրում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցում էին միայն սպիտակամորթերը, Հարավաֆրիկյան միությունը վերակազմավորվեց Հարավաֆրիկյան Հանրապետության։ 1989-1994 թվականներին համաշխարհային հանրության ճնշման ներքո ապարտհեյդի ռեժիմը աստիճանաբար կազմալուծվեց։ 1994 թվականին Սուրբ Աթոռի ներկայացուցչությունը վերակազմավորվեց նվիրակության, ՀԱՀ-ը և Սուրբ Աթոռը հաստատեցին լիարժեք դիվանագիտական հարաբերություններ[5]։

1995 թվականին ՀԱՀ այցելեց Հովհաննես Պողոս II պապը, որտեղ նրան ջերմորեն ընդունեց իրավապաշտպան Նելսոն Մանդելան, որը կարճ ժամանակ առաջ ընտրվել էր որպես ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ[6]։ 2001 թվականին Ուիլֆրիդ Ֆոքս Նապյեն դարձավ պատմության մեջ ՀԱՀ-ից ընտրված առաջին կարդինալը[7]։

Ժամանակակից իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկները ՀԱՀ-ում կազմում են երկրորդ խոշորագույն կրոնական համայնքը երկրում, (բնակչության 6 %-ից պակաս), զիջելով գերիշխող բողոքականությանը (61 %) և գերազանցելով մուսուլմաններին (1,5 %)[1]։ Երկրում գործում են 736 ծխական համայնքներ, որտեղ ծառայում են 1098 վանականներ։ Կազմակերպական տեսանկյունից ծխական համայնքները միավորված են 5 արքեպիսկոպոսական թեմերի մեջ, որոնց ենթակա են 20 թեմեր, 1 առաքելական առաջնորդարան և 1 զինվորական հանձնակատար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Южно-Африканская Республика» //Католическая энциклопедия, Т.5. М.:2013, ст. 554—558.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]