Հանրաքվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրաքվե (ռեֆերենդում լատ.՝ referendum — այն, ինչ պետք է հաղորդվի), համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձևով ազատ կամարտահայտման միջոց։

Հանրաքվեի հասկացությունը[խմբագրել]

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտն է և ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Այն պետության և յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության ձևերից է։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա և պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները և ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Հանրաքվեները լինում են ժողովրդական, պետական կամ կիսովի նախաձեռնությամբ։

Հանրաքվեների դասակարգումը[խմբագրել]

Հանրաքվեները դասակարգվում են ըստ անցկացման մասշտաբի և լինում են

  • համապետական,
  • տարածքային,
  • տեղական,

ըստ անցկացման պարտադիր լինելու`

  • պարտադիր,
  • հայեցողական,

Պարտադիր են այն հանրաքվեները, որոնց անցկացումը տվյալ հարցի վերաբերյալ ուղղակիորեն թելադրվում է Սահմանադրությամբ կամ օրենքով, և հանրաքվեի դրվող նախագիծն ընդունված համարելու համար անհրաժեշտ է «ԿՈՂՄ» ձայների որոշակի քանակ։ Հայեցողական են այն հանրաքվեները, որոնց անցկացումը Սահմանադրությամբ կամ օրենքով պարտադիր չէ և կախված է իրավասու մարմնի որոշումից։

ըստ հանրաքվեի դրվող հարցի՝

  • Սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ).
  • օրենսդրական (Օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
  • այլ հարցերի վերաբերյալ։

ինչպես նաև ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձևի՝

  • պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որևէ մեկը)
  • այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որևէ մեկին)։

Հանրաքվեները պետք է տարբերակել հասարակական կարծիքի լայնամասշտաբ հարցումներից (այսպես կոչված խորհրդատվական հանրաքվեներից), որոնք թեև անց են կացվում հանրաքվեին մոտ ձևերով, սակայն իրավաբանական ուժ չունեն։

Հանրաքվեի նախաձեռնությունը կարող է բխել կենտրոնական իշխանությունից, հասարակությունից, դաշնային պետություններում՝ նաև դաշնության սուբյեկտներից։

Հանրաքվեն ԽՍՀՄ-ում[խմբագրել]

Հանրաքվեի ինստիտուտը ԽՍՀՄ Սահմանադրությամբ առաջին անգամ սահմանվեց 1936թ.` Սահմանադրության 49-րդ հոդվածում նշվում էր, որ «ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը անց է կացնում համաժողովրդական հարցում (հանրաքվե) իր նախաձեռնությամբ կամ միութենական հանրապետություններից առնվազն մեկի պահանջով»։ Համամիութենական հանրաքվե անցկացվեց միայն մեկ անգամ։


    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Համամիութենական հանրաքվե


Հանրաքվեն Հայաստանի Հանրապետությունում[խմբագրել]

Հատվածներ ՀՀ Սահմանադրությունից