Խոլորձ կետավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլորձ կետավոր
Խոլորձ կետավոր
Խոլորձ կետավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Խոլորձ (Orchis)
Տեսակ Խոլորձ կետավոր (O. punctulata)
Միջազգային անվանում
Orchis punctulata

Խոլորձ կետավոր (լատին․՝ Orchis punctulata), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-50 սմ բարձրությամբ, ամբողջական պալարներով, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Ծաղկակիցները սերմնարանից զգալիորեն կարճ են։ Ծաղիկները դեղնավուն են։ Ծաղկապատի արտաքին մասերը առաջացնում են 9-11 մմ երկարությամբ, ներսում մուգ պուտերով սաղավարտ։ Շուրթը հիմքում ունի մուգ գույնի ծծիչներ, խոր-եռաբլթակ, 2 գծային եզրային բլթակներ և խոշոր երկու մասից կազմված միջին բլթակ։ Խթանը ներքև ուղղված է և սերմնարանի կեսին հավասար երկարությամբ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Զանգեզուրի (Թասի լեռնանցք, «Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Վահրավար, Շվանիձոր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Անդրկովկասում, Թալիշում, Արևելյան միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում և Արևմտյան Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-2000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև նոսր անտառներում, թփերի մացառուտներում և անտառների խոնավ բացատներում։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է, քանի որ հայկական պոպուլյացիաները սահմանակից են Ադրբեջանի և Իրանի պոպուլյացիաների հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված է որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։

Պոպուլյացիայի մի մասը աճում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ կետավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ կետավոր» հոդվածին։