Խավարասերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խավարասերներ կամ ուտիճներ (լատին․՝ Blattoptera կամ Blattodea), միջատների կարգ ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Ուտիճի մարմինը հարթ է, ձվաձև, երկարությունը՝ 4 մմ-9, 5 սմ։ Ուտիճի բերանային օրգանները կրծող են, բեղիկները՝ բազմահատված։ Վերնաթևերը եղջերացած են, կաշեկերպ, ամուր։ Թաղանթային թևերը երբեմն կարճացած են կամ բացակայում են։ Ոտքերը վազող են՝ 5 հատվածանի թաթերով։ Հայտնի է ուտիճի մոտ 3000 տեսակ, հատկապես արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։

Հայաստանի տարածքում առկա է 5 ուտիճի տեսակ։ Ուտիճները ժիր են գիշերը, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների տակ, հողի մակերևույթի ճեղքերում, կրծողների բներում։ Սնվում են կենդանական ու բուսական մնացորդներով։ Ձվադրում են հատուկ պատիճների մեջ, որոնք կպած են փորին։ Ուտիճի թրթուրը զարգանում է մի քանի ամսից մինչև 4 տարում։ Որոշ արևադարձային ուտիճներ կենդանածին են։ Մի շարք ուտիճներ ապրում են բնակարաններում՝ վնասելով մթերքը, կաշվե իրերը, բրդեղենը, գրքերը և այլն։ Ուտիճների մի քանի տեսակներ վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ դիզենտերիայի) տարածողներ են։ Հակաուտիճային միջոցներից է վարակված վայրերը միջատասպաններով փոշոտելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 34