Լա Ռոտոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Ռոտոնդա
Տեսակvilla veneta?, palazzo museum? և Q124830284?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՎինչենցա[1]
ՀասցեVia Della Rotonda 45, 36100 Vicenza[2]
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Երկարություն25 մետր
Լայնություն25 մետր
Մակերես625 քառակուսի մետր
Մասն էՎենետո
Այցելողներ40 000 մարդ (2022)[2]
ՃարտարապետԱնդրեա Պալլադիո և Վինչենցո Սկամոցի
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Քարտեզ
Քարտեզ

Լա Ռոտոնդա (իտալ.՝ La Rotonda), քաղաքամերձ տուն կամ ամառանոց, որը կառուցվել է Անդրեա Պալլադիոյի կողմից Վիչենցա քաղաքի մերձակայքում գտնվող մի բարձունքի վրա Վատիկանի պաշտոնաթող աստիճանավորի՝ Պաոլո Ալմերիկոյի համար։ 1591թվականին Կապրա եղբայրների սեփականությունը դառնալով՝ Ալմերիկոյի ամառանոցը վերանավանվել է Կապրայի ամառանոց (Villa Capra): Երբեմն էլ այն անվանել են Ալմերիկո-Կապրայի ամառանոց։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տարածք հանդիսացող Ռոտոնդա ամառանոցը ընդհանուր առմամբ ճանաչվել է եվրոպական ճարտարապետության պատմության կենտրոնական կառույցներից մեկը։ Դա պալլադյան ճարտարապետների համար եղել է դաստակերտի ամենահարգի օրինակը։ Նրա տեսքով և նմանությամբ կառուցվել են հազարավոր շենքեր ամբողջ աշխարհում՝ ամերիկյան Մոնտիչելլոյից մինչև Ցարսկոյե սելո-ի Սոֆիայի տաճարը։

Կապրա ամառանոցը պատմության մեջ առաջին առանձնատներից մեկն է, որը նախագծվել է անտիկ շրջանի տաճարի ձևով։ Շենքին բնորոշ է կատարյալ համաչափությունը՝ հիմնված մանրամասն հաշվարկված մաթեմատիկական համամասնությունների վրա։ Ամառանոցն ունի չորս նույնանման ճակատամասեր՝ իոնային սյունազարդ նախասրահներով, որոնց ճաղաշարքերին անտիկ աստվածների արձաններ են։ Իտալիայի սահմաններից դուրս ամառանոցի առաջին կրկնօրինակները անգլիացի արիստոկրատների Չիզիկ հաուս և Մերեվորթ Կասլ դաստակերտներն են եղել։

Ամառանոցի ճակատային մասը:

Վինչենցո Սկամոցին, որը Պալլադիոյի մահից հետո ամառանոցի կառուցման և ձևավորման պատասխանատուն էր, այն պսակել է ռոտոնդա գմբեթով, ինչպես հռոմեական Պանթեոնը: Գմբեթի կլոր բացվածքից, ինչպես ստեղծողներն էին ծրագրել, արևի լույսը պետք է տարածվեր շենքի կենտրոնում գտնվող շրջանաձև հյուրասենյակի վրա։ Նրա պատերը զարդարված են որմնանկարներով, որոնք պատրանք են ստեղծում։ Մնացած բոլոր սենյակներն այնպես են նախագծվել, որ ամբողջ օրվա ընթացքում արևը դրանք հավասարաչափ լուսավորի։

Ի տարբերություն Վերածննդի ճարտարապետության շատ հուշարձանների, որոնք համահունչ չեն շրջապատող լանդշաֆտին, ամառանոցը հիանալի ներդաշնակում է դրան։ Հանդիսամուտքի դարպասներից մինչև ամառանոց ընկած է կառքերի համար նախատեսված լայն ծառուղի։ Պալլադիոն և Սկամոցին իրենց այս գործի մեջ հասել են բնության հետ այնպիսի ներդաշնակության, որն անտիկ շրջանից եվրոպական ճարտարապետությանն անծանոթ էր։

Հուշարձանի վերջին հայտնի տերը եղել է իտալացի Վալմարան գերդաստանի անդամ, Վիրջինիայի համալսարանի ճարտարապետության պաշտոնաթող պրոֆեսոր Մարիո դի Վալմարան (մահացած 2011 թվականին)։ Հետաքրքիրն է այն, որ այս համալսարանի գլխավոր մասնաշենքը նախագծել է Թոմաս Ջեֆերսոնը Ռոտոնդա ամառանոցի օրինակով։ Այս պալլադյան գլուխգործոցի աղդեցությամբ էլ Ջեֆերսոնը մշակել էր Վաշինգտոնի նախագահական պալատի նախագիծը, որն այդպես էլ կյանքի չի կոչվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ռոտոնդա» հոդվածին։