Լայման Ֆրենք Բաում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայման Ֆրենք Բաում
Ծնվել է 1856 թ., մայիսի 16 (1856-05-16)
Ծննդավայր Նյու Յորք,
ԱՄՆ
Մահացել է մայիսի 6, 1919
Մահվան վայր Հոլիվուդ (ԱՄՆ)

Լա՛յման Ֆրենք Բա՛ում կամ Լ. Ֆրենք Բաում (անգլ.՝ Lyman Frank Baum, 1856 թ. մայիսի 15, Չիտտենանգո (Նյու Յորք), ԱՄՆ - 1919 թ. մայիսի 6, Հոլիվուդ, ԱՄՆ), ամերիկացի գրող, կախարդական Օզ երկրի «ստեղծողը»։ Մանկական գրականության աշխարհահռչակ դասական, ում գրքերը բազում անգամներ էկրանավորվել են և որից սերվել են շատ ընդօրինակումներ և ծաղրանմանակումներ։

Կենսագրություն[խմբագրել]

Ընտանիքը։ Մանկությունն ու պատանեկությունը[խմբագրել]

Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856թ. Նյու Յորքում, գերմանական, շոտլանդա-իռլանդական, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում: Հայրը` Բենջամին Բաումը կայացած հարուստ նավթային գործիչ էր, որը հաջողության էր հասել Փենսիլվանիայի «նավթային տենդի» ժամանակ: Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում` Ռոզա Լոունում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին: Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը` մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է Նյու Յորքի Փիքսքիլի ռազմական ակադեմիա: Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն:

Ստեղծագործական կյանք[խմբագրել]

Վաղ հասակից է սկսել գրել: Նկատելով որդու ձգտումները` հայրը գնել է տպագրական մեքենա, որով հետագայում Ֆրենքը և նրա եղբայր Հենրին տպագրում են «Ռոզա Լոուն ընտանեկան ամսագիրը» Մինչև 17 տարեկանը տպագրում է ևս մեկ սիրողական ամսագիր: 20 տարեկանում տարվում է նոր զբաղմունքով` ընտանի թռչունների բուծմամբ: 1880 թվականի մարտից սկսում է հրատարակել թռչնաբուծության մասին ամսագիր, իսկ 1886 թվականին գրում է իր առաջին գիրքը համբուրգյան հավերի մասին: Տարվել է նաև թատրոնով, բայց շուտով թողել այն:

Անձնական կյանք[խմբագրել]

Հոր մահը, ընտանիքի սնանկացումը, դրան հաջորդած հրդեհը (որի արդյունքում նա կորցրել է թատերական ողջ գույքը) ստիպում են Ֆրենք Բաումին ընտանիքի հետ 1880 թվականին տեղափոխվել Դակոտա, իսկ ապա հաստատվում են Չիկագոյում: 1882թ. Բաումը ամուսնանում է և ունենում է երեք զավակ:

Ստեղծագործական վերելք[խմբագրել]

1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ինչը հետագայում դառնում է նրա ստեղծագործության առանցքը: 1897 թվականից մեկը մյուսի հետևից գրվում են հետաքրքիր հեքիաթներ, որոնց գործողությունները տեղի են ունենում հեքիաթային մի երկրում, որը հետո պիտի անվանվեր Օզ երկիր: 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ «Օզի կախարդը»: «Օզի կախարդը» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ ֆենթեզի վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ (ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ, անորոշ քանակի սցենարներ և բազմաթիվ տարբեր գրույթներ): Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» թարգմանվել է նաև հայերեն, 2013-ին հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության կողմից [1] :