Գունդուլիչը սերում է ազնվականական Գունդուլիչների տոհմից։ Ստացել է փայլուն կրթություն։ Նա իր գրական գործունեությունը սկսել է Տորկվատո Տասսոյի «Երուսաղեմի ազատագրություն» ստեղծագործության թարգմանությամբ։ Նրա գրչին պատկանող ամենանշանվոր գործը «Օսման»ն է, որը հերոսական պոեմ է, որ ներկայացնում է լեհերի և թուրքերի պայքարը 1621 թվականին Խոտինում։ Չնայած էպիկական ու քնարական տարրերի միաձուլմանը՝ պոեմը նշանավոր տեղ է զբաղեցնում սերբական ու հարավսլավոնական գրականության մեջ։ Ստեղծագործության գլխավոր հերոսը օսմանյան կայսրության սուլթան Օսման II-ը չէ, այլ Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Վլադիսլավ IV-ը։ «Օսման» պոեմի գրական նշանակությունը այն խորը ու հուզիչ քնարականությունն է, որով Գունդուլիչը խոսում է Վլադիսլավ IV-ի մասին, նրա հայրենիքի դրությունը և թուրքերի նկատմամբ վերաբերմունքը։ Այս առումով Գունդուլիչն ընդհանրապես չի կիսել իր հայրենակից առևտրականության կարծիքը և իրերին նայել է քրիստոնյա ասպետի աչքերով։ 1844 թվականին ստեղծագործության նոր հրատարակությունն են պատրաստել Իվան և Անտուն Մաժուրանիչները։ Նրանք պոեմը լրացրել են բառարանով, իսկ կրտսեր եղբայրը՝ Իվանը, ավելացրել է 14-րդ և 15-րդ գլուխների պակասող հատվածները։ Այս հրատարակության համար նախաբան է գրել Վեկոսլավ Բաբուկիչը։ Հետագայում հաջորդել են Արմին Պավիչի (1877, լույս են տեսել «Stari pisci hrvatski» մատենաշարով), Իվան Բրոզի (1887) և մի քանի այլ հրատարակություններ։