Թմրամոլության ձևավորման մեխանիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թմրամոլության ձևավորման մեխանիզմներ, թմրամոլություն, թմրամիջոցների չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։ Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։

Թմրամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմրամիջոցները սինթետիկ կամ բնական ծագում ունեցող նյութեր են, բույսեր, տարբեր պրեպարատներ։

1975 թվականին Կոստերլիցը և Հյուզը ուղեղի մզվածքում հայտնաբերեցին ափիոնային ակտիվությամբ օժտված նյութեր։ Հետագա ուսումնասիրությունները թույլ տվեցին նաև որոշել դրանց քիմիական բաղադրությունը։ Դրանք պեպտիդներ էին։ Ներկայումս դրանց անվանում են ափիոիդ նեյրոպեպտիդներ (էնդոգեն մորֆինանման միացություններ) և տարաբաժանում են 2 հիմնական խմբերի` էնցեֆալիններ (կարճ պեպտիդներ) և էնդորֆիններ (երկար շղթայով պեպտիդներ)։

Բացի սրանցից, ուղեղի մզվածքում հայտնաբերեցին նաև այլ նեյրոպեպտիդներ, որոնք ևս ունեին ափիոնային ակտիվություն (օրինակ, ցերեբրոողնուղեղային հեղուկի պեպտիդներ)։

Թմրամոլության կենսաբանական մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղը հրամաններ է տալիս էլեկտրական իմպուլսների լեզվով, իսկ բջջի ներսում գործում է այլ լեզու` քիմիականը։ Թարգմանիչ է հանդիսանում կառուցվածքը, որը կապում է նյարդային բջիջները սոմատիկ (մարմնական) բջիջների և իրար հետ։ Այս կառուցվածքը ստացել է «սինապս» (միացում) անունը։ Իսկ թարգմանությունը նա անում է հատուկ նյութերի` միջնորդների կամ հաղորդիչների միջոցով։ Գլխուղեղի այդպիսի հաղորդիչ է սերոտոնինը։ Նրա ազդեցությունը կապված է տրամադրության, հույզերի, դրդապատճառների, նպատակաուղղված վարքի, ուշադրության, ինչ-որ բան անելուց առաջ մտածելու պրոցեսի և այլի հետ։ Եթե սերոտոնինի փոխանակությունը խանգարված է, փոխված է սերոտոնինի և դոֆամինի հավասարակշռությունը, բոլոր հոգեկան ֆունկցիաները կտուժեն, իսկ օրգանիզմը կսկսի միջոցներ փնտրել տհաճ զգացողություները վերացնելու ուղղությամբ. առաջանում է հակում դեպի ալկոհոլը, թմրանյութերը, քաղցրավենիքը, ծխախոտը… Տարբեր կենսաքիմիական ճանապարհներով նիկոտինը, ալկոհոլը, գլյուկոզան կարող են ժամանակավորապես նվազեցնել կամ նույնիսկ լիովին կոմպենսացնել էմոցիոնալ լարվածությունը, վատ տրամադրությունը, ցրել ինչ-որ նպատակի հասնելու անկարողության զգացողությունը։ Սա իրենց վրա զգացել են նաև առողջ մարդիկ։ Պարզվել է, որ ուշադրության դեֆիցիտով հիվանդների մոտ զգալիորեն իջած է սերոտոնինի մակարդակը։

Ուսումնասիրելով ուղեղի ափիոնային համակարգը, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԿՆՀ-ում գոյություն ունեն նեյրոններ, որոնք ափիոիդ նեյրոպեպտիդների ազդեցությամբ էականորեն փոխում են իրենց գործառույթը։ Բայց այստեղ գտնվում են նաև նեյրոններ, որոնց կողմից արտադրվում են այդ նեյրոպեպտիդները։ Նեյրոնների երկու տեսակն էլ սերտորեն կապված են միմյանց հետ և առավել հաճախ գործում են միևնույն նյարդային կենտրոնների սահմաններում։ Որպես կանոն, միևնույն նեյրոնը հանդիսանում է և՛ որպես նեյրոպեպտիդ արտադրող, և՛ որպես նրա «թիրախ»։ Սակայն հնարավոր է ափիոիդ նեյրոպեպտիդների «թիրախ»-նեյրոնների առակայություն, որոնք իրենց կողմից չեն արտադրվել։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ որոշակի նեյրոպեպտիդի «թիրախ» է ոչ թե նեյրոնն ամբողջությամբ, այլ նրա արտաքին մեմբրանի չնչին մասը` ռեցեպտորը։ Ռեցեպտորի դերը կայանում է նրանում, որ նա ստացած տեղեկատվությունը վեր է ածում կենսաբանական պատասխանի։

Էնդորֆինները սինթեզվում են հիպոֆիզում և հիպոթալամուսում, իսկ էնկեֆալինները` հիպոթալամուսում։ էնկեֆալիններն ավելի շատ արտադրվում են ԿՆՀ-ում։ Բացի այդ, էնկեֆալիններ հայտնաբերվել են նաև ծայրամասային նյարդային համակարգում, ֆունկցիաների ներօրգանային կարգավորման վեգետատիվ համակարգերում։ Գլխուղեղի կառուցվածքներում էնդորֆինների տարածման այս սխամատիկ նկարագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդ պրոցեսը նման է հուզական (էմոցիոնալ) կենտրոնների փոխազդեցության պրոցեսին։ Հետագայում այս ենթադրությունը հաստատվեց նաև փորձարարական պրակտիկայում։ Փորձարարական կենդանիների մոտ էնդորֆինների ներերակային և ներուղեղային ներարկումը առաջացրեց դրական հուզական վիճակ և կախվածություն։

Վերջին տարիներին հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ էնդոգեն ափիոիդները անմիջական մասնակցություն են ունենում մոտիվացիայի (դրդապատճառների) ձևավորման և հիշողական համակարգի վրա։ Էնկեֆալինները, էնդորֆինների նման, ունեն բազմաթիվ ֆիզիոլոգիական գործառույթներ։ Դրանցից կարելի է առանձնացնել ռեֆլեքսների և գլխուղեղի ներզատական ֆունկցիաների կարգավորումը. նրանք առաջացնում են կարճատև ցավազրկող էֆեկտ, առաջացնում են <<էյֆորիայի վիճակ» (հիվանդագին բարձրացած տրամադրություն` ի պատասխան առաջացած սթրեսի)։

Թմրամոլության պաթոգենեզի բջջային և նեյրոհումորալ մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ օրգանիզմում ափիոիդ նեյրոպեպտիդները կատարում են շատ կարևոր ֆունկցիա` գլխուղեղի start- և stop- գոտիների, «պատժի» (բացասական էմոցիաներ) և «հաճույքի» (դրական էմոցիաներ) համակարգերի միջև հավասարակշռության պահպանում։ Հաշվի առնելով, որ օրգանիզմում կենսաբանական պրոցեսների մեծ մասը ենթարկվում է կենսառիթմիկ կարգավորման, զարմանալի չէ, որ յուրաքանչյուր մարդ, անկախ տեսանելի և անտեսանելի պատճառներից, ունենում է տրամադրության բարձրացում և անկում։ Առաջին դեպքում դա կարող է լինել էնդոգեն ափիոիդների շատ արտադրման հետևանք, երկրորդ դեպքում` դրանց սինթեզի նվազման կամ խիստ դեզակտիվացման հետևանք։ Մարդկանց մի մասը դառնում են ալկոհոլիկներ կամ թմրամոլներ հենց այն պատճառով, որ և՛ ներքին (կենսաբանական), և՛ արտաքին (սոցիալական) գործոնների հետևանքով երկարատև դեպրեսիայի (ընկճախտի) ժամանակ նրանք փորձում են դուրս գալ այդ վիճակից` ընդունելով թմրամիջոցի, ալկոհոլի, հոգեխթանիչների որոշակի չափաբաժիններ, կամ օգտվել են հակադեպրեսանտ ազդեցությամբ հոգեմետ միջոցներից։ Այս դեպքում էնդոգեն (օրգանիզմի ներսում արտադրվող) ափիոիդների բնական հարաբերական կամ բացարձակ անբավարարությունը լրացվում է նրանց էկզոգեն (արտաքինից ներմուծվող) ագոնիստներով (նմանակներով), որոնք հարյուրավոր կամ հազարավոր անգամներ գերազանցում են այդ նեյրոպեպտիդների բնական ծավալներին։ Թմրամիջոցի հզոր էյֆորիացնող ազդեցությունը կտրուկ տեղաշարժում է հուզական վիճակը դեպի դրական էմոցիաներ։ Մարդը լավ մտապահում է իր զգացողությունները, բայց հուզական կենտրոնների համակարգը ևս լավ «հիշում է» հոգեֆիզիոլոգիական հոմեոստազի (հաստատուն վիճակ) փոփոխությունը։ Իսկ հետո հնարավոր է շղթայական թմրամոլության պաթոգենետիկ մեխանիզմների շղթայի փակում։

Անկասկած է պարբերաբար էկզոգեն (արտաքինից ներմուծվող) ափիատ ագոնիստների ազդեցությանը ենթարկված նորմալ օրգանիզմում որոշակի հուզական վիճակների կարգավորման մեջ ուղեղի ափիատ համակարգերի մասնակցությունը։ Սակայն թմրամոլության ոչ բոլոր տեսակներն են կապված ափիոնի և նրա նմանակների (մորֆին, կոդեին, տեբաին և այլ) օգտագործման հետ։ Բազում թմրամոլություններ պայմանավորված են իրենց քիմիական բնույթով ափիատների հետ ոչ մի կապ չունեցող նյութերի նկատմամբ հակվածության և կախվածության զարգացմամբ։ Բայց այդ բոլոր նյութերն, ունենալով տարբեր քիմիական բաղադրություն, ունեն մի ընդհանուր հատկություն. նրանք բոլորն էլ բնորոշվում են մարդու հուզական ոլորտի վրա ազդելու հատկությամբ։

Թմրամոլության պաթոգենեզի մեխանիզմների ուսումնասիրման և հիմնավորման համար սկզբունքորեն կարևոր չէ, թե ինչի շնորհիվ է առաջանում գեդոնիկ էֆեկտը. դրական էմոցիաների կենտրոնների գրգռման, թե գլխուղեղի բացասական էմոցիոնալ կառուցվածքների ժամանակավոր ապաակտիվացման հաշվին։ Դրա համար դիտարկենք էկզոգեն ծագմամբ ափիատների նկատմամբ հակվածության և կախվածության ռեակցիայի զարգացման հիմքում ընկած պրոցեսները ԿՆՀ-ի ստոպ-գոտու վրա նրանց ունեցած ազդեցության օրինակով։

Նորմայում ափիատ ընկալիչների մի մասը մշտապես կապված է էնդոգեն ափիատների հետ։ Եթե նկատի ունենանք, որ ափիատ ընկալիչը, որպես կանոն, մտնում է ինչ-որ սինապտիկ գոյացության հետսինապտիկ մեմբրանի (թաղանթի) բաղադրության մեջ և դրա շնորհիվ մասնակցում է տվյալ սինապտիկ կապի կարգավորմանը, կարելի է հասկանալ, որ դրանով նա ազդում է նեյրոնի ինֆորմացիա ստանալու հնարավորության վրա։ Եթե ափիատ ընկալիչների մեծ մասը կապված է էնդոգեն ափիոիդների հետ, ապա կարող է առաջանալ այնպիսի վիճակ, երբ փոխվում է նեյրոնի գործունեությունը և նա ի վիճակի չի լինում կատարել իր գործառույթը (առաջացնել գրգիռ, որն արդյունքում օրգանիզմն ընկալելու է որպես բացասական էմոցիա)։

Դրական և բացասական հուզական կենտրոնների հավասարակշռության մեջ հուզական վիճակի ճոճանակը տեղաշարժվում է դրական հույզերի կողմը, և օրգանիզմն ընկնում է էյֆորիայի կամ այլ հաճելի զգացողությունների գիրկը։ Սակայն նյութի թեր- կամ գերարտադրման դեպքում խառնվում է հուզական հավասարակշռությունը, և բացասական հույզերը սկսում են գերիշխել։ Եթե այդ պահին օրգանիզմ են ներթափանցում ափիոիդ նեյրոպեպտիդների ագոնիստներ, նրանք արագ կերպով արգելափակում են ափիատ ընկալիչները և մարդուն վերադարձնում դրական հուզական վիճակ։ «Հուզական ճոճանակի» նմանատիպ տատանումները չէին ունենա տխուր հետևանքներ, չէին առաջացնի հոգեկան և ֆիզիկական կախվածություն թմրանյութերից, եթե ամեն նեյրոնը, ամեն հուզական կենտրոնը չլիներ հոմեոստազի փոփոխություններին ակտիվորեն արձագանքող ինքնակարգավորվող համակարգ։

Հարկ է ավելացնել, որ, ըստ հակադարձ կապի օրենքի, օրգանիզմում էնդոգեն ափիոիդների սուրոգատ փոխարինողների երկարատև առկայությունը բացասաբար է ազդում նրանց սինթեզի վրա, իսկ դեզակտիվացնող ֆերմենտային համակարգերը` ընդհակառակն` ակտիվանում են։ Արդյունքում թմրամոլը պետք է մեծացնի թմրանյութի չափաբաժինը, և մեծացնի դրա ընդունման հաճախականությունը։ Այսպես է առաջանում նախ հոգեկան, ապա ֆիզիկական կախվածությունը թմրանյութից։

Կախված ընդունվող թմրանյութի տեսակից, տարբերում են թմրամոլության մի քանի ձևեր, սակայն հարկ է նշել, որ դրանց ձևավորման փուլային կառուցվածքը ունի բազմաթիվ նմանություններ։ Յուրաքանչյուր ձև սկսվում է դրական-հուզական խթանման ռեակցիայից, դրան հետևում է հոգեկան կախվածության փուլը, և ցիկլն ավարտվում է թմրանյութի նկատմամբ ֆիզիկական կախվածությամբ և օրգանների ու հյուսվածքների օրգանական փոփոխությամբ։

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի ազդեցությամբ պաթոլոգիկ վիճակների առաջացման մեջ հատուկ նշանակություն ունի ներզատական (էնդոկրին) համակարգը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թմրանյութերի (մորֆին, հերոին, մետադոն և այլ) անգամ կարճաժամկետ օգտագործումը հանգեցնում է սեռական ֆունկցիայի նկատելի նվազում։ Մորֆինի և այլ ափիատների ազդեցությամբ մեծանում է աճի հորմոնի և պրոլակտինի արտադրությունը։ Դիտվել է նաև թմրանյութերի ազդեցությունը հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի սինթեզի վրա։ Կան փաստեր, որ թմրանյութերն ազդում են նաև այլ հորմոնալ համակարգերի վրա, օրինակ, ճնշվում է ենթաստամոքսային գեղձի ներզատական ֆունկցիան (նվազում է ինսուլինի արտադրությունը)։

Նորմալ օրգանիզմում գոյություն ունեն բազմաթիվ հակադարձ կապեր, որոնք էլ ապահովում են հոգեկան և ֆիզիկական հավասարակշիռ վիճակ։ Հայտնի է, որ ստրեսային իրավիճակներում արյան մեջ են անցնում ոչ միայն հակաստրեսային հորմոններ, այլ նաև սինթեզվում են էնդորֆիններ և էնկեֆալիններ։ Մյուս կողմից հորմոնները և էնդոգեն ափիոիդները կարծես հավասարակշռում են մեկը մյուսին։ Օրինակ, արյան մեջ հորմոնների խտության մեծացումը ճնշում է ափիոիդների արտադրությունը, և հակառակը, ափփիոիդների գերսինթեզը ճնշում է հորմոնների առաջացումը։ Թմրանյութերով թունավորված օրգանիզմում արմատապես խախտվում են այս պրոցեսները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

,