Թանթռնիկ լիդիական (լատին․՝ Sedum lydium), թանձրատերևազգիների ընտանիքի բազմամյա դեկորատիվ բույս, որը, թեև աչքի չի ընկնում գեղեցիկ ծաղիկներով, սակայն հիանալի, մշտադալար վեգետատիվ զանգված է տալիս, որը օգտագործվում է գորգային ծաղկադեկորատիվ ձևավորումներում։
Բույսը աչքի է ընկնում սեղմված ընձյուղներով, մանր, մսալի, մոխրավուն տերևներով։ Ծաղկում է հունիսին՝ սպիտակ և կարմրավուն մանր, աննշան ծաղիկներով։ Բարձրությունը 5֊10 սմ է։ Հայրենիքը Մեքսիկան է։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում են թանթռնիկի 17 տեսակ, որոնք բոլորն էլ բարձր դեկորատիվ բույսեր են։ Գետնատարած աճի շնորհիվ ստեղծում են հարթ, գեղեցիկ գորգեր՝ կանաչ, դեղին, գորշ, կապույտ երանգներով։
Թանթռնիկների որոշ տեսակներ լայն կիրառում են գտել ժողովրդական բժշկության բնագավառում։ Նրանց հյութալի տերևներն ունեն ցավազրկող հատկություն։ Դեռևս Հիպոկրատը խորհուրդ է տվել այս բույսը օգտագործվել ուռուցքները բուժելու նպատակով։ Տերևներն օգտագործում են հում, եփած և թթու դրած։ Այս բոլորի հետ միասին թանթռնիկները նաև հրաշալի մեղրատուներ են։ Որոշ տեսակներ հարուստ են C և A վիտամիններով։
Բազմանում են սերմերով և վեգետատիվ ճանապարհով՝ տերևներով և տերևակոթուններով, նույնիսկ գրեթե չորացած ցողուններով։ Աճում են միանգամայն անբերրի, չոր, քարքարոտ, մշակության համար ոչ պիտանի հողերում, քանի որ արմատային համակարգը խոր չի թափանցում և բույսը բավարարվում է անգամ հողի մակերեսի աննշան շերտի սննդանյութերի պաշարով[1]։