Թահա Մըրվան Մուդավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թահա Մըրվան Մուդավար
Ծնվել է1936

Թահա Մըրվան Մուդավար (1936), արաբ (Սիրիա) օրենսգետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Դամասկոսի (1960) և Կոլորադոյի (1976) համալսարանները։ Պետական պաշտոնյա է։ Գրել է «Հայերը պատմության ընթացքում» մեծածավալ աշխատությունը, որն արաբերեն լույս է տեսել 1982 թվականին, Բեյրութում։

«Հայերը պատմության ընթացքում» գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պարունակում է տեղեկություններ Հայաստանի բնակչության, քաղաքական պատմության, սոցիալական դրության, մշակույթի և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Թահա Մըրվան Մուդավարը բարձր է գնահատել իր իսկ բնութագրմամբ՝ «հայոց քաղաքակրթության լուսապայծառ երևույթը»։ Աշխատության զգալի մասը նվիրված է հայկական հարցին, հեղինակը ողբերգական է համարել սուլթան Աբդուլ Համիդ II-ի տիրապետությունը, որը «կառավարեց կայսրությունը 33 տարի երկաթյա ձեռքով»՝ ճնշելով կայսրության բոլոր ժողովուրդներին, «մասնավորապես արաբ ժողովրդին, բալկանյան ժողովուրդներին և հայ ժողովրդին», մանրամասնորեն անդրադարձել է 1894-1896 թվականների հայկական ջարդերին։

Թահա Մըրվան Մուդավարը լուսաբանել է նաև Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու հարցը, ինչի ձախողման համար մեղադրել է ոչ միայն թուրքական սուլթանին, այլև եվրոպական տերություններին, հատկապես Անգլիային, որն անհանգստանում էր իր մրցակցի՝ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումից Մերձավոր Արևելքում։

Անդրադառնալով հայերի 1915 թվականի ցեղասպանության պատճառների բացահայտմանը՝ Մուդավարը մեծ տեղ է հատկացրել պանթյուրքիզմի քաղաքականությանը։ «Երիտթուրքերը,- գրում է նա,- սկսեցին կիրառել թուրանիզմի քաղաքականություն և քարոզել հօգուտ նրա»՝ ձգտելով «ստեղծել նոր կայսրություն՝ բաղկացած թյուրքական ժողովուրդներից, որոնք բնակվում են Կովկասի լեռներից մինչև Թուրքեստանի սահմանները», սակայն «նրանում տեղ չէր մնում մյուս ժողովուրդների, ինչպես, օրինակ, արաբների և հայերի համար»։ Եվ անհրաժեշտ է դառնում հայերի, որպես թյուրքական ժողովուրդներին միմյանցից բաժանող խոչընդոտի, վերացումը։ Այդ հնարավորությունը երիտթուրքերին ընձեռեց առաջին համաշխարհային պատերազմը. «Իթթիհաթ վե թերաքքիի» կառավարությունն օգտագործեց այդ եզակի հնարավորությունը վերջ տալու բարեփոխումներին և հենց իրեն՝ «հայ ժողովրդին»։

Մուդավարը ցասումով դատապարտել է հայերի ցեղասպանությունը որպես համայն մարդկության դեմ ուղղված բարբարոսական արարք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։