Երևանի հ․32 գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրադարանի նոր շենքը
Հ.32 գրադարանում հաճախ կազմակերպվում են թատերական ներկայացումներ

Երևանի համար 32 գրադարան, հանրային գրադարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում[1]։

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի հ.32 գրադարանի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին և ծառայել որպես մշակույթի ակումբ։ 1946 թվականին ակումբում տարածք է հատկացվել գրադարանի համար։ Ժամանակի ընթացքում գրադարանի գրքային ֆոնդը ավելացել է, և ակումբի շենքն ամբողջությամբ հանձնվել է գրադարանին, որն էլ գործում է մինչ օրս[2]։

Արդեն 1960-ական թվականներին գրադարանը գործել է որպես Երևանի թիվ 45 գրադարան։ 1980 թվականին դարձել է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հ. 42 մասնաճյուղ գրադարան։ 1997 թվականին գրադարանը վերանվանվել է Շենգավիթի թիվ 32 գրադարան, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից՝ Երևանի հ.32 գրադարան ՀՈԱԿ։

Հիմնադրումից հետո սկզբնական շրջանում գրադարանն ունեցել է մեկ ընդհանուր բաժին, իսկ 1980-ական թվականներին առանձնացվել են երկու բաժիններ՝ ընթերցասրահ և աբոնեմենտ։ 1994 թվականին ստեղծվել է նաև մանկական բաժինը, որն իրականացնում է նախադպրոցական և դպրոցահասակ երեխաների սպասարկում։

Երևան քաղաքի մշակութային հիմնարկների վերանորոգման ծրագրի համաձայն` 2015 թվականին հ. 32 գրադարանի նախկին վթարային շենքն ամբողջությամբ քանդվել է, և տեղում կառուցվել է նոր շինություն։ Գրադարանի նոր շենքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 20-ին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի մասնակցությամբ։

Գրադարանի գործունեություն և գրքային ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ակտիվ համագործակցում է Շենգավիթ վարչական շրջանի քոլեջների, դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ։ Գրադարանն այսօր տեղեկատվական կենտրոնի դեր է կատարում Շենգավիթ վարչական շրջանի բնակչության համար, ապահովում է նրանց ընթերցանությունը, կազմակերպում է բազմաժանր միջոցառումներ։ Գրադարանում գործում են ընթերցասերների, ասմունքի և թատերական խմբակներ, ինչպես նաև ինտելեկտուալ մրցույթների և բանավեճի ակումբ։ Դրանց միջոցով գրադարանում հաճախ կազմակերպվում են թատերական ներկայացումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, թեմատիկ ընթերցանություններ, գրքի քննարկումներ, բանավեճեր, վիկտորինաներ։

Հ.32 գրադարանի գրքաժամացույցը

Գրադարանում հյուրընկալվել են Պերճ Զեյթունցյանը, Մետաքսեն, Լիպարիտ Սարգսյանը, Կառլոս Եղիազարյանը և ժամանակակից հայ այլ գրողներ։

Նունե Սարգսյանն իր հեքիաթի հերոսների՝ գրադարանի ընթերցողների հետ:

2019թ․ հոկտեմբերի 14-ին Երևանի հ․32 գրադարան է այցելել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը՝ դիտելու իր՝ գրադարանի կողմից բեմադրված «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես պատահեց» հեքիաթը։

Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 20.000 կտոր գիրք՝ տարբեր լեզուներով և բովանդակությամբ։ Ֆոնդում կան մի քանի բացառիկ նմուշներ Հակոբ Մանանդյանի անձնական գրադարանից՝ Գաբրիել Սունդուկյանի և Ստեփան Զորյանի ինքնագրերով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սարուխանյան, Պետրոս (20.11.2015). «Մենք ունենք մեր երազած գրադարանը». Հայաստանի Հանրապետություն.
  2. Խաչատրյան, Սուսաննա (5(14), հունիս-հուլիս 2005). «Գրքերի աշխարհն անեզր». Շենգավիթ համայնքի ամսաթերթ.
  3. Հովհաննիսյան, Սիմոն (07․10․2019). «Երևանյան գրադարանները միացել են Կոմիտասյան տոնակատարություններին». ostarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին.