Անայիս
Անայիս (Եվփիմե Ավետիսյան) (1872 - 1950), հայ բանաստեղծուհի, արձակագիր։
Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանի և Խորեն Նար Պեյից։ 1893-ին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։
Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է Պոլսի «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922-ին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքը վերջը, շարունակելով աշխատակցել է սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ և վերջալույս» ժողովածուում (Փարիզ)։ 1949-ին Փարիզում լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Հուշերս» վերնագրով։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 91։