Եղիշե Դուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yeghische Tourian.jpg

Եղիշե Դուրյան (1860 - 1930), հայ հոգևորական գործիչ, բանաստեղծ, բանասեր։ Պետրոս Դուրյանի փոքր եղբայրը։

Ծնվել է Կ. Պոլսում։ Աշխարհական անունը եղել է Միհրան։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876-ին պաշտոնավարել է նուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878-ին ընդունել է հոգևորական կոչում, ստացել Եղիշե անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։ Հաջորդ տարվանից ուսուցչական պաշտոնով մեկնել է Պարտիզակ, ապա` Արմաշ, Իզմիր։ Այնուհետև վարել է տարբեր պաշտոններ։ 1922-ին ընտրվել է Երուսաղեմի պատրիարք, որտեղ էլ ծավալել է գրական, մանկավարժական, հրատարակչական, կրթական գործունեություն։ Նրա պաշտոնավարության տարիներին կարգի է բերվել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը 1927-ից վերահրատարակել է այդ միաբանության «Սիոն» պարբերականը։ Հրատարակել է մի շարք դասագրքեր, ինչպես «Ընթացք ի գրոց բարբառ» (Ա տարի, Կ. Պոլիս, 1880, Բ տարի, 1883), «Ընտիր ասացվածք օտարազգի նշանավոր անձանց» (1882), «Պատմություն հայ մատենագրության» (Կ. Պոլիս, 1885)։ Այդ տարիներին և հետագայում գրած նրա չափածո ստեղծագործությունները լույս են տեսել Կ. Պոլսում 1909-ին, «Հովվական սրինգ» վերնագրով։ Պատմա-բանասիրական հոդվածներով աշխատակցել է արևմտահայ բազմաթիվ պարբերականների։ Նրա ստեղծագործությունները ետմահու լույս են տեսել Երուսաղեմում «Դուրյան» մատենաշարով, մի քանի հատորներով, որոնցից մեկը վերնագրված է «Սրբազան քնար» և պարունակում է հեղինակի ինքնուրույն և թարգմանական չափածո երկերը։ Նրա կյանքի և գործունեության մասին ընդարձակ հետազոտություն է գրել Թորգոմ Գուշակյանը, տպագրել է նախ` «Արև» օրաթերթում, իսկ 1940-ին` առանձին գրքով Երուսաղեմում։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող», էջ 292-293։