Գյուղատնտեսական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կրթություն, գյուղատնտեսության համար բարձրագույն և միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետների, որակավորված բանվորների, գիտական ու մանկավարժական կադրերի պատրաստման համակարգ։ Հայաստանում գյուղատնտեսական կրթության կազմակերպման հիմքերը դրվել են խորհրդական իշխանության տարիներին։ Ոլորտի համար կադրեր պատրաստող տեխնիկումներ են բացվել Գյումրիում (1922), Վանաձորում (1925), Երևանում (1928), Մասիսում (1928), Գավառում (1929), Ստեփանավանում (1929), Գորիսում (1931), Արմավիրում (1952)։ 1928 թվականին Երևանում բացվել է Անդրկովկասյան անասնաբուծ–անասնաբուժական ինստիտուտը, որը բարձր որակավորման մասնագետներ է պատրաստել նաև Վրաստանի, Դաղստանի, Միջին Ասիայի հանրապետությունների համար։ Ներկայում բարձրագույն կրթությամբ կադրեր պատրաստում է ՀԱԱՀ-ն (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) 36 մասնագիտություններով, իսկ միջին մասնագիտական մասնագետներ՝ մի շարք քոլեջներ (23-ով՝ նաև հեռակա ուսուցման դեպարտամենտում)։ Պետպատվերի շրջանակներում գյուղատնտեսական քոլեջներում պատրաստվում են շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման, բույսերի պաշտպանության, մեխանիզատորի, անտառ-հիդրոմելիորատորի, սպառողական ապրանքների որակի փորձաքննության մասնագետներ։ Իրականացվում է միջազգային գիտակրթական արդյունավետ համագործակցություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։