Գեղամ Հայկազունի (մ.թ.ա. 1908-1858), հայոց նահապետ, Ամասիայի որդին, Արամայիսի թոռը, Արամանյակի ծոռը, Հայկի տոհմից։ Ամասիայից ժառանգում է Արմավիրը, բայց շուտով այն զիջում է իր որդուն՝ Հարմային և հեռանում հյուսիս-արևելք։ Այնտեղ նորահայտ ծովակի ափին մի քանի գյուղեր է կառուցում։ Լեռները նրա անունով կոչվում են Գեղամա, իսկ ծովակը՝ Գեղարքունի։ Գեղամի կալվածքների մի մասը՝ Գեղարքունի ծովակի արևելք և հարավ ընկած տարածքները ժառանգում է նրա որդի Սիսակը։ Հետագայում իր կալվածքների արևելյան մասում, մի ձորակում Գեղամը կառուցում է դաստակերտ և կոչում իր անունով՝ Գեղամի, որը հետագայում նրա թոռ Գառնիկի անունով կոչվում է Գառնի։ Գեղամի սերնդից է եղել Արտաշես Ա-ի որսապետ Վարաժը։