Զարմայր Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարմայր Հայկազունի
Դիմանկար
Մահացել էմ. թ. ա. 1180
ԿրոնՀայկական դիցաբանություն

Զարմայր Հայկազունի (մահ.՝ մ.թ.ա. 1180), հայոց 29-րդ[1] թագավորը մ. թ. ա. 1194–մ. թ. ա. 1180 թթ.:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենազարմանալի համընկնումներից մեկը, որ գոյություն ունի Չամչյանի գահացանկի և տարածաշրջանի այսպես կոչված «համընդհանուր ընդունված» պատմության հետ, դա Չամչյանի նշած Զարմայրի գահակալության տարիներն են։ Պատմահայրը ուղղակիորեն նշում է, որ Զարմայրը, մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել է այդ պատերազմի ժամանակ.

Զարմայր. սա Տևտամոսից[նշում 1] օգնական ուղարկվեց Պրիամոսին եթովպական զորքի հետ և մեռավ հելենացոց քաջերից[2]

Չամչյանը ավելացնում է.

... և մեր Զարմայրը, որ ասորեստանցիներին հպատակ էր, քիչ մարդով եթովպական զորքի հետ օգնական է եղել Պրիամոսին և այնտեղ հելենացոց քաջերից վիրավորվելով մեռնում է, բայց կկամենայի թե Աքիլլեսից և ոչ թե մի ուրիշ քաջից[3]։

Տրոյական պատերազմն ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում է մ. թ. ա. 12-րդ դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը, վերադառնալով ավանդական տեսակետին, ավելի կոնկրետացնում է համապատասխանաբար մ. թ. ա. 1190-1180 և մ. թ. ա. 1180 թվականներին[նշում 2]։ Այս տեսակետի ամենածանրակշիռ հիմնավորումներից մեկն այն է, որ Խեթական թագավորության վերջին արքա Սուպիլուլիումա Բ-ն, որը գահ է բարձրացել մ. թ. ա. 1190 թվականին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրանից հետո Խեթական թագավորությունը տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից։ Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ. թ. ա. 1190-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված ծովի ժողովուրդների (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) զանգվածային ու չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք, ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես Գ-ի (մ. թ. ա. 1184-1153) «Անալներ»-ի, կործանեցին Խեթական թագավորությունը և հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան։ Այսպիսով Զարմայրի զոհվելու տարին ևս ճշգրիտ կերպով համընկնում է այն թվականի հետ, երբ ընկել է Տրոյան։ Հետաքրքիր է նաև, որ ըստ Մխիթար Այրիվանեցու Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ ընկավ Տրոյան, իսկ «հռոմեացիների վրա թագավորեց Էնեասը[4]» (մ. թ. ա. 1179-1176)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Constantine Samuel Rafinesque, [1] (Genius and spirit of the Hebrew Bible), Ֆիլադելֆիա, 1838 — 235, էջեր 235 — 264 էջ։
  2. Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 19
  3. Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 32
  4. Մխիթար Այրիվանեցի, «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ, 1869

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բացառված չէ, որ ի դեմս «Տևտամոս»-ի մենք գործ ունենք Ասորեստանի հերթական արքա Նինուրտա-ապիլ-էկուլայի (մ.թ.ա. 1192-1180) հետ։ Իրոք, եթե Մարական թագավորության արքա Ուվախշատրայի (մ.թ.ա. 625-585) անունը հույները մեզ են փոխանցում անճանաչելիության աստիճան աղաղվաղված տեսքով («Կիաքսար»), իսկ հայկական պատմական ավանդույթն էլ այս արքային գիտի որպես «(Վ)Արբակես», ապա ինչու հանկարծ ակնհայտորեն «խոսող անուն» ունեցող Նինուրտա-ապիլ-էկուլան չի կարող դառնալ «Տևտամոս»։ Հարկ է ավելացնել նաև, մ.թ.ա. 12-րդ դարի սկզբում Բաբելոնի ու Եգիպտոսի անկման ֆոնին Ասորեստանը Մերձավոր Արևելքում լրջագույն պայքար էր մղում գերիշխանության համար և մեծապես շահագրգռված էր ծովի ժողովուրդների դեմ պայքարով։
  2. Ինչպես հայտնվում է ԱՄՆ գիտությունների ակադեմիայի պաշտոնական կայքէջում, Նյու Յորքի Ռոկֆելերյան համալսարանի դասախոս Մարչելո Մանյասկոն և Լա Պլատա աստղադիտարանի աշխատակից Կոնստանտինո Բայկոուզիսը կարողացել են հաշվարկել Ոդիսևսի վերադարձի տարեթիվը Իթաքա և եկել են այն եզրակացության, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1178 թվականին (տես՝ Գիտնականները ճշտել են Ոդիսևսի Իթաքա վերադառնալու տարեթիվը)։ Այսպիսով պարզ է դառնում, որ Տրոյան ընկել է մ.թ.ա. 1180-ին, իսկ Ոդիսևսի «Ոդիսականը» տեղի է ունեցել լիովին ողջամիտ ժամկետում՝ երկու տարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 670