Արհեստական ընտրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստական ընտրություն, ընտանի կենդանիների և կուլտուրական բույսերի նոր ցեղերի ու տեսակների ստացման կոմպլեքս եղանակներ։ Արհեստական ընտրության տեսությունը տվել է Չարլզ Դարվինն իր էվոլյուցիոն ուսմունքում։ Հակառակ բնական ընտրության, արհեստական ընտրության նպատակն է ամրացնել ոչ թե տվյալ օրգանիզմին օգտակար հատկությունները, այլ այն հատկությունները, որոնք պետք են մարդուն (օրինակ՝ խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը, մսատվությունը ձիերի արագաշարժությունը, ուժը, թռչունների ձվատվությունը, մսատվությունը, երգեցողությունը)։ Արհեստական ընտրության հիմքում ընկած է փոփոխականությունը։ Մարդը, կենդանիների ու բույսերի մեջ ամրապնդելով և ուժեղացնելով իրեն հետաքրքրող հատկանիշները, ստացել է նոր ցեղեր ու տեսակներ։ Ընտանի տեսակների բազմազանությունը պայմանավորված է մարդու գիտակցական վերաբերմունքով և հաստատում է արհեստական ընտրության ստեղծագործական դերը։ Դարվինն ընտանի տեսակների ստացման վերաբերյալ գիտելիքներն ու մեթոդներն ամփոփեց տեսականորեն մշակված և փաստերով հիմնավորված մի համակարգում, որը դարձավ սելեկցիայի հիմքը։ Դարվինը տարբերել է արհեստական ընտրության 2 եղանակ, անգիտակից և մեթոդական։ Մարդկային հասարակության զարգացման վաղ էտապներում մարդը, նպատակ ունենալով բարելավել կամ ստեղծել նոր տեսակ, իր տնտեսական շահերից ելնելով պահպանել է տվյալ կենդանիներից և բույսերից ավելի մթերատուներին և պիտանիներին, վերացրել նրանց վատ հատկանիշները։ Դա արհեստական ընտրության պարզ ձևն է՝ չգիտակցված ընտրությունը, որն ընթանում է դանդաղ, երկարատև է, տարերային։ Մեթոդական ընտրության բնորոշ գիծը նպատակասլացությունն է․ մարդն իր առջև խնդիր է դնում լավացնել ցեղը իր ցանկացած ուղղությամբ կամ ստեղծել նորը։ Այդ նպատակով խաչասերման համար ընտրվում են ծնողական զույգեր, որոնց մեջ սելեկցիոներին հետաքրքրող հատկություններն ավելի ցայտուն են արտահայտված (նույնպիսի ընտրություն կատարվում է և հաջորդ սերունդներում)։ Մեթոդական ընտրությանը մարդը դիմել է նոր ցեղերի ու տեսակների ստացման օրենքները ճանաչելուց հետո։ Մեթոդական արհեստական ընտրությունը ավելի արագ է ընթանում, դրա միջոցով են ստեղծվում համարյա բոլոր կուլտուրական բույսերի տեսակներն ու ընտանի կենդանիների ցեղերը։ ԽՍՀՄ-ում արհեստական ընտրության ուսմունքի զարգացման գործում մեծ են Ն․Ի․Վավիչովի և Ի․Վ․Միչուրինի ծառայություննները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png